Մատչելիության հղումներ

Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրն ասում է՝ 2008-ից հետո ընտանիքը ենթարկվել է ճնշումների


Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, Երևան, 7-ը օգոստոսի, 2019թ.
Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, Երևան, 7-ը օգոստոսի, 2019թ.

2008-ի մարտիմեկյան արյունալի իրադարձությունների ժամանակ «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցի կիրառումից զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը պատմում է՝ 2008-ից հետո ընտանիքը ենթարկվել է ճնշումների, ինչից հետո մեկնել են երկրից և 2013 թվականից բնակվում են Բելգիայում։ Շուրջ 6,5 տարի անց առաջին անգամ Հայաստան է վերադարձել։

Հովհաննիսյանը 11 տարի անց էլ սարսափով է վերհիշում որդու սպանության դրվագները․ «Ամբողջ գիշեր մինչև ժամը 3-ը տան մեջ գնում գալիս էի, աղջիկս՝ Էվելինը էդ ժամանակ 8 տարեկան էր, ինքն էլ արթնացավ աղմուկից ու ինքն էլ հետս, վախեցած շորիցս բռնած։ Ես գնում էի էն կողմ, մեքենայի ձայն էի լսում մտածում էի, որ Հովսեփն է՝ Տիգրանին է բերել, նայում էի չկա, հետո գալիս էի էս կողմ։ Մեքենայի ձայնը լսվեց, երևի գիշերը 3-ի կողմերն էր։ Ես մոտեցա դռանը գոռացի՝ Հովսեփ, Տիկոյին բերե՞լ ես, ասեց՝ չէ։ Էդ բառերը էս 6,5 տարի է ինձ հետապնդում է։ Ասեցի՝ բռնե՞լ են, ասեց՝ չէ, ասեցի՝ վիրավո՞ր է, ասեց՝ չէ, սպանել են»։

Հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված երիտասարդի մայրը թեև արդարադատության հույսեր ունի, սակայն Մարտի 1-ի դատավարության ընթացքը նրան չի գոհացնում։ Հովհաննիսյանի համար անհասկանալի է, թե ինչպես կարող էր կալանքից ազատ արձակվել Մարտի 1-ի գործով տասը զոհերից մեկի սպանության համար մեղադրվող ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը:

«Ես հասկանում եմ՝ 10 տարի կեղծել են, 10 տարի բոլոր հետքերը վերացրել են ու էսօր, օրինակ, Գեղամ Պետրոսյանի զենքից ասում են չի եղել։ Բայց ո՞վ կարող է ասել, որ իր մոտ երկրորդ զենքը չի եղել, երրորդը չի եղել։ Ուղղակի փաստերը շատ-շատ են վերացրել։ Երեկ էլ լսեցի, որ Վանեցյանը խոսում էր, որ ԱԱԾ-ի կորցված փաստաթղթերը, որոնց մի մասն արդեն վերականգնվել է, նույնպես Մարտի 1-ին է վերաբերում։ Այսինքն միակողմանի ասեմ, որ լավ չեն աշխատում, ինձ թվում է՝ դա ճիշտ չի լինի, որովհետև շատ փաստեր վերացված են, բայց նաև ասենք, որ փաստերը վերացված են և այսպես նստենք, դա էլ ճիշտ չի։ Ես գտնում եմ, որ պետք է Հատուկ քննչական ծառայությունը, ոստիկանությունը մի քիչ ավելի շատ ջանք թափեն, որովհետև ծնողները 10 տարի սպասում են և արդեն 11 տարին լրացել է, չենք կարող անվերջ սպասել։ Առանցքային փաստեր պակասում են, բայց կան շատ մեծ մարդկային կապիտալ, որոնք կգան և իրենց վկայությունը կտան։ Իմ մեջ շատ մեծ համոզմունք կա, որ երբ որ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը սկսվի, էդ ժամանակ Մարտի 1-ի սպանությունների բացահայտումը ավելի լայն թափ կունենա», - «Ազատության» հետ զրույցում նշեց Ալլա Հովհաննիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG