Մատչելիության հղումներ

Գերիներից մեկի ծնողը «Էրեբունի» օդակայանում է իմացել որդու վերադարձի մասին


Երեկ Հայաստան վերադարձած 5 գերիներից մեկի ծնողը պատմում է՝ նախապես չի իմացել, որ տղան Բաքվից Երևան է վերադառնում։ Չձայնագրվելու պայմանով, շիրակցի պահեստազորայինի հայրը հայտնեց՝ պարզապես լսելով գերիների հավանական վերադարձի մասին, այս անգամ էլ շտապել էր «Էրեբունի» օդակայան։

Որ գերիներ են փոխանցվում հայկական կողմին, առաջինը հենց ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին։ Երեկ գերիներին դիմավորողների շարքում հայաստանցի պաշտոնյաներ չկային։

Արդյոք գործադիրում տեղյա՞կ էին գերեվարված պահեզտազորայինների վերադարձի մասին։ Այս հարցին ո՛չ կառավարությունից են հստակ պատասխան տալիս, ո՛չ էլ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանն է պարզաբանում. - «Ես նմանատիպ հարցերի էկեք չպատասխանեմ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ լրագրողների հետ շփման ժամանակ բազմաթիվ խոսքերից կառչում են... չեմ ասում լրատվամիջոցները, այն մարդիկ, ովքեր որոշակի շահ են հետապնդում»։

Իսախանյանն այսօր կառավարության շենքի առջև հավաքված գերիների ու անհետ կորածների ծնողներին դիմավորեց ու նրանցից մի քանիսին ուղեկցեց կառավարության շենք։ Շուրջ 2 ժամ անց էլ դուրս գալով շենքից՝ ծնողները մանրամասներ չներակայացրին, թե գործադիրում ում հետ են հանդիպել, ինչ հարց են քննարկել։ Մտահոգված են՝ հրապարակային խոսքը կարող է վնաս հասցնել իրենց որդիների վերադարձի գործընթացին։

«Մենք ոչ մի բան էլ չենք կարող ասել ձեզ։ Նախընտրում ենք լռել», - ասաց հանդիպման մասնակիցներից մեկը։

«Պատասխանը՝ բանակցություններ են գնում։ Եթե մենք ավել բան ասենք, կարող ա էրեխեքին նեղեն», - հավելեց մյուսը։

Արդյո՞ք գերիների վերադարձի գործընթացքում կառավարությունը ներգրավված է, ո՞վ է այժմ այդ հարցերով զբաղվում։ Վարչապետի օգնականից այդ հարցերի պատասխանը չկարողացանք ստանալ։ Գագիկ Իսախանյանն ասաց միայն, որ այդ հարցով միջգերատեսչական հանձնաժողովն է զբաղվում. - «Գործում է միջգերատեսչական հանձնաժողով, և բոլոր համապատասխան կառույցները և ղեկավարները զբաղվում են։ Էդքանը կարող եմ ձեզ ասել»։

Միջգերատեսչական հանձնաժողովը վարչապետի գլխավորությամբ է գործում, դրանում ընդգրկված են Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և այլ գերատեսչությունների պաշտոնյաներ։ Հանձնաժողովը պարբերաբար խորհրդակցություններ ու քննարկումներ է իրականացնում պատասխանատու գերատեսչությունների ու անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ծնողների հետ։ Վերջինն անցած շաբաթ է անցկացվել, հայտնեցին կառավարությունից՝ առանց այլ մանրամասների։

Երեկ Էրեբունի օդակայանում էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանը, Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատարներ Ռուստամ Մուրադովը, Միխայիլ Կոսոբոկովը և ներկայիս հրամանատար Գենադի Անաշկինը։ Դեռ հայտնի էլ չէ, թե պատերազմից հետո գերեվարված պահեստազորայինները պայմանավորվածությունների արդյունքո՞ւմ են վերադարձվել հայկական կողմին, թե՞ այլ գործոն է դրա վրա ազդել։

Ադրբեջանական լրատվամիջոցները Ադրբեջանի կառավարությունում իրենց աղբյուրին հղում անելով, գրել էին, թե հինգ հայ գերիների վերադարձը բարի կամքի դրսևորում է Ադրբեջանի կողմից՝ ի պատասխան Հայաստանից եկող դրական ազդակների։ Թե ինչ ինչ դրական ազդակների մասին է խոսքը, հայտնի չէ։

Գերիների նախորդ՝ վերջին երկու խմբի վերադարձը տեղի էր ունեցել Բաքվին ականապատ որոշ դաշտերի քարտեզները փոխանցելուց հետո։

Պաշտոնական վերջին տվյալներով անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Պատերազմից հետո մինչ այժմ Ադրբեջանը 114 գերի է վերադարձրել։ Հստակ չէ նաև, թե այժմ քանի հայ գերի է պահվում Ադրբեջանում։

XS
SM
MD
LG