Մեր մասին
ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը (RFE/RL) ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների համաշխարհային հեռարձակման գործակալության կողմից՝ որպես մասնավոր դրամաշնորհառու։ Ըստ ԱՄՆ օրենսդրության, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը պարտավոր է փաստական, օբյեկտիվ և պրոֆեսիոնալ լրատվություն մատուցել իր լսարանին: ԱՄՆ Կառավարության ներկայացուցիչները, այդ թվում Հեռարձակման կառավարման խորհրդի գործադիր տնօրենը, իրավունք չունեն որևէ կերպ միջամտել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լուսաբանմանը:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի առաքելությունն է նպաստել ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների կայացմանն ու առաջ մղել մարդու իրավունքները՝ հաղորդելով լրատվություն երկրներում, որտեղ ազատ մամուլն արգելված է կառավարության կողմից կամ ամբողջովին հաստատված չէ: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ոադիոկայանի լրագրողները տրամադրում են այն, ինչ տեղում շատերի համար անհասանելի է՝ չգրաքննվող լրատվություն և բաց բանավեճ: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ձգտում է հասնել անաչառ լրագրության ամենաբարձր չափանիշներին և լուսաբանել փաստերը՝ տեղի չտալով ճնշմանը կամ ազդեցություն գործելու ջանքերին:
Մենք գործում ենք 23 երկրներում՝ 25 լեզուներով:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բոլոր լրագրողները և թղթակիցները պետք է պահպանեն հետեւյալ սկզբունքները
Ճշգրտություն
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրողները պետք է անեն առավելագույնը` ապահովելու, որպեսզի բոլոր հաղորդումները եւ հրապարակումները (այդ թվում` Ինտերնետով) լինեն փաստական առումով ճշգրիտ։ Այն դեպքերում, երբ որեւէ էական փաստի շուրջ առկա են կասկածներ կամ տարաձայնություններ, տեղեկատվությունը պետք է հիմնված լինի առնվազն երկու անկախ աղբյուրների վրա։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրողները չպետք է հեռարձակեն կամ հրապարակեն նյութեր` հիմնված խոսակցությունների կամ չհաստատված տեղեկատվության վրա։
Փաստական սխալները պետք է ուղղվեն հնարավորինս շուտ։
Անկողմնակալություն
Տեղեկատվությունը պետք է մատուցվի փաստական համատեքստում, ինչը նպաստում է իրադարձությունների եւ թեմաների ըմբռնմանը եւ ապահովում է հստակություն` առանց աղավաղումների կամ կողմնակալության։
Լրագրողները պետք է ճշգրիտ եւ հավասարակշռված ներկայացնեն հակադիր կամ տարբերվող կարծիքները բոլոր թեմաներով։ Երբ կազմակերպությունները կամ անձինք, որոնց տեսակետները կարեւոր են ծրագրի հավասարակշռվածությունը ապահովելու համար, հրաժարվում են մեկնաբանություններից, հարկ է դա նշել հաղորդման մեջ կամ հոդվածում։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը պետք է անկախ լինի որեւէ քաղաքական կուսակցությունից, կառավարող կամ ընդդիմադիր խմբից, արտերկրում գործող հայրենակցական կազմակերպությունից, առեւտրային կամ այլ մասնավոր շահեր հետապնդող կազմակերպությունից կամ կրոնական կառույցից` լինի դա «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ռադիո- եւ հեռուստահաղորդումների հեռարձակման երկրներում («Հեռարձակման տիրույթ») կամ դրանցից դուրս, եւ չպետք է սատարի կամ քարոզի որեւէ առանձին քաղաքական, տնտեսական կամ կրոնական տեսակետ։
Վերլուծություն, մեկնաբանություն եւ խմբագրականներ
Բոլոր հաղորդումները եւ հրապարակումները պետք է պարունակեն հավելյալ տեղեկատվության եւ պարզաբանումների տարրեր, որոնք կօգնեն լսարանին` ավելի լավ հասկանալու հաղորդվող տեղեկատվության նշանակությունը եւ հետեւանքները։ Լրագրողները չպետք է փաստական հաղորդումներ ներմուծեն իրենց անձնական տեսակետները կամ դատողությունները։
Մեկնաբանություններից պետք է հիմնականում խուսափել։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների կողմից կարող են մեկնաբանություններ գրվել շատ բացառիկ դեպքերում եւ միմիայն Հեռարձակման տնօրենի կամ նրան փոխարինողի կողմից նախապես հավանության արժանանալու դեպքում։ Ռադիոկայանի աշխատակից չհանդիսացող փորձագետի ներկայացրած մեկնաբանությունները պետք է համապատասխանեն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի մասնագիտական չափանիշներին։
Չափավոր եւ հարգալից տոնը
Հաղորդումներում եւ հրապարակումներում պետք է միշտ պահպանվի հանդարտ եւ չափավոր տոնը, դրանցում պետք է երեւա քաղաքակիրթ, կշռադատված բանավեճի մոդելը եւ հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ։ Հաղորդումները եւ հրապարակումները չպետք է կրոնական, ազգային, սոցիալ-տնտեսական կամ մշակութային հողի վրա անվանարկեն որեւէ անձի կամ խմբերի եւ պետք է պահպանեն վարվելակերպի եւ ճաշակի ընդհանուր չափանիշները։
Հաղորդումները եւ հրապարակումները չպետք է պարունակեն նյութեր, որոնք կարող են մեկնաբանվել որպես բորբոքիչ կամ բռնություն հրահրող։ Հուզումների կամ այլ լարված իրավիճակների վերաբերյալ ծրագրերը պետք է լինեն հավասարակշռված եւ փաստական։
Քարոզչությունից խուսափելը
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը սատարում է ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները, որոնք բնորոշ են ժողովրդավարական երկրներին։ Այդուհանդերձ, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը չպետք է քարոզի որեւէ առանձին քաղաքականության որդեգրում կամ օրենսդրության ընդունում, իսկ ռադիոկայանի ծրագրերը չպետք է կողմ կամ դեմ լինեն ընտրովի կամ նշանակովի պաշտոնների հավակնող թեկնածուներին։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը սատարում է բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը` Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կոնֆերանսի Հելսինկյան եզրափակիչ ակտին համահունչ։ Այդուհանդերձ, հաղորդումները կամ հրապարակումները չպետք է քարոզեն կամ սատարեն անջատողական շարժումները։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը սատարում է բոլոր անձանց ճանապարհորդելու եւ միգրացիայի ազատությունը` համապատասխան միջազգայնորեն ճանաչված նորմերի։ Այդուհանդերձ, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները եւ հրապարակումները չպետք է հրահրեն դասալքություն կամ խրախուսեն արտագաղթը:
Վարքականոնը
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի աշխատակազմը եւ թղթակիցները պետք է իրենց վարքում պահպանեն էթիկական ամենաբարձր չափանիշները` հատուկ ուշադրություն դարձնելով շահերի բախումից խուսափելու, կամ անձանց եւ խմբերի հետ իրենց հարաբերություններում` Հեռարձակման տիրույթում կամ դրանից դուրս, քաղաքական կամ կոմերցիոն շահերի դրսեւորումներից։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցները եւ թղթակիցները ոչ մի դեպքում չպետք է չարաշահեն իրենց կարգավիճակը որպես հրապարակային դեմքեր կամ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բարի համբավը` իրենց անձնական շահը առաջ մղելու կամ եկամուտ ստանալու համար։