«Ինչքանով էլ զարմանալի է, մենք ողջ ենք մնացել»
19-ամյա Կարեն Մանուկյանը չորս ամիս անցկացրել է ադրբեջանական բանտում․ գերությունից վերադարձել է փետրվարին։
«Հույս չունեինք, առաջին մի քանի օրը հաստատ հույս չունեինք. մեզ գերեվարել է «Գորշ գայլեր» իրենց ջոկատը, որն ամենաարնախում խումբն է: Ինչքանով էլ որ զարմանալի է, մենք ողջ ենք մնացել», - «Ազատության» հետ զրույցում պատմում է նա:
Ընդամենը 3 ամսվա զինծառայող էր, երբ պատերազմը սկսվեց։
«Մնացինք շրջափակման մեջ, այդ օրերին պետք է շրջափակումից դուրս գայինք, բայց չկարողացանք: Շրջափակումից դուրս գալու ժամանակ վիրավորվեցինք… մոտավորապես այդ դիրքի կողմը 300 զինվոր էինք, երևի մեր 400-500 հոգանուց գումարտակից հիմա 50 հոգին ողջ-առողջ դժվար թե լինի, մի 20 հոգի: Նույն օրը երեկոյան` գերեվարվելու երեկոյան արդեն տեղափոխեցին մեզ Բաքու, Բաքվի կենտրոնական КГБ-ում տեսել եմ ընկերոջս` Սիրունյան Նարեկին, իր հետ եմ նստել վերջին մի քանի օրը, բայց իմացել ենք, հասկացել ենք, որ շատ կան»:
«Վազելով ենք բարձրացել ճանապարհը, որ իրեն դիմավորենք»
Հայրը՝ նախկին գյուղապետ Արայիկ Մանուկյանը, որդուն սպասելու երկարուձիգ ժամերը կրճատել է ստեղծագործելով։ Վստահ չէր, որ տղային տեսնելիս հարմար բառեր կգտնի, նախապես էր գրել:
«Կարմիր խաչը մեզ զանգահարեց, ասաց` նամակ գրեք, գնում են Կարենին տեսակցության: Մենք նամակը տվեցինք Կարմիր խաչին, բայց նամակը չի հասել, ինքն ավելի շուտ է տուն եկել», - հիշում է Կարենի մայրը՝ Անուշը: Որդու վերադարձից հետո էլ առանց տագնապի չի կարողանում վերհիշել անցածը։ Տղայի անունը նախ զոհվածների ցուցակում են տեսել, հետո ադրբեջանական տեսանյութերում. «Որ ասացին` Կարենն է գալիս, մենք չգիտեինք, թե ինչ ձևով ենք դիմավորել, վազելով ենք բարձրացել ճանապարհը, որ իրեն դիմավորենք»:
«Պետք է այնպես ապրես քո ամեն մի օրը, որ քո զոհված ընկերոջ փոխարեն էլ ապրես», - շեշտում է Կարենը, նրա վստահությունը, սակայն, երկար չի տևում․ իր պատկերացրածի պես ապրել դեռ չի կարողանում: Աշխատանք գտնելն ամենաբարդն է՝ զինգրքույկի մեջ հայտնված մեկ հատիկ բառի պատճառով վարորդական իրավունք անգամ չի կարող ստանալ. «Նեռվային հիվանդի հոդված է...նշված է, {որ գերության մեջ է եղել}, բայց ասում է` գերի ընկնելը հիմք չի, որ քեզ ազատենք ծառայությունից»:
Հիմա օգնում է մորը ընտանիքի փոքրիկ խանութում։ Պետությունից ֆինանսական աջակցություն էր ստացել, բայց ծախսել է ոչ թե սեփական կարիքների համար, այլ, իր խոսքով, շատ ավելի կարևոր գործի` հուշաքար-աղբյուր է կառուցել, ծառ-ծաղիկ տնկել ճամփի վրա, որպեսզի անցնող-գնացողը հիշի ընկածներին ու սպասի նրանց, որ դեռ կգան։
Պաշտոնական թվերն ու իրավապաշտպանների տվյալները տարբերվում են
2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը սահմանում էր բոլոր ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում։ Հստակ ժամկետ, սակայն, չէր ամրագրում։ Մեկ տարի է անցել, այսօր էլ բազմաթիվ հայ զինվորներ դեռ տուն չեն եկել։
Թե կոնկրետ քանի հայ գերի է մնում Ադրբեջանի բանտերում, պաշտոնական Երևանը չի հստակեցնում։ Պատերազմի տարելիցին Հանրային ՀԸ տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց միայն այն թիվը, որ Բաքուն է հաստատել։
«Պիտի ընդգծեմ, որ այսօր մեզ հաստատված 40 գերիներից մեծ մասը` 90 տոկոսը, գերեվարվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո և մինչև այժմ չեն արձակվել` ի հեճուկս հայտարարության», - ասաց գործադիրի ղեկավարը:
Իրավապաշտպանների տվյալները, սակայն, տարբերվում են: Եվրադատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանույշ Սահակյանը վստահեցնում է՝ կան հստակ ապացույցներ, որ Բաքվում պահվող հայերի թիվն առնվազն 3 անգամ շատ է և հասնում է 120-ի։
«Մենք կարողացել ենք հիմնավորել ևս 80 անձի գերեվարման հանգամանքը, ընդ որում՝ այդ 80-ից 44-ի պարագայում ունենք տեսանյութեր և լուսանկարներ, որոնց իսկությունը ստուգված է, որոնցում ներկայացված անձանց ինքնությունը պարզաբանված է, տեսանկարահանման կամ լուսանկարահանման վայրը և այլ հանգամանքները բացահայտված են: Այսինքն՝ մենք կասկած չունենք, որ 80 անձ ևս գերեվարված է եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լրացավ եռակողմ հայտարարության ստորագրման մեկ տարինԻ դեպ, բոլորովին վերջերս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը ևս նշել էր, որ Բաքուն թաքցնում է հայ գերիների իրական թիվն ու պահման վայրերը։ Դրանով, ընդգծել էր Արարատ Միրզոյանը, Ադրբեջանը լուրջ հիմքեր է ստեղծում ենթադրելու, որ «առկա է բռնի անհետացումների իրավիճակ»։
Ադրբեջանական բանտում մնացած հայերին այսօր հարազատների հետ միայն մեկ օղակ է կապում՝ Կարմիր խաչը։ Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին հրաժարվում է կոնկրետ թիվ հրապարակել, բայց հավաստիացնում է, որ տեսակցում են գերիներին, ապահովում են կապը ընտանքի հետ, մտահոգություններն էլ փոխանցում կողմերին։
«Թվի հետ կապված հարցերը, իհարկե, բավականին մեծ հետաքրքրություն և կարևորություն ունեն նաև հասարակության մեջ, սակայն ինֆորմացիան, որ մենք ունենք, հիմնականում մեր փակ կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում` հաշվի առնելով բոլոր այն հանգամանքները, որ կարող են խանգարել այս առումով մեր բնականոն աշխատանքին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի ընդգրկվում իր տեսակով, իր մանդատով բանակցությունների վերջ այդ անձանց վերադարձի, մեր աշխատանքի հիմնական ուղղությունը վերահսկումն է այս ընթացքում այս անձանց հանդեպ վերաբերմունքի, վիճակի», - բացատրում է Ամատունին:
Բաքուն, մինչ այդ, շարունակում է պնդել, թե վերադարձրել է բոլոր գերիներին, իսկ նրանք, որ շարունակում են մնալ բանտերում, ոչ թե գերի են, այլ՝ ահաբեկիչ, քանի որ ձերբակալվել են հրադադարից հետո։
Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղից գերեվարված տասնյակ հայ պահեստազորայիններ հենց այդ հոդվածով այս տարի դատապարտվեցին 6 ամսից 4 տարվա ազատազրկման։ Ավելի ծանր մեղադրանքներով՝ 20 տարվա ազատազրկման դատապարտվեցին լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանն ու Արցախի առաջին պատերազմի մասնակիցներ Ալյոշա Խոսրովյանը և Լյուդվիգ Մկրտչյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպե՞ս կարող է որդիս ահաբեկիչ լինել, երբ գերեվարվել է հայկական վերահսկողության տարածքից. հայ ռազմագերու մայր«Այս ողջ դատավարությունների ընթացքն արհեստական է, և մենք ունենք հրապարակումներ նաև, որ ադրբեջանական կողմը ինչ-որ տարածքների նկատմամբ է վերահսկողություն ուզում սահմանել գերիների դիմաց, բանակցությունների ժամանակ է ճնշումներ գործադրում և այլն», - նկատում է Մարդու իրավունքների պաշտպանը:
Արման Թաթոյանը գերիների նկատմամբ քրեական գործեր հարուցելը որակում է պատերազմական հանցագործություն. «Մի պահ պատկերացնենք` նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ կետը չլիներ, և ի՞նչ է` իրենք կարո՞ղ էին գերիներին չվերադարձնել: Իհարկե, ոչ, որովհետև միջազգայնորեն է դա երաշխավորված: Ցանկացած պատերազմի ավարտի հետ կապված կանոն է, որ դու բոլոր գերիներին վերադարձնում ես»:
Թե երբ կգան մյուս գերիները, հայտնի չէ
Առաջին օդանավը Երևան ժամանեց հրադադարից մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 14-ին` ռուսական խաղաղապահների այդ ժամանակվա հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ:
Սա ամենամեծ խումբն էր՝ միանգամից 44 մարդ։ Հետո Միացյալ Նահանգների, Վրաստանի ու Եվրամիության աջակցությամբ եկան ևս 15-ը։ Գերիներին բերող վերջին ինքնաթիռը Բաքվից Երևան եկավ հոկտեմբերին:
Օդանավակայան էին եկել տասնյակ ընտանիքներ, բայց միայն հինգը երջանիկ լուրն առան։ Թե երբ կգան մյուս գերիները, մինչև օրս մնում է անհայտ, Հայաստանի իշխանությունները հստակ պատասխան չեն տալիս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է` բոլոր հնարավոր ջանքերը գործադրում են նրանց վերադարձնելու համար, հավաստիացրել է` կասկած չկա` նրանք բոլորը վերադառնալու են:
Հայկական կողմը գերիների հարցով բողոքներ է ներկայացրել ոչ միայն Ստրասբուրգի, այլև Հաագայի՝ ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Մինչ դատաքննության մեկնարկը Երևանը պահանջում է միջոցներ ձեռնարկել, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի գերիներին ու քաղաքացիական անձանց։ Ավելի քան 250 գանգատ էլ ներկայացվել է ՄԻԵԴ՝ գերիների հիմնարար իրավունքը խախտելու վերաբերյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինչև տարեվերջ հայտնի կլինի Հաագայի դատարանը կբավարարի Հայաստանի՝ հրատապ միջոց կիրառելու դիմումը, թե ոչ«Ինչ վերաբերվում է մյուս տեսակի գործերին, որոնք կարող են ներառել, օրինակ, խոշտանգումներ, դիտավորյալ սպանություններ, արտադատական սպանություններ, ապա այս առնչությամբ մենք ունենք շուրջ 300 զոհեր, և նրանց հետ կապված իրավական գործընթացներ ևս ընթանում են», - նշեց Սիրանույշ Սահակյանը:
Հայաստանի օմբուդսմենը ևս հայ գերիների խոշտանգման մասին հատուկ զեկույց է ներկայացրել միջազգային տարբեր կառույցների։ «Բռնություն, ստորացում, կտտանքներ», մանրամասները իրենք՝ հայրենիք վերադարձածներն էին պատմել. «Էն որ արդեն իրենք ասում են` ասա Ղարաբաղ Ադրբեջան, դա մի այլ կարգի մեծ տանջանք է»:
Գերությունից վերադարձած Կարենը ևս պատմեց, որ Բաքվում հրաժարվել է վիրահատությունից, քանի որ սահմռկեցուցիչ պատմություններ է լսել. «Այնտեղի վիրահատությունն ավելի լավ է, որ չլինի. ավելի վատ ասելով` առանց նարկոզի»:
Գերիների հարցը` հրապարակային առևտրի թեմա
ՄԻՊ Արման Թաթոյանը վստահ է՝ Բաքուն շարունակում է իր արհամարհական կեցվածքը, քանի որ պատշաճ արձագանք չի ստանում. «Իսկ անպատիժ մնացող մարդը, հանցանք կատարած, անպատիժ մնացող մարդը էլ ավելի հակված է դաժան հանցագործություններ կատարել: Դրա համար գերիների հետ կապված այս վիճակը բացահայտ առնչվում է հենց նրանց ցեղասպան քաղաքականության հետ, ավելին` զուգահեռ ավարի պուրակը որ բացել էին, նրանք հատուկ էին դա արել նաև մեր գերիների պատկերներով` նմանությամբ»:
Գերիների հարցն անգամ հրապարակային առևտրի թեմա դարձավ։
Ամիսներ առաջ Ադրբեջանը մի տեսանյութ հրապարակեց, որտեղ նախագահ Ալիևը դժգոհում էր Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղադրված ականներից, Թուրքիայի նախագահի տիկին Էմինե Էրդողանն էլ հարցնում՝ գերիներ չունե՞ն, թող նրանց մաս-մաս փոխանակեն։ Զրույցը տեղի էր ունեցել հունիսին՝ Շուշիում։ Մեկ ամիս չանցած Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց ևս 15 տղաների՝ Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների ականապատման քարտեզների դիմաց։
«Պատերազմից հետո, այո, նույնպես կյանք կա, քաղաքացիական բնակչության կյանքի վերականգնում կա, և ականազերծման քարտեզների կամ ականազերծումների հարցը պետք է լուծվի ամեն դեպքում, բայց դա չի կարելի որևէ կերպ կապել գերիների հետ: Բացարձակ անթույլատրելի է, դա նշանակում է ադրբեջանական իշխանությունների մանիպուլյացիաներին ընդառաջ գնալ` մաքուր, մարդկանց առևտուր է գնում», - կարծում է Արման Թաթոյանը:
246 մարդ համարվում է անհետ կորած
Հունիսի 20-ի ընտրությունների քարոզարշավին վարչապետ Փաշինյանը հաճախ էր խոսում գերիների մասին. «Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար, և այո, նրանց մեզ կներեն 1-2 ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը»:
Հետո հայտարարություններն ավելի ու ավելի հազվադեպ դարձան՝ ստիպելով հարազատներին իրենց ցավը հիշեցնելու համար ճանապարհ փակել կամ ցույցի գալ վարչապետի նստավայրի մոտ։ Վերջերս էլ տղաների նկարներն էին ճարահատյալ փակցրել կառավարության շենքի պատուհաններին։ Դժգոհում են, բայց տեսախցիկների առջև խոսել քչերն են ուզում` մտավախություն ունեն, որ ամեն մի բառը կարող է գերության մեջ գտնվող հարազատին վնասել:
Արդեն մեկ տարի 19-ամյա որդուն փնտրող մայրն իր պատմությունը պատմեց միայն անանուն մնալու պայմանով։ Վերջին անգամ տղայի ձայնը լսել է նոյեմբերի 6-ի երեկոյան՝ Շուշիից. «Հետո ամսի 7-ին կուրսի աղջիկների հետ է ինքն առավոտյան խոսել` 11:30, բայց 2-ից կապը կորել է: Այդ ժամանակ տղաների վրա հարձակվել են, ինչ-որ ասացին` ռակետ է տրաքել, շատերը զոհվել են, ու շատն էլ կորել են: Ինքն ավարտել էր բժշկականը, ասացին` գնացել է, օգնել է ծանր վիրավորում ստացած տղաներին, ու այդպես չի կարողացել, ընկերոջ հետ զոհվել է: Անհետ բացակայողների ցուցակում էր, հիմա համ էլ ենթադրյալ գերիների ցուցակի մեջ է»:
Պատերազմի ավարտից մեկ տարի անց այս կնոջ նման հարյուրավոր մարդիկ դեռ իրենց հարազատի վերադարձին են սպասում։