Մարտի 1-ի արյունալի իրադարձություններն ուսումնասիրող նախկին Փաստահավաք խումբն, ըստ խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանի, երկու անգամ հարցաքննել է Ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին։
Առաջին անգամ, Սաֆարյանի փոխանցմամբ, նա վախվորած է եղել, երկրորդ անգամ՝ գոտեպնդված։
«Ես հիշում եմ, որ առաջին հարցաքննության ժամանակ նա ուներ շատ վախվորած կեցվածք, հարցերին պատասխանում էր շատ կցկտուր և շատ հուզված էր։ Հասկանում էինք, որ ինչ-որ բան այն չէ այդ մարդու պահվածքում։ Սակայն, անկեղծ ասած, որ բուն սպանությանն ինքն առնչություն կունենար... այնպես չի, որ կասկածներ չունեինք, որ Ներքին զորքերը զենք է կիրառել, ունեինք էդպիսի կասկածներ, ընդհուպ սպանվածներից մեկի անվան հետ կապվում էր Ներքին զորքերի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունը, հետագայում կհրապարակեմ նաև դա։ Սակայն, կոնկրետ հենց Գեղամ Պետրոսյանի անունը չկար։ Բայց ես չեմ զարմանում, որ Գեղամ Պետրոսյանը կարողանար այդպիսի վարքագիծ դրսևորեր, որովհետև երկրորդ անգամ, երբ որ Գեղամ Պետրոսյանին հարցաքննում էինք, Գեղամ Պետրոսյանն արդեն եկել էր շատ դուխավորված և սկսեց ավելորդ հորդուբորդ անել, շատ վրդովված էր, թե ինչո՞ւ է Փաստահավաք խումբն իրեն երկրորդ անգամ հարցաքննության հրավիրել», - ասաց Փաստահավաք խմբի նախկին անդամը։
Սեդա Սաֆարյանը պնդեց՝ Ոստիկանության Ներքին զորքերը բավականին լուրջ, ծանրակշիռ մասնակցություն է ունեցել մարտիմեկյան իրադարձություններին և քրեական գործի քննված հատորներում էլ երևում է այդ մասնակցության աստիճանը։
«Շատերն են ասում, որ «զորքն է շարված», «ոստիկանություն է շարված», ու «ոստիկանության կողմից կրակոցներ եղել են»։ Այսինքն՝ այդպիսի ցուցմունքներ կային, բայց անհատականացնել դրան, մեզ չհաջողվեց, որովհետև, հիշում եք, կիսատ մնաց մեր աշխատանքը, բայց լավ է, որ Հատուկ քննչական ծառայությանը հաջողվել է մեկ սպանության կապակցությամբ ապացույցներ ստանալ։ Կարծում եմ, որ հավաստի կլինեն դրանք», - ասաց Սաֆարյանը։
«Ազատության» հարցին, թե երկրորդ անգամ Գեղամ Պետրոսյանին ինչո՞ւ կանչեցին Փաստահավաք խումբ, առաջին հարցաքննությո՞ւն էր կասկածներ հարուցել, Փաստահավաք խմբի նախկին անդամը պատասխանեց. - «Նրա կցկտուր խոսքը, և դրանից հետո մենք լսեցինք նաև, ես հիշում եմ, բազմաթիվ զինվորականների և ոստիկանության աշխատողների, և ինչ-որ նորություններ հնչեցրեցին, որոնք չէին համապատասխանում Գեղամ Պետրոսյանի խոսքին, որով պայմանավորված կրկին անհրաժեշտություն առաջացավ, նաև զենքի կիրառման հետ կապված խնդիրներ ունեցանք, բայց Գեղամ Պետրոսյանի մոտ ինչն էր, որ շատ նկատվում էր, որ իշխանության ջատագովներից մեկն է։ Հիշում եմ, երբ որ խոսակցություն գնաց, թե «ինչո՞ւ եք ժողովրդի վրա էդպիսի մեծածավալ մասշտաբի միջոցառում ձեռնարկել, ինչո՞ւ եք զորքը բերել, ինչո՞ւ եք զենք կիրառել, ինչո՞ւ եք այս ամեն ինչն արել», ինքն առաջիներից մեկն էր, որ շատ վրդովված ասում էր՝ «տիկին, իսկ ի՞նչ է, ուզում էիք, որ հեղափոխություն լիներ»։
Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդեց, որ Մարտի 1-ի գործով սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը։ Նա կասկածվում է 10 զոհերից մեկի՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության համար:
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: