Մարտի 1-ի գործը, ամենայն հավանականությամբ, ՀՔԾ-ի փոխարեն կքննի նոր ձևավորվող Հակակոռուպցիոն կոմիտեն, որը դեռ չի էլ սկսել իր աշխատանքները, «Ազատությանը» փոխանցեցին առաջիկայում լուծարվելիք Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)։
ՀՔԾ-ից դեռևս չեն մեկնաբանում, թե ինչպես կարող է կոռուպցիոն գործեր քննող նորաստեղծ կառույցը զբաղվել նաև սպանության, ապացույցների կեղծման, ոչնչացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու դրվագներից բաղկացած բազմահատոր գործով։
2008-ի հետընտրական բախումների զոհերի հարազատները, որ հույսով էին լցվել 2018-ի հեղափոխությունից հետո, այժմ էլ ստիպված են սպասել այս նոր կառուցվածքային փոփոխություններին։ Մինչ այս, սակայն, անցած 13 տարիների ընթացքում որևէ մեկը չի դատապարտվել մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունների համար։
«Լավ, հարյուրավոր տեսախցիկներ կային 2008 թվականի մարտի 1-ին, լավ, էդքան նկարահանված է՝ ջարդած, փշրած, սպանած, ինչո՞ւ չեն կարողանում բացահայտել, կամքի ո՞ւժ է պետք, չգիտեմ ինչ է։ Չգիտեմ, ես երևի անմիջապես հանդիպեմ վարչապետին և ասեմ, որ թող ազգային անվտանգությունը, դատախազությունը, քննչականը ուսումնասիրեն, սենց չի լինի», - ասաց Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։
2008-ին հետընտրական հավաքների ժամանակ մայրաքաղաքի կենտրոնում զոհված 28-ամյա Գոռ Քլոյանի հայրը տարակուսած է՝ ինչո՞ւ գոնե հեղափոխությունից հետո չկարողացան բացահայտել տասը սպանությունները։
«Նրանք պատճառաբանում են, որ չեն կարողանում կրակված փամփուշտները հայտնաբերել։ Բերում ենք մի փամփուշտ, տալիս ենք փորձագետին, փորձագետն ուսումնասիրում է, մենք նորից գնում ենք, հասնում ենք Ղարաբաղ ինչ-որ մի փամփուշտի հետևից, ահագին ժամանակ է անցնում», - նշեց Քլոյանը։
«Ազատության» հարցին՝ դա արդարացվա՞ծ է համարում, Գոռ Քլոյանի հայրը պատասխանեց. «Իհարկե, ոչ, ես ընդհանրապես այդ փամփուշտներին ուշադրություն չեմ դարձնում»։
Քլոյանը հիշում է նորանշանակ կոմիտեի նախագահ, հեղափոխությունից հետո ՀՔԾ պետ նշանակված Սասուն Խաչատրյանի հայտարարությունը այս գործով բեկումնային բացահայտումների մասին, դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ վկայակոչելով Խաչատրյանին՝ շտապել էր հայտարարել. «Մենք կարող ենք ասել, որ Մարտի 1- գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է»։
«Չերյոմուխա»-ից սպանված Գոռի հայրը, որ որդու զոհվելուց հետո բախտակիցների հետ սեփական հետաքննություններն է արել վերջին 13 տարում, վկայակոչում է քննիչների հետ հանդիպումները։ Նրան փոխանցել են, որ չեն կարողանում փամփուշտները հայտնաբերել։ Բայց կարող են այլ ապացույցներ էլ գտնել, կարծում է որդեկորույս հայրը ու հավելում՝ ցավոք, իրավապահները չկարողացան առաջ գնալ այս գործում։
«Ինչի՞, օրինակ, ես չլինելով իրավաբան իմ սեփական հետազոտություններն եմ անում, բայց ազգային անվտանգությունում ինչքան աշխատողներ կան, մի հատ հետաքրքրվեն՝ ո՞վ է նկարահանել, ո՞ւմ հեռախոսով կա նկարահանած, հետաքրքրվեն՝ ժամկետային զինծառայողներ ունենք այդ ժամանակ, մեր հայաթում էլ ծառայողներ կան, որ անմիջապես Տիգրան Աբգարյանի կողքին է եղել, ոնց է սպանվել Տիգրան Աբգարյանը։ Մի հատ գնան իրանց տները, էդ զինվորների հետ հանդիպեն, բացատրական աշխատանք տանեն, օգնեն բացահայտեն սպանողներին», - ասաց Սարգիս Քլոյանը։
Ինը զոհերի հարազատների փաստաբան Տիգրան Եգորյանը ևս կարծում է, որ 2018-ից հետո բացահայտմանն ուղղված կամքը նվազել է։ Այնինչ ոստիկանությունն ու Ազգային անվտանգությունը կարող էին նպաստել բացահայտմանը, իսկ իշխանությունները կարող էին բարելավել դատական համակարգը։
«Օգտվելով առիթից, հետևողականության բացակայությունից նախկինում իրենց գործած մեղքերը պաշտպանում են, այլ ոչ բացահայտում, սա համակարգային խնդիր է, որի կապակցությամբ լուծումներ չկարողացավ գտնել իշխանությունը», - ընդգծեց Եգորյանը։
Դեռևս չլուծարված Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են միայն, որ նախաքննությունը շարունակվում է։ Մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ենթակաները արդարացվեցին Սահմանադրական դատարանի որոշումից հետո, երբ նրանց մեղսագրվող հոդվածը հակասահմանադրական ճանաչվեց։ Իսկ զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանն էլ ավելի քան երկու տարի առաջ ազատ արձակվեց երկամսյա կալանքից։
Նրա փաստաբանի փոխանցմամբ՝ գործի նյութերում կան տվյալներ, որ Զաքար Հովհաննիսյանի մահվան ժամանակ Գեղամ Պետրոսյանը այլ վայրում է գտնվել և որ զոհվածի մարմնից հանված գնդակը չի արձակվել Գեղամ Պետրոսյանին ամրակցված զենքից։ Հայտնի չէ, թե այս պահին ինչ աշխատանքներ են ընթանում սպանությունների բացահայտման համար։