Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի գործերով ձեռք չեն բերվել տվյալներ, որ եղել են ի պաշտպանություն ցուցարարների հանդես եկած բարձրաստիճան զինվորականներ. դատախազություն


Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո քննված քրեական գործերով ձեռք չեն բերվել տվյալներ, որ եղել են ի պաշտպանություն ցուցարարների հանդես եկած բարձրաստիճան զինվորականներ։ Ձեռք չեն բերվել տվյալներ նաև, որ զորամասերի և այլ զինվորական օբյեկտների վրա զենք հայթայթելու նպատակով հարձակումներ են ծրագրավորվել, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտարարում է Գլխավոր դատախազությունը։

Մարտի 1-ի գործով նախորդ շաբաթվա նիստին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը և Սեյրան Օհանյանը հանդես էին եկել մի շարք աղմկահարույց հայտարարություններով՝ հերթական անգամ կասկածի տակ դնելով մեղադրանքը հաստատող ապացույցները։

Մասնավորապես, 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ 2008-ին տեղեկություններ էին ստանում այն մասին, որ մայրաքաղաքի փողոցներում զինված զինվորականներ են շրջում։

«Շատ զինվորականներ, ընդ որում՝ բարձրաստիճան զինվորականներ այդ օրերին, ըստ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տեղեկատվության, նաև զինվորականներն են շատերը տեսել, հանրապետությունում շրջում էին զենքով, խմբերով, ընդ որում՝ դրանց մեջ կային զորամասերի հրամանատարներ: Այդ տեղեկությունները ոչ մի տեղ մենք չենք հանդիպել», - ասաց Սեյրան Օհանյանը:

Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն «Ազատության» հետ զրույցում կասկածի տակ է դնում դատախազության հայտարարությունը։ Փաստաբանն ընդգծում է՝ Օհանյանը նման հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով իրենց տրամադրել Մարտի 1-ի հիմնական գործի նյութերը, որոնցում կարող են լինել մեղադրանքը հերքող փաստեր։

«Ամեն դեպքում պաշտպանական թիմը գտնում է, որ պետք է այդ նյութերն էլ դատարան ուղարկվեին, որովհետև դրանում բազմաթիվ են արդարացվող ապացույցները», - նշեց փաստաբանը:

Ինչո՞ւ 2008-ի իրադարձություններից հետո շուրջ 8 տարի Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Օհանյանը իր ունեցած տեղեկությունները չի տրամադրել իրավապահներին, այս հարցին նրա պաշտպանը պատասխան չունի, ասում է՝ այդ մասին չի խոսել Օհանյանի հետ։ «Ավելին, ըստ իրեն, հենց ԱԱԾ-ից է նման հաղորդումներ գալիս, այսինքն իրավապահներից է նման հաղորդագրություն կամ նման ինֆորմացիա գալիս», - ընդգծեց Մեժլումյանը:

Ըստ դատախազության, ոչ միայն տեղեկություններ չեն եղել զորամասերի վրա հարձակման վտանգի մասին, այլև նմանատիպ գործողությունները կանխելու նպատակով զորամասերի և այլ զինվորական օբյեկտների պահպանությունը չի ուժեղացվել, այլ հակառակը՝ այդ ժամանակվա իշխանությունն այնպես է արել, որ Երևանում փաստացի սահմանված ռազմական դրությանը բնորոշ ռեժիմի պայմաններում և զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում, զինվորական կառավարման ապօրինի նոր կառույցի կազմակերպմամբ իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ: Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ, զինված և զրահատեխնիկայով համալրված, դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից, այդ թվում՝ սահմանային մարտական հերթափոխ իրականացնող զորամասերից և տեղափոխվել Երևանում կամ նրա մերձակայքում տեղակայված զորամասեր։

Գլխավոր դատախազությունը նաև ընդգծում է՝ Սեյրան Օհանյանն այդ օրերին այցելել է Երևանում և դրա մերձակայքում տեղակայված զորամասերի զինծառայողներին, տեղում ստուգել է զինվորների կողմից հանրահավաքները ցրելու վարժանքների ընթացքը։ Պաշտպան Կարեն Մեժլումյանը հակադարձում է՝ այդտեղ սահմանադրական կարգը տապալելու դրվագ չկա։

Դատախազությանը հնարավոր կլինի հավատալ, եթե պաշտպանական կողմին տրամադրվեն Մարտի 1-ի հիմնական գործի նյութերը, ասում է Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ, երկրորդ նախագահի պաշտպանը։ Հովհաննես Խուդոյանը հիշեցրեց, որ անցած դատական նիստի ընթացքում Քոչարյանը ևս անդրադարձել է զինվորականների, մասնավորապես 2008-ին Պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի ղեկավարած «Երկրապահ կամավորականների միության» կողմից ցուցարարների կողմն անցնելու հարցին։

«Ինքը Մոսկվայից տոնակատարությունից հենց այդ նկատառումով է վերադարձել, կիսատ թողնելով միջոցառումը, որովհետև իրեն զեկուցել են, որ կամավորեր են լինում և հնարավոր է, որ զինված ստորաբաժանումները երկրապահի կարող են միանալ այդ պրեցեսներին: Շատ մարդիկ էլ այն ժամանակ, ովքեր մայրաքաղաքում են եղել, նաև Արշակունյաց փողոցում են եղել, ականատես են եղել, վկայում են, որ երկրապահների շրջանում նման խոսկացություններ եղել են, ու նույնիսկ մարդիկ տեսել են զինված մեքենաներ հարմարեցված», - ասաց Խուդոյանը:

Մինչդեռ, ըստ դատախազության, անցած 12 տարիների ընթացքում Մարտի 1-ի գործով որևէ ապացույց ձեռք չի բերվել «Երկրապահ կամավորականների միության» անդամների կողմից այդ օրերին հասարակական վայրերում ապօրինի զենք-զինամթերք կրելու մասին, և որևէ մեկը նման հանցանքի համար չի դատապարտվել։

Մեղքը չընդունող պաշտոնաթող նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ենթադրում է, որ հիմնական գործի նյութերում, այնուամենայնիվ, զինվորականներին ուղղված հարցեր կան զինված զինվորականների և նրանց կողմից ցուցարարներին միանալու փորձի մասին։ Մինչդեռ, ըստ դատախազության, պարզվել է, որ 2008-ի հետընտրական իրադարձություններին զինված զինվորականները ներգրավվել են միայն այդ ժամանակվա իշխանությունների հրամաններով, ցուցումներով և կարգադրություններով։

«Մենք ենթադրություն ունենք, որոշ վստահություն էլ ունենք նախորդ գործերի բացահայտումներից, որ նման հարցադրումներ քրեական գործում պետք է առկա լինի ու այդ հարցադրումները, դրանց պատասխանները պետք է լինեն 600 հատոր նյութերում, որը դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը թաքցնում են մեզանից», - ընդգծեց փաստաբանը:

Գլխավոր դատախազությունը նաև հայտնում է, որ 2008-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերով մեղադրված ավելի քան 220 անձանցից միայն մեկն է դատապարտվել «Մոլոտևի կոկտեյլ» կիրառելու, մեկ մարդ էլ՝ ապօրինի հրազեն պահելու համար։ Տուժող կողմը կասկածի տակ է դնում նախկին իշխանության ժամանակ կայացված դատական որոշումները և շարունակում պնդել՝ մարտյան իրադարձություններին ներգրավված են եղել սադրիչներ, որոնք էլ մայրաքաղաքի կենտրոնում հրահրել են անկարգություններ ու բախումներ։

XS
SM
MD
LG