Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի զոհի իրավահաջորդ․ «10 տարի ոչ մեկ բանի տեղ չի դրել, հիմա մի բան ուզում են աջակցեն»


11 տարի առաջ մարտի 1-ին զոհված Հովհաննես Հովհաննիսյանի այրին՝ Լիլիա Մինասյանն ապրում է Երևանի կենտրոնում` Սուրենյանց փողոցում գտնվող կիսանկուղային մեկսենյականոց բնակարանում:

«Արդեն 22 թվից բնակվում ենք պապիկով, պապայով, ես երեխաներս, թոռնիկս: Ու նման պայմաններում, որ տունը փլուզվում ա, պատալոկը շուտով կիջնի», - «Ազատությանը» պատմում է Լիլիան:

Վիճակն է՛լ ավելի է վատթարանում տեղումների ժամանակ. - «Լոդկաներով պետք ա գնաս, եթե շատ ուժեղ ա անձրևը, որոտհետև տեղ չունի գնալու ջուրը, բակն ա լցվում, հետո՝ տուն»:

Տանը նույնիսկ պետքարան չկա. գտնվում է բնակարանից 90 քայլ հեռավորության վրա․ - «Ձմեռը գնում ենք սապոգներով, տաք շորերով, որ հասնենք տուալետ»:

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպել էր 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների 10 զոհերից 8-ի իրավահաջորդների, այդ թվում Լիլիա Մինասյանի հետ:

Անդրադառնալով մարտիմեկյան իրադարձություններից տուժածների իրավահաջորդներին դրամական աջակցություն տրամադրելու որոշմանը՝ վարչապետը ասել էր․ - «Ուզում եմ հստակ արձանագրել՝ սա ընդամենը աջակցություն է և որևէ կերպ չպետք է ընկալվի որպես փոխհատուցում, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը գին չունի»:

Անցած շաբաթ գործադիրը որոշեց, որ 2008-ի մարտի 1-ին զոհված քաղաքացու իրավահաջորդին պետությունը 30 միլիոն դրամ կտրամադրի, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն, միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 միլիոն։

Արհեստավոր ամուսնու մահից հետո երեխաներին միայնակ մեծացրած Լիլիա Մինասյանը, խոսելով այս աջակցության մասին, ասում է. - «Տասը տարի ոչ մեկ բանի տեղ չի դրել, հիմա ինչ-որ մի բան ուզում են աջակցեն։ Դա ընդունելի ա: Ուղղակի մեր կորցրած մարդկանց ոչ մի ձև չեմ կարա գնահատեմ: Մեր համար էդ գումարը տեղ չի գտնում, որովհետև նենց մարդկանց ենք կորցրել: Ինձ հաճելի կլիներ, որ իմ ամուսինը կողքիս լիներ, թեկուզ չոր հացով ապրեինք։ Ուղղակի սա թեթև ուրախացնում ա, որ գոնե ինչ հոգս ունենք, թեթև կարող ենք լուծել»:

Մինասյանի ամուսինը՝ Հովհաննես Հովհաննիսյանը 47 տարեկանում սպանվել էր կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքից՝ Մաշտոցի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամրջի վրա։ Կինն ասում է, թե նա նույնիսկ ցուցարար էլ չէր, պարզապես դուրս էր եկել տեսնելու, թե ինչ է այդ պահին կատարվում Երևանում․ - «Էնտեղ, որ արդեն ժողվրդի վրա են հարձակվել, ինքը ձեռքերով ցույց ա տվել, որ մի կրակեք։ Ու էդ պահին իրան են կրակել»:

2008-ի մարտյան արյունալի իրադարձություններից 11 տարի անց Հովհաննիսյանի այրին հույս ունի, որ Մարտի 1-ի գործը կբացահայտվի, ամուսնու սպանության մեղավորները կպատժվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG