Մատչելիության հղումներ

Ավինյանի համոզմամբ, հեղափոխությամբ հանրությունը վճռականորեն որոշել է, որ Հայաստանում այլևս «Մարտի 1» չի լինելու


13 տարի առաջ պետությունն ու հասարակությունն ուժեղ ցնցման ենթարկվեցին, երբ ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող հայրենակիցների բողոքը հանդիպեց դիմահար արձակված կրակոցին, այսօր հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ Մարտի 1-ի կապակցությամբ իր ուղերձում:

Ավինյանը նշել է, որ այդ օրից ի վեր՝ իրականությունը մտավ խուլ լարվածության շրջափուլի մեջ, «երբ նեղ կլանային ու անձնական շահերով պայմանավորված՝ մի խումբ մարդիկ որոշեցին, որ իշխանությունը պատկանում է իրենց և, առանց միջոցների մեջ խտրություն դնելու, այն հափշտակեցին ժողովրդից»:

Այդպես պետությունն, ըստ փոխվարչապետի, օտարվեց ժողովրդից, քաղաքացին սեփական մաշկի վրա զգաց, որ իր բացարձակ ու անձեռնմխելի՝ կյանքի իրավունքը պետության կողմից ոչ միայն չի պաշտպանվում, այլև ենթակա է նրա ուղիղ ոտնձգությանը:

Այդ անարդարությունը շտկելու, իշխանությունն իր տիրոջը՝ ժողովրդին վերադարձնելու պատճառն էլ, ինչպես Ավինյանն է նշել, ընկավ 2018թ. հեղափոխության հիմքում, երբ հանրությունը հրաժարվեց ենթարկվել բռնատիրության, պետության օտարման և անձնիշխանության պարտադրանքին:

«Հեղափոխությամբ հայ հանրությունը վճռականորեն որոշեց, որ Հայաստանում այլևս «Մարտի 1» չի լինելու, անզեն ու իր բողոքը խաղաղ արտահայտող քաղաքացին սեփական մայրաքաղաքում չի գնդակահարվելու և ամենակարևորը՝ իշխանությունը չի պատկանելու մի խումբ անձանց, չի փոխանցվելու կուլիսային պայմանավորվածություններով, չի որոշվելու ժողովրդից գաղտնի ու նեղ կլանային շահերով», - գրել է Ավինյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ այսօր, օգտվելով հանրության հուզական վիճակից, Հայաստանի ժողովրդավարությունը խաթարելու, ժողովրդի իշխանության սահմանադրական և իրավական ընթացակարգերը շրջանցելու, մարդկանց ազատ կամքը հաղթահարելու միջոցով քաղաքական հարցեր լուծելու փորձեր են արվում:

Դրանք, Ավինյանի համոզմամբ, սակայն, լիովին դատապարտված են ձախողման, որովհետև «2008թ. մարտի 1-ի հավերժ հիշողությամբ և 2018թ. հեղափոխության երաշխիքով Հայաստանում իշխանությունը ձևավորվելու է բացառապես հանրության ազատ կամարտահայտությամբ և սահմանադրական ճանապարհով՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով»:

Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 13-րդ տարին։ 2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 13 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

XS
SM
MD
LG