Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի ողջ ընթացքում օլիգարխներից Լևոն Սարգսյանը հեռախոսով հաշվետվություն է ներկայացրել Հովիկ Աբրահամյանին․ Սեդա Սաֆարյան


Մարտի 1-ի արյունալի իրադարձություններին օլիգարխների և նրանց թիկնապահների մասնակցության վերաբերյալ տեղեկությունները բավարար են, և դրանց վերաբերյալ կան վկայություններ:

Այս մասին «Ազատության» հետ զրույցում պնդեց Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ ընդգծելով, որ նախկին հանրապետական պատգամավոր Լևոն Սարգսյանը, ով առավել հայտնի է «Ալրաղացի Լյովիկ» մականունով, ներգրավված լինելով մարտիմեկյան իրադարձություններին, այդ օրը պարբերաբար հեռախոսով հաշվետվություն ներկայացրել Հովիկ Աբրահմայնին՝ նրան դիմելով Արգամիչ:

Ըստ Սեդա Սաֆարյանի այդ մասին ցուցմունքներ կան․ - «Բազմաթիվ անգամ քննարկվել է օլիգարխիկ համակարգի միջամտությունը Մարտի 1-ի դեպքերին, նրանց կողմից իրային պահեստից զենք, ռազմամթերք ստանալը, հագուստ ստանալը: Ընդ որում, քրեական գործով հիմնավորված է, որ կառավարության շենքի մոտ հագուստներ ստացել են նաև Լևոն Սարգսյանի թիկնապահները: Այդ կապակցությամբ հանցաքննվել են նաև այդ թիկնապահներից որոշ խումբ, և եղել են մարդիկ, որոնք ընդունել են, որ այո, ստացել ենք, առերես պնդումներ են եղել այս կապակցությամբ: Բայց հետաքրքիրը նա է, որ այդ ամբողջ օրը Լևոն Սարգսյանը և որոշ մարդիկ իրար հետ ամբողջ մարտիմեկյան, և՛ սկզբում, և՛ առաջ, և՛ ընթացքում, և՛ հետո, մարտիմեկյան ողջ գործընթացին առնչվել են: Եվ կա, որ անվերջ Լևոն Սարգսյանը հաշվետվություն է ներկայացրել, դիմման ձևը Արգամիչ է եղել, և կարծում եմ, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է դա եղել: Ցուցմունքներ կան այս կապակցությամբ, որ զանգերը նրան են ուղղված եղել, նրան է հաշվետվություն տրվել: Ինչ են արել, ինչ չեն արել, գոհ են, գոհ չեն․․․ այս խնդիրներ են քննարկվել: Իսկ երեկոյան ինչ-որ տեղ հավաքվել են, և այդտեղ Լևոն Սարգսյանը զենքեր է դրել և ասել, որ սրանք պատմական զենքեր են: Այդ պատմական լինելու հանգամանքը նախաքննական մարմինը պետք է որ քննության առարկա դարձնի, տեսնենք դա ինչո՞վ է պատմական»:

«Ազատություն»․ - Իսկ կա՞ն ցուցմունքներ, որ կրակել են այդ զենքերից:

Սաֆարյան․ - Այս գործի շրջանակում հարցաքննում են, և դեռ շարունակվում է դրա բացահայտումը: Ես չեմ ուզում դրա հետ կապված նախնական կարծիք ասեմ: Ես ուզում եմ ասել, որ Մարտի 1-ին օլիգարխների մասնակցության վերաբերյալ տեղեկությունները շատ բավարար են»:
Լևոն Սարգսյանից բացի, Սեդա Սաֆարյանի փոխանցմամբ, վկայություններ կան, որ Մարտի 1-ի արյունալի իրադարձություններին մասնակցություն են ունեցել նաև այլ օլիգարխներ, այդ թվում հանրապետական նախկին պատգամավորներ Մհեր Սեդրակյանը, Ռուբեն Հայրապետյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և այլք: Փաստաբանը չի բացառում , որ շատ անձանց արարքներին առաջիկայում հնարավոր է քրեաիրավական որակում տրվի:

Սաֆարյան․ - Ծառուկյանինը հիմնականում շրջանառվում է ոչ միայն ռազմամթերքի առումով, այլ նաև մթերք տրամադրելու առումով, մեծ գումարների մասին է խոսք գնում, որ վճարվել է: Շատերի [անունները կան]. երևի թե, այն, ինչ որ փաստահավաք խմբում այդ ցուցակը կար, այդ ցուցակի գրեթե բոլոր մարդիկ:

«Ազատություն»․ - Վկայություններ կա՞ն:

Սաֆարյան․ - Այո, վկայություններ կան: Կարծում եմ, որ դրանք հաստատված հանգամանքներ են, հաստատված փաստեր են, հիմնավորված են այդ մասով:

«Ազատություն»․ - Իսկ ո՞ր օրն է, ըստ այդ վկայությունների, Լևոն Սարգսյանը զենքերը բերել-հանձնել:

Սաֆարյան․ - Մարտի 1-ի դեպքերից հետո, երբ որ արդեն զոհերը եղել են: Եվ կարծում եմ, որ պատահական չէ, որ նրանք փախուստի են դիմել և այսօր հետախուզման մեջ են:

Նշենք, որ Ալրաղացի Լյովիկ մականունով Լևոն Սարգսյանն դեռևս անցած տարվանից գտնվում է հետախուզման մեջ․ Ազգային անվտանգության ծառայության հարուցած քրեական գործի շրջանակներում նա մեղադրվում է Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը պատվիրելու մեջ:

Ի դեպ, դեռևս անցած տարի ԱԱԾ-ն քրեական գործի շրջանականերում խուզարկել էր Սարգսյանի առանձնատունն ու բնակարանը և հայտնաբերել մեծ քանակությամբ զենք-զինամթերք:

Ինչ վերաբերում է Սեդա Սաֆարյանի մատնանշած օլիգարխաներից Գագիկ Ծառուկյանին, ապա նա բազմիցս է հերքել, թե որևէ մասնակցություն ունի Մարտի 1-ի իրադարձություններին:

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը այս տարվա հունիսին խոստովանել էր, որ 2008-ի մարտի 1-ի երեկոյան գնացել է կառավարության շենք, բայց պնդել էր, թե մոտ կես ժամ շենքում մնալուց հետո տեսնելով, որ խառնաշփոթ է, հիասթափված թողել-գնացել է տուն:

«Ես այսօր մեկ անգամ ևս պնդում եմ, որ դա (օլիգարխների մասնակցությունը Մարտի 1-ի դեպքերին) ապացուցելու դեպքում այո, հրապարակում պետք է գնդակահարվեն: Մարտի 1-ի օրը եթե իմ մասնակցությունը սննուդով ա եղել, նորից թող Ծառուկյանին գնդակահարեն», - հավելել էր նա:

Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներգրավվածության վերաբերյալ Սեդա Սաֆարյանի պնդումներին, ապա Աբրահամյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG