Դատախազությունը շարունակելու է 2008թ. մարտյան արյունալի իրադարձությունների կապակցությամբ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում պարտադիր նոր վարույթ հարուցելու և նախկինում կայացված դատավճիռները վերանայելու, գործերը նոր քննության ուղարկելու գործընթացը:
Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ այս մասին գլխավոր դատախազը հայտնել է Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանի և հասարակական մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են 2008-ին կայացած նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին առնչվող քրեական գործերով կայացված այն դատավճիռները բողոքարկելու հնարավորություններն ու մեխանիզմները, որոնցով դատապարտված անձանց իրավունքների խախտում է արձանագրվել կամ ի հայտ են եկել նման հնարավոր խախտումների վերաբերյալ բավարար փաստական տվյալներ:
«Գլխավոր դատախազը հանդիպման ընթացքում նշել է, որ գործընթացները պետք է տեղի ունենան բացառապես իրավական հարթությունում՝ քրեադատավարական ընթացակարգերի լիարժեք համապատասխանությամբ: Այդ նպատակով դատախազությունում ուսումնասիրություններն սկսվել են ավելի վաղ», - պատմեց Խաչատրյանը:
2008-ին նախագահի ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի իրավական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն ասաց՝ պատրաստակամություն են հայտնել դատախազությանը փոխանցել իրենց տրամադրության տակ եղած բոլոր նյութերը:
«Եկանք այնպիսի պայմանավորվածության, որ այդ ճանապարհները երեքն են՝ դրանք նոր հանգամանքներն են և նոր երևան եկած հանգամանքները, դրանք դատական սխալի հիմքով բողոքարկման վարույթներն են և երրորդ ճանապարհը՝ երբ որ խախտվել է արդարադատության բուն էությունը և տեղի է ունեցել արդարադատության չարաշահում: Այդ երեք ճանապարհներով մենք առաջիկայում կփորձենք նորից սկսել 2008-ին ապօրինի դատապարտված անձանց արդարացման գործընթացը», - նեց Արմեն Խաչատրյանը:
Օրերս առաջին ատյանում սկսվեց Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ Մուշեղ Սաղաթելյանի գործով նոր քննությունը: Անցած տարի «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել էր Եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածների խախտումներ: ՄԻԵԴ-ի այս որոշումից հետո գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք էր ներկայացրել, որը դատարանը ամբողջովին բավարարել էր և գործն ուղարկել նոր քննության։ Սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն կիրառելու համար մեղավոր ճանաչված Սաղաթելյանը արդարացում է պահանջում:
Դատախազությունը նաև միջնորդություն էր ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ ճանաչելու Մարտի 1֊ի արյունալի իրադարձություններին մասնակցելու համար դատապարտված Արամ Բարեղամյանի անմեղությունը։ Նրա դեմ տասը տարի առաջ ցուցմունք տված անձը նոր ցուցմունք է տվել: Վկան նշել է, որ 2008 թվականին քննության ընթացքում ճանաչման ներկայացնելիս, ինչպես նաև դատավարական այլ գործողությունների ընթացքում, իրականում համոզված չի եղել, որ հենց Բարեղամյանն է եղել իրեն վնասվածք պատճառողը, սակայն հաստատել է այդ փաստը:
Լևոն Տեր-Պետրոսյանի Հրազդանի նախընտրական շտաբի պետ Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 6 տարվա ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և նրան ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար։ Մինչդեռ, Բարեղամյանը պնդել և շարունակում է պնդել՝ ինքը ոչ մեկին մարմնական վնասվածք չի հասցրել:
«2008թ․ մարտի 1-ին առաջին մարդն եմ, որ եկել եմ հիվանդանոց՝ ժայը 7:10: Իմ գլուխը ջարդել են հենց առավոտ շուտ: Այդպես՝ կարը գլխիս, ենթարկվել եմ նաև խոշտանգման: Ես ավելին ասեմ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 15 օր իմ գլխի կարը չէին էլ քանդում: Քանդեցին այն ժամանակ, երբ որ Եվրոպայից բարձրաստիճան հյուրեր եկան, ինձ ուզում էին տեսնեին, էդ ժամանակ րոպեների ընթացքում բժիշկը բերել է՝ հենց անմիջապես խցում քանդել են հանդիպման», - պատմում է նա:
Արամ Բարեղամյանն ընդգծում է՝ դատապարտվեց 6 տարվա ազատազրկման միայն այն պատճառով, որ չի գրել քննիչների ցանկացածը։ 56-ամյա Բարեղամյանի համար արդարացման որոշումը նախ բարոյական նշանակություն ունի․ - «Շատ կարևոր ա սա, շատ կարևոր՝ նաև իմ ընտանիքի համար: Ինձ համար ավելի բարձր արժեք ա հրապարակային արդարացումը՝ իմ և իմտանիքի համար առաջին հերթին: Ես ինքս գիտեմ՝ իմ խիղճը միշտ էլ հանգիստ է եղել, բայց կամաչեն նրանք, կսպասեմ նաև ներողությունների»:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչն ասում է՝ հետամուտ են լինելու, որպեսզի մարտիմեկյան արյունալի իրադարձություններից հետո դատապարտված ավելի քան հարյուր մարդ դատարանի վճռով արդարացվի: