Մատչելիության հղումներ

Սարգիս Քլոյան․ Շատ ծնողներ աջակցության կարիք ունեն


Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը գոհ է Ազգային ժողովում այսօր ընդունված օրինագծից

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց իշխանական «իմ քայլից» Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի հեղինակած «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրինագիծը:

Աջակցություն կստանան զոհերի հարազատները, իսկ այդ օրերին միջին և ծանր մարմնական վնասվածք ստացած քաղաքացիները աջակցության համար պետք է դատաբժշկական փորձաքննության եզրակացություն ներկայացնեն։

Աջակցության չափն ու տրամադրման կարգը դեռևս անհայտ է, դրանք առանձին որոշմամբ սահմանելու է կառավարությունը։

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն «Ազատության» հետ զրույցում օրինագծի ընդունումը դրական է համարում, ասում է՝ շատ ծնողներ աջակցության կարիք ունեն․ - «Կան մարդիկ, որ գերեզման չեն սարքել, կան, որ հիվանդություն ունեն, վիրահատության կարիք ունեն: Դա շատ լավ ա, բայց ամենալավը էն ա, որ հավատում ենք, որ սպանությունները կբացահայտվեն»:

Արյունալի իրադարձության 10 զոհերից մյուսի՝ Արմեն Ֆարմանյանի հայրը նույնպես գոհ է օրինագծի ընդունումից:

Օրինագծով առաջարկվում էր աջակցություն տրամադրել նաև տուժած ոստիկաններին: ԱԺ-ում քննարկումների, զոհվածների հարազատների բողոքների արդյունքում այդ չափանիշները հստակեցվել են․ այն ոստիկանները, որոնք տուժել են, սակայն քրեական հետապնդման են ենթարկվել, աջակցություն չեն ստանա: Աջակցություն չի տրամադրվի նաև այն ոստիկաններին, որոնց քրեական գործերը դեռևս ընթացքի մեջ են։

Սարգիս Քլոյանի խոսքով, իրենք դեմ են, որ ոստիկանները աջակցություն ստանան․ - «Ոստիկաններին ոչ ոք մատիվ չի դիպել: Իրանք ոչ զենքի ոչ ճիշտ օգտագործման հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ»:

Վաչագան Ֆարմանյանն ասում է, որ նյութական աջակցությունը որոշ խնդիրներ կլուծի, բայց ինքն առավել կարևորում է 2008-ի 10-ը զոհերի սպանությունների բացահայտումը․ - «Մենք ցանկություն ունենք, որ օրինական ձևով պատժվեն, և վերջապես Հայաստանում իրագործվի արդարությունը»:

Ընդունված օրենքի համաձայն, կառավարությունը աջակցության չափն ու տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը պետք է որոշի եռամսյա ժամկետում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG