Մատչելիության հղումներ

Բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել են, որպեսզի Մարտի 1-ի բացահայտումը դժվար լինի կամ անհնար դառնա. Փաշինյան


Ալլա Հովհաննիսյանը՝ Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը, երկու օր առաջ եկել էր Մյասնիկյանի արձանին հարակից այգի՝ տեսնելու արյունոտ այդ օրից 15 տարի անց տեղադրված հուշակոթողը նաև իր որդու հիշատակին։

Ասում է՝ հեռացա անտրամադիր. - «Ամենասկզբում պատկերացնում էի մի քիչ ավելի պատկերներ... Բայց հետո հասկացա, որ Մարտի 1-ը դա ոչ միայն... Տասը զոհ ունենք, բայց նաև Մարտի 1-ն կան վիրավորներ, քաղհալածյալներ»։

Այսօր արդեն այլ հայացքով էր նայում աբստրակտ ոճի հուշարձանին, որը «Ազդեցություն և հակազդեցություն» է կոչվում. - «Մի կողմում ոստիկանությունն ա, իսկ մյուս կողմում մեր ժողովուրդը, իմ որդին»։

Նրա որդին սպանվեց «Չերյոմուխայի» կիրառումից, ընդամենը 23 տարեկան էր։ Ո՞վ հրաման տվեց, ո՞վ սպանեց։ Մայրն ասում է մինչև այժմ ոչ ոք պատասխանատվություն չի կրել։ Հույս ունեին, որ այս իշխանությունը կբացահայտի. - «Հեղափոխությունից չորս ու կես տարի հետո իմ համար մեծ ցավ ա, որ սպանությունները բացահայտված չեն, ոչ մեկ պատասխանատվություն չի կրում մինչև հիմա»։

Ինչո՞ւ չի բացահայտվում Մարտի 1-ը

Վարչապետ Փաշինյանն այսօր հուշարձանի բացմանը մասնակցելուց հետո պատասխանեց այս հարցին՝ կրկնելով, թե բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն։ Ինչո՞ւ։ Տարբեր, այդ թվում իրավական մի շարք որոշումների պատճառով . - «Բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել են, որպեսզի բացահայտումը կամ դժվար լինի, կամ անհնար դառնա։ Ես ձեզ մի դրվագ հիշեցնեմ միայն, որ, օրինակ, էստեղից հավաքված պարկուճները հետագայում քրեական գործի շրջանակներում փոխվել են»։

Բացահայտում ասելով՝ Փաշինյանը, ինչպես ինքը բացատրեց, նկատի ունի այն, որ պարզ է, թե շղթաները ինչպես են աշխատել։ Բուն կատարողները հայտնի չեն, բայց, վստահեցրեց, որ լիարժեք, ամբողջական բացահայտմանը պիտի հասնեն. - «Այսինքը՝ երբ որ ես ասում եմ բացահայտված է, ես նկատի ունեմ իրականությունը՝ ինչ քայլերի ինչ հերթականություն է տեղի ունեցել։ Ի վերջո, էկեք բան չանենք, չմոռանանք, որ էդ քրեական գործի շրջանակներում ինչեր ա պարզվել։ Պարզվել ա, որ ջոկատներ են կազմվել, պարզվել ա, որ ապօրինի վճարումներ են արվել»։

Մարտիմեկյան արյունալի իրադարձություններից Նիկոլ Փաշինյանը մի անձնական հետևություն ունի. Մարտի 1-ը ժողովրդավարության բացակայության կամ պակասի մասին էր, և այդ մասով, վստահ է, պայքարն ու զոհողությունները հասել են իրենց նպատակակետին. - «Այսօր Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ կեղծելը արդեն իսկ շրջված էջ է, որին այլևս վերադարձ չի լինելու»։

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի մայրը համաձայն է՝ ժողովրդավարությունն ընթացքում է. - «Ես գիտեմ իմ էրեխան ինչի զոհվեց։ Գոնե հանուն ազատության, հանուն ժողովրդավարության»։

Մինչև չփոխվի իշխանությունը, Մարտի 1-ը չի բացահայտվի. Արամ Մանուկյան

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները Մարտի 1-ի զոհերի հիշատակին ծաղիկներ էին բերել Մյասնիկյանի արձանի մոտ՝ նոր բացված հուշարձանից մի քանի մետր այս կողմ։

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը 15 տարի նույն այս օրը նույնն է ասում. - «Մինչև չփոխվի իշխանությունը, Մարտի 1-ը չի բացահայտվի»։

Մանուկյանը վստահ է՝ այս երեք իշխանությունները համատեղ կոծկում են գործը, և դա ոչ պակաս հանցագործություն է, քան հենց մարտի 1 իրականացնելը. - «Դա ծաղր ա զոհերի հիշատակին... ծաղր։ Եթե բացահայտված ա, ինչի՞ պատժվածներ չկան»։

Արամ Մանուկյան
Արամ Մանուկյան

Ինչպես է բացահայտվել Մարտի 1-ը, 10 քաղաքացու սպանությունը՝ եթե մինչև այժմ գեթ մեկ դատական վճիռ չկա, հարց է հնչեցնում Մանուկյանը՝ նշելով, որ «հռելի փաստեր կան, 800-ից ավելի վկաներ»։ Նա վստահ է, որ այս իշխանությունը ոչ թե չի կարողանում, այլ չի ցանկանում բացահայտել այդ գործը։ 42 դատավորների անուններ են փոխանցել, որ, ըստ Մանուկյանի, կեղծ վճիռներ են կայացրել, և այդ դատավորները միայն բարգավաճում են. - «Էսօր մացոյավարի առաջ են գնում։ Էսօր մացոյավարությունն ա աշխատում էս երկրում»։

ՀԱԿ-ում վստահ են՝ իշխանության ծրագիրը Մարտի 1-ն իրագործողներին խորհրդարան հասցնելն էր։ Սահմանադրական դատարանը երկու տարի առաջ հակասահմանադրական ճանաչեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, իսկ դրանից հետո դատարանն արդարացրեց ամբաստանյալներին։

«Էդ ոճրագործներին փոխանակ ինքը դատի տա, ինքը իրենց բերել ա պառլամենտ ու դարձրել ա լեգիտիմ ընդդիմություն։ Ինչո՞ւ։ Որովհետև դա իր համար, իր իշխանության կայունության համար ամենահարմար ընդդիմությունն է», - ասում է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Լևոն Զուրաբյան
Լևոն Զուրաբյան

Մարտի 1-ի զոհերի հուշարձանը Լևոն Զուրաբյանը համարում է գործի բացահայտումը տապալելու շարունակություն. - «Հասարակական իրադարձություններին նվիրված, ընդ որում ֆունդամենտալ իրադարձություններին նվիրված հուշարձանը պետք է բոլորի համար պարզ ձևով պատկերի այդ իրադարձությունը»։

Նա վերապահում ունի նաև գրառման հետ կապված՝ «Մարտի 1-ի զոհերի հիշատակին». - «Ի՞նչ ա նշանակում, եկեք վերլուծենք, «Մարտի 1-ի զոհ» արտահայտությունը։ Դա իրականում պատասխանատվությունը ինչ-որ մեկի վրա դնելու, այ դրանից խուսափելու միջոց է։ Որովհետև Մարտի 1-ը հո ինքը չի՞ հարձակվել էդ մարդկանց վրա»։

Զուրաբյանն արձանի իր պատկերացումն ունի և գրառման իր տարբերակը, որտեղ պետք է նշվի 2008 թվականի մարտի 1-ին հայոց նորանկախ պատմության մեջ առաջին անգամ իշխանությունները կրակ բացեցին ժողովրդավարության համար պայքարող խաղաղ ցուցարարների վրա։ Թե ինչ է կատարվել ու ով է պատասխանատու, ըստ Զուրաբյանի, այս մասին իշխանությունը չի գրել, որպեսզի «լղոզի» արձանն էլ, Մարտի 1-ի գործն էլ։

«Ես գիտեմ ինչ եմ արել, ես գիտեմ ինչ եմ ասում։ Էդ ամեն ինչը ես գիտեմ։ Բայց նաև թողնում եմ դիտողին, թե ինչ է ընկալում», - ասում է հուշարձանի հեղինակ Ալբերտ Վարդանյանը։

Քանդակագործի խոսքով, մի կողմում բիրտ ուժն է՝ լինի դա սեփական իշխանությունը, թե հակառակորդ պետություն, մյուս կողմում՝ մենք։ Ասում է՝ այս ամենը եղել է, լինելու է։

XS
SM
MD
LG