Մատչելիության հղումներ

Կոմունիկացիաների ապաշրջափակումը համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կընձեռի․ Միրզոյանը՝ Զալկալիանիին


«Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը նաև նոր հնարավորություններ կընձեռի Հայաստան-Վրաստան համագործակցության ընդլայնման համար», - հայտարարել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ երեկ Թբիլիսիում վրացի պաշտոնակից Դավիդ Զալկալիանիի հետ հանդիպմանը:

Միաժամանակ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Վրաստանի Արտաքին գործերի նախարար փոխվարչապետին ասել է, որ տարածաշրջանի կայունությունը խաթարում է ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցելու հետևանքով ստեղծված իրավիճակը, շեշտել, որ Երևանը կարևորում է խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսում` Մինսկի խմբի հովանու ներքո:

Արարատ Միրզոյանը Թբիլիսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում: Վարչապետի հանդիպումների հիմնական թեման ևս տարածաշրջանային նոր իրողություններն էին, Փաշինյանն ասում էր, որ նոր հնարավորություններ են ստեղծվել, որոնցից պետք է օգտվել:

Ավելի վաղ Երևանում Փաշինյանն արդեն խոսել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին ու ճանապարհները վերագործարկելու մասին:

«Մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ։ Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանը Արևելքը Արևմուտքին, Հյուսիսը Հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին», - ասել էր Հայաստանի գործադիրի ղեկավարը։

Ինպես երկու երկրների վարչապետերի, այնպես էլ արտգործնախարարների հանդիպմանը անդրադարձ եղավ գերիների խնդրին: Երեք ամիս առաջ Վրաստանի միջնորդությամբ 15 հայ գերիներ էին վերադարձել Հայաստան` հատելով վրաց֊ադրբեջանական սահմանը:

Արարատ Միրզոյանը Դավիդ Զալկալիանիին տեղեկացրել է, որ Ադրբեջանը մինչև օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է:

Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան ավարտվում է այսօր` ծովափնյա Բաթումի քաղաքում:

XS
SM
MD
LG