Մարտի 1-ի գործի քննությունն արագացնելու համար գլխավոր դատախազն առաջարկում է ձևավորել քննչական խումբ։
Աննա Վարդապետյանը օրերս խորհրդարանում ասաց՝ 800 հատոր գործի քննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում այժմ մեկ քննիչի վարույթում է։
«Վարույթներով կան ժամկետներ և, ըստ ժամկետների հրատապության, այդ դրվագները քննարկվում են։ Բացի այդ ես հանձնաժողովում նշել եմ, որ գրություն եմ հասցեագրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ պարոն Սասուն Խաչատրյանին, խնդրելով դիտարկել քննչական խումբ ձևավորելու հնարավորությունը, քանի որ այս ծավալի վարույթը մեկ քննիչի կողմից քննելն ուղղակի անիրատեսական է», - ասաց Վարդապետյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարտի 1-ի գործը, ամենայն հավանականությամբ, ՀՔԾ-ի փոխարեն կքննի Հակակոռուպցիոն կոմիտենՎարդապետյանի զեկույցում, սակայն, ոչ մի խոսք չկար ո՛չ Մարտի 1-ի, ո՛չ էլ Հոկտեմբերի 27-ի գործերի մասին։ Գլխավոր դատախազը խոստովանեց՝ այս պահին այդ գործերի մասին հասարակությանն ասելիք չունեն։ Վարդապետյանը, սակայն, վստահեցնում է՝ Մարտի 1-ի գործը հիմա առաջնայիններից է։
«Մարտի 1-ը այս երկու գործերից ինձ համար առաջնայինն էր՝ հաշվի առնելով հենց էդ ժամկետների առկայությունը։ Գիտեք, նոր Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված են քրեական հետապնդման ժամկետներ, և եթե այդ ժամկետների ընթացքում անձի վերաբերյալ գործը չի ուղարկվում դատարան, անձը ենթակա է ռեաբիլիտացիոն հիմքով կարճման հետապնդումը և անձը համարվում է արդարացված», - ասաց Վարդապետյանը։
2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանի գլխավորած իշխանությունը հայտարարեց Մարտի 1-ի գործին նոր թափ հաղորդելու մասին։ Վարչապետն էլ հայտարարել էր՝ թե Մարտի 1-ը բացահայտված է, բայց դատարան ուղարկվեց միայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործը։ Սակայն, երբ նրանց վերագրվող Սահմանադրական կարգը տապալելու հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական, դատարանն արդարացրեց Քոչարյանին ու մյուսներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռոբերտ Քոչարյանն արդարացվեցԻսկ 2008-ի մարտի մեկի արյունալի դեպքերի վերաբերյալ հիմնական գործը, որ առնչվում է սպանություններին և մի շարք այլ դրվագների, տարիներ շարունակ նախաքննության փուլից առաջ չի գնում։ Ադ գործով այժմ 11 մեղադրյալ կա, այդ թվում՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Մարտի 1-ի գործի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, ինչպես նաև ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը։
Վերջինս միակ մարդն է ում առաջադրվել է մեղադրանք սպանության համար։ Իրավապահներն արդեն 4 տարի Պետրոսյանին են մեղադրում 10 զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության համար, բայց նախկին ոստիկանը մեղքը չի ընդունում և ազատության մեջ է։
Պետրոսյանի փաստաբան Վաղարշակ Գևորգյանն «Ազատությանը» փոխանցեց՝ եթե մինչև հոկտեմբեր գործը չուղարկեն դատարան, ապա պաշտպանյալը պետք է արդարացվի։ Այս տարեսկզբից ուժի մեջ մտած կարգավորումների համաձայն, եթե գործը դատարան չի գնացել, ապա անձը 10 ամսից ավելի չի կարող մեղադրյալի կարգավիճակ ունենալ։
«Կարա՞ն գործն ուղարկեն դատարան, ոնց կարան ուղարկեն, իրենք ինչի չգիտե՞ն, որ էդ գործը դատարան գնացող գործ չի, ինչի իրանք չգիտե՞ն, որ ապացույցներ չունեն, որ ապօրինի, անհիմն մեղադրանք են առաջադրել մարդուն», - ասաց Գևորգյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սարգիս Քլոյան․ Շատ ծնողներ աջակցության կարիք ունենՊետրոսյանի փաստաբանը մեկ ամիս առաջ է դիմել Հակակոռոպցիոն կոմիտե և խնդրել ապացույցների բացակայության պատճառով կարճել գործը, բայց մերժել են։ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը վստահ է, որ սպանության հրաման արձակողները հայտնի են, բայց իրավապահները պետք է արագացնեն գործի քննությունը։
«Մեղավորները պատժված չեն, օրինակ, մենք չգիտե՞նք, որ սահմանից զորք է եկել, տանկեր են եկել։ Կամանդիրներին բոլորին գիտենք։ Բոլորին մենք գիտենք, գիտենք որն, ինչ ձևի մասնակցություն է ունեցել օլիգարխներից, աջակիցներն օլիգարխների, գիտենք զորամասերից ինչ հագուստներ են հագել, մենք գիտենք, որ դիպուկահարներ են եղել, ամեն ինչից մենք տեղյակ ենք, գիտենք։ Հրաման տվողները թող պատժվեն, իմ ասածը դա է, անմիջապես կրակողը զինվոր է եղել։ Գիտե՞նք ովքեր են հրաման տվողները, գիտենք», - ասաց Գոռ Քլոյանի հայրը։
Վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ, այս գործով քրեական հետապնդումից արդեն ազատվել են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հայկ Միլիտոնյանը, նրա տեղակալ Հովհաննես Թամամյանն ու նախկին փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը։ Չորսն էլ մեղադրվում էին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Դեռ որքա՞ն է ձգվելու այս քննությունը». «Մարտի 1»-ի զոհերի հարազատները ցանկանում են հանդիպել քննիչին