Հայաստանի վարչապետը վաղը հրավիրում է հանրահավաքի և երթի:
«Երկուշաբթի օրը, մարտի 1-ին, ժամը 18.30-ին բոլորիդ հրավիրում եմ Երևանի Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի և երթի», - ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Վաղը լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 13-րդ տարին։
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի «Ազատության» հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:
Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:
Նախորդ տարի` 2020-ին, Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը չեղարկվել էր՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ:
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ հանրահավաք ու երթ էր անցկացրել Հանրապետության հրապարակում այն բանից հետո, երբ Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր նրա հրաժարականը, իսկ ինքն էլ այդ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ էր որակել: