2008-ի մարտի 1-ի երեկոյան Գագիկ Ծառուկյանը եղել է կառավարության շենքում։ ԲՀԿ ղեկավարն ասաց՝ հրավեր է ստացել կառավարությունից՝ քննարկելու լարված իրավիճակը, մոտ կես ժամ շենքում մնալուց հետո, ըստ նրա, տեսնելով՝ խառնաշփոթ է, հիասթափված թողել-գնացել է տուն: Քննարկում, հավաստիացրեց, չի եղել։
Դեռ 2007-ից Հանրապետականի հետ կոալիցիայի մեջ գտնվող Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան»-ը մարտի 1-ի արյունալի իրադարձություններից 20 օր անց Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի հետ համագործակցությունը թարմացրեց, այս անգամ քաղաքական կոալիցիային միացան նաև Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը»։
Ծառուկյանն այսօր համառորեն շրջանցեց հարցը՝ արդյոք մարտի 1-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնող, 40 օրից էլ նախագահի լիազորությունները ստանձնող Սերժ Սարգսյանն է կառավարություն հրավիրել իրեն: Նաև պնդեց՝ չգիտի, թե քննարկումը ինչու չի կայացել․ - «Ոչ մի բան էլ չտեսա՝ միայն աժիոտաժ»:
Մարտի 1-ի իրադարձություններին իր առնչությունը հերքող, այդ հարցում իրեն «բյուրեղ» անվանող Գագիկ Ծառուկյանն, այնուհանդերձ չի հերքում, որ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում։ - «Ոչ հաստատում, ոչ բացառում եմ», - այս առնչությամբ «Ազատության» հարցին ի պատասխան այսօր հայտարարեց նա: - «Համապատասխան՝ փորձեք ճշտել քննչական մարմիններից: Ես էլ՝ չեմ հերքում, բայց դա գաղտնիք ա: Հիմնական խնդիրը Ծառուկյանը ձեզ ասեց, որ մարտի 1-ին՝ երեկոյան, զանգել են տուն, ասել են, որ Ծառուկյանը երեկոյան գա, ես գնացել եմ, տեսել եմ ընդեղ խառնաշփոթ իրավիճակ, 25-30 րոպե նայելով՝ հիասթափված թողել – եկել եմ, ուրիշ բան չկա»:
Մամուլը գրում է՝ ԲՀԿ ղեկավարը հարցաքննվել է, այն էլ մի քանի ժամ։ Մարտի 1-ի գործը քննող ՀՔԾ-ն չի մեկնաբանում Ծառուկյանի հարցաքննության լուրը՝ պատճառաբանելով՝ քրեական գործի շրջանակում հարցաքննված անձանց մասին տեղեկություններ չեն տրամադրում:
Մարտի 1-ի փաստահավաք խմբի զեկույցում կա նաև Ծառուկյանի անունը, որ արյունալի իրադարձությունների նախօրեին 9 պաշտոնյաների և օլիգարխների շարքում նրան ևս Պաշտպանության նախարարության պահեստից զինվորական համազգեստներ են տրամադրել՝ զինված միավորումներին բաժանելու համար: Զեկույցում հղում կա Հայ ազգային կոնգրեսի պնդմանը, թե այդ խմբերը մասնակցել են մարտիմեկյան իրադարձություններին:
ԲՀԿ ղեկավարն այսօր էլ պնդեց, մարտի 1-ի հետ կապ չի ունեցել, ապացուցվեց՝ պատրաստ է գնդակահարվել․ - «Ես պնդում եմ՝ այդպիսի ապացուցվելու դեպքում այո՛, հրապարակում պետք է գնդակահարել»:
Ծառուկյանին հիշեցրեցինք Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանի խոսքերը, թե՝ բավարար են ապացույցները, որ ԲՀԿ ղեկավարը և Սամվել Ալեքսանյանը սնունդով են մատակարարել զինվորականներին Մարտի 1-ին: - «Եթե իմ մասնակցությունը սնունդովա էղե՝ նորից թող Ծառուկյանին գնդակահարեն», - արձագանքեց Ծառուկյանը: