Մատչելիության հղումներ

Պետք է պատժվեն հիմնական հրաման տվողները. «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը` «Մարտի 1»-ի գործից


Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի համոզմամբ, «Մարտի 1»-ի գործով պետք է պատժվեն հիմնական հրաման տվողները։

«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ Աբրահամյանն ասաց՝ չէր ցանկանա, որ որևէ զինվոր, որն այդ օրերին ընդամենը հրաման կատարող է եղել, դառնա քավության նոխազ։

«Ազատություն». - «Մարտի 1»-ի մասին երկու թեզ, որ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հնչեցնում են. առաջինը՝ չեն բացահայտվել սպանությունների հեղինակները, հետևաբար ոչինչ չի բացահայտվել, երկրորդը՝ որ գործը վարկաբեկում է բանակը, մեղադրյալի աթոռին են գեներալներ, Արցախյան ազատամարտի հերոսներ, և անընդհատ ասվում է, որ բանակը կրակել է ժողովրդի վրա։

Աբրահամյան. - Նախ, մահվան դեպքերի բացահայտման առումով, տասը տարի շարունակ մենք անընդհատ ասել ենք, որ պետք է պատժվեն հիմնականում հրաման տվողները, և շատ հստակ է, նաև շատ պարզ է, թե ինչու է պաշտպանական կողմը հատկապես այս խնդիրը բարձրացնում, որովհետև շատ լավ գիտեն, որ տասը տարի հետո չափազանց դժվար է լինելու նույնականացումը, չնայած հնարավոր է, եթե իհարկե փաստերը և նյութեղեն ապացույցները չեն կեղծվել, ինչպես մենք ունեցանք փաստեր, որ բավական նյութական ապացույցներ կեղծվել են, դատարանում դրանք ավելի հստակ կերևան։

«Ազատություն». - Թե կոնկրետ ով է կրակել։

Աբրահամյան. - Ընդհակառակը, երբ որ 2010-2011-ին քննարկվում էր «Չերյոմուխա 7» կրակողների չորս անձի նույնականացման խնդիրը, և անընդհատ ասվում էր, որ բոլորովին չեն կարող պարզել, թե, ի վերջո, ում կրակից մահ պատճառվեց, ես այն ժամանակ անգամ կարող եմ ասել ուրախ էի, որ չէր նույնականացվում, որովհետև ես չէի ուզում, որ որևէ զինվորի, որը ընդամենը հրաման կատարող է եղել, դառնան այդ զինվորները քավության նոխազ, և փակվեր ընդհանրապես հրաման տվողին պատժելու պահանջը։ Որովհետև, եթե այն ժամանակ որոշ մարդիկ՝ զինվորներ, որոնք ընդամենը հրաման կատարող են եղել, ինձ համար շատ ավելի կարևոր է վերևից սկսած այս գործընթացը։ Անշուշտ ներքևից ևս պետք է պարզել, հասկանալ և այլն, բայց շատ ավելի կարևոր է վերևից սկսած գործընթացը, որովհետև, եթե վերևից չսկսեին գործընթացը, եթե վերևի՝ հիմնական դերակատարներն այսօր չլինեին գործին ներգրավված և նաև կալանավորված, ապա մենք ներքևում որևէ մեկի ցուցմունք չէինք կարող ակնկալել։

«Ազատություն». - Բանակի վարկաբեկման մասի՞ն ինչ կասեք։

Աբրահամյան. - Տեսեք՝ եթե այն ժամանակ բանակը ներգրավվում էր այսպիսի պրոցեսի մեջ, այն ժամանակ պետք է մտածեին բանակի վարկաբեկման մասին։ Պետք է մտածեին բանակի վարկաբեկման մասին, երբ կոռուպցիան ուղղակի սարսափելի չափերի էր հասել, այն ժամանակ, երբ մենք տեսանք Մանվել Գրիգորյանի տուշոնկաների ամբողջ պրոցեսը։ Սա է վարկաբեկել բանակը, և մենք այսօր ունենք, ընդհակառակը, մեկ այլ պրոցես։ Իրականում մեր հասարակությունը չափազանց գիտակից է, և իր համար ամենակարևոր և ամենավստահելի ինստիտուտը հենց բանակն է, և որևէ կերպ բանակը, հատկապես այսպիսի գործընթացներով, չի վարկաբեկվելու, այլ ընդհակառակը՝ առողջացվելու է, որովհետև բանակում ևս հստակ է նաև լինելու գիտակցումը, որ երբևէ բանակը չի կարող ներգրավվել ներքին պրոցեսներին։

«Ազատություն». - Զոհերի հարազատների և տուժածների փոխհատուցման մասին նախագիծն ի՞նչ փուլում է ,և ինչո՞ւ եք գումարի չափը գործադիրի վրա թողնում՝ որոշել, թե ինչքան տալ։

Աբրահամյան. - Որովհետև ի վերջո գործադիրն իր բյուջեի սահմաններում պետք է գնահատի և սահմանի, բայց նաև կարծում եմ, որ ինքնին փաստն արդեն չափազաց կարևոր է, և այս մարդիկ ի վերջո այդ ուշադրությանը սպասում են ոչ թե հենց միայն ֆինանսական աջակցություն ստանալու համար, այլ իրենց գնահատված և որոշակիորեն նաև արժևորված համարելու առումով։ Այսինքն՝ այստեղ ֆինանսական չափն անշուշտ կարևոր է, բայց չեմ կարծում դա առաջնային է։

2019-ի մարտի 1-ին լրացավ մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 11-րդ տարին։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG