Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) երկու շաբաթ առաջ հաղորդեց, որ 2008 թվականի մարտիմեկյան արյունալի իրադարձությունների քրեական գործի նախաքննությունը Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մասով ավարտվել է:
Ըստ ՀՔԾ հաղորդման՝ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը ձեռք բերված ապացույցները համարել է բավարար Հայաստանի երկրորդ նախագահի և մյուսների մասով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար:
Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, Օհանյանը և Խաչատուրովը՝ սահմանադրական կարգը տապալելու, Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկը մեղադրանքները չի ընդունում:
«Ազատություն»-ը զրուցել է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի հետ։ Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից․
«Ազատություն»․ - Քանի որ այսօր մարտի 1-ն է, կուզեի անդրադառնալ քրեական գործին և մասնավորապես այն նորություններին, որոնց արդեն հասցրել եք ծանոթանալ՝ գործի նյութերին: Արդյո՞ք դրանցով հիմնավորվում են այն բոլոր մեղադրանքները, որոնք այսօր կան:
Վահե Գրիգորյան․ - Ձեր հարցին ընդհանրական պատասխանեմ, որովհետև առանձին էպիզոդների և հանգամանքների անդրադառնալ չեմ կարող: Չնայած նախաքննության ավարտը հայտարարված է, այդուհանդերձ, նախաքննության նյութերը դեռ հրապարակային չեն և հրապարակման ենթակա չեն, քանի դեռ նախաքննությունը իրապես չի ավարտվել նախաքննության գաղտնիքի պաշտպանության իմաստով, գործը դատարան չի ներկայացվել:
Այս պահի դրությամբ գործում եղած ապացույցները առավել քան բավարար են առաջադրված մեղադրանքները հիմնավորելու և այդ մեղադրանքներով մեղսագրվող արարքներում մեղավոր ճանաչելու համար անձանց: Սա իմ դիրքորոշումն է, մասամբ ես քննարկել եմ որոշ վստահորդներիս հետ, ում հետ որ քննարկել եմ՝ նրանց դիրքորոշումն է նաև:
Բայց ասելով, որ մեղադրանքների հիմնավորման համար եղած ապացուցողական բազան առավել քան բավարար է, ես նկատի չունեմ, որ ամբողջ մարտիմեկյան իրավաքաղաքական կոնտեքստի բացահայտման, ճշմարտության վերհանման համար դա բավարար է: Դա բավարար է միայն այն մասով, որ մասով որ անհրաժեշտ է առաջադրված մեղադրանքներում մեղավոր ճանաչելը հաստատած լինելը՝ չորս մեղադրյալների մասով:
Բայց Դուք գիտեք, որ Մարտի 1-ի կոնտեքստը շատ ավելի լայն է, և դրա առանցքային մասը տուժողների իրավահաջորդների հարազատների սպանության կոնկրետ հանգամանքների բացահայտումն է: Այս մասը նույնպես սպանությունների հանգամանքների բաղադրիչ մասն է՝ այն միջավայրը և պայմանները, որոնցում սպանությունները տեղի են ունեցել:
Այդուհանդերձ, քննությունը շարունակվում է այս պահի դրությամբ, և այդ քննությունը չի կարող համարվել ավարտված, այսինքն՝ գործը ինքնին չի կարող համարվել ամբողջությամբ ավարտված, քանի դեռ բոլոր այդ հանգամանքները չեն բացահայտվել: Այս մասը էական և վճռորոշ հատվածներից է գործի:
«Ազատություն»․ - Կա՞ն արդյոք տարատեսակ ցուցմունքներ տարատեսակ մարդկանց կողմից, որոնք վկայում են, որ, օրինակ, Քոչարյանը և մյուսները իսկապես իրենց մեղքի բաժինն ունեն տեղի ունեցածի մեջ:
Գրիգորյան․ - Այո:
«Ազատություն»․ - Շա՞տ են:
Գրիգորյան․ - Չեմ կարող ասել: Ես արդեն ասացի, որ մեղադրանքը հիմնավոր է, և եղած ապացուցողական բազան ուղղակիորեն ավելի քան բավարար է այդ մեղադրանքը հիմնավորելու համար:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․