«ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը հայ ժողովրդին ժողովրդավարական իր ուղին անցնելիս»
Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ, այսօր Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղված շնորհավորական ուղերձում նշել է Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը։ Ուղերձում, որի տեքստը այսօր տարածել է Հայաստանի վարչապետի գրասենյակը, ԱՄՆ նախագահը նաև նշում է․
«Վերջին տարվա ընթացքում հայ ժողովուրդը մարտահրավերների բախվեց, այդ թվում` եղան մարդկային ողբերգական կորուստներ՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծավալված մարտական գործողություններով։ Կիսելով հայ ժողովրդի վիշտը՝ մենք ձեռք ձեռքի տված կաշխատենք Ձեր կառավարության հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ տարածաշրջանային ձևաչափերով՝ խթանելու համար տարածաշրջանային կայունությունն ու հակամարտության կարգավորումը»։
Ընդգծելով հայ-ամերիկյան կապերի խորությունը, մասնավորաբար ԱՄՆ տարածքում 1,5 միլիոն հայերի առկայությունը, Բայդենը նշում է. «Միացյալ Նահանգները պատրաստ է եկող տարիներին շարունակել աջակցությունը հայ ժողովրդին ժողովրդավարական իր ուղին անցնելիս՝ աջակցելով, մասնավորաբար, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների առաջմղման, կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության ապահովման Ձեր ջանքերին»։
Սպիտակ տան ղեկավարը Փաշինյանին հղված շնորհավորական ուղերձում նաև խոստանում է Հայաստանին աջակցել կորոնավիրուսի դեմ պայքարում՝ ընդգծելով, որ Վաշինգտոնն այդ նպատակով արդեն իսկ ավելի քան 14 միլիոն դոլարի օժանդակություն է տրամադրել Հայաստանին։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Անկախության օրվա առթիվ հայ ժողովրդին հղված ուղերձում ևս հատուկ տեղ է հատկացված ղարաբաղյան հակամարտությանը։
«Միացյալ Նահանգները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծում գտնելու, մարտական գործողությունների հումանիտար հետևանքների, այդ թվում` բոլոր ձերբակալվածների ազատ արձակման գործում կողմերին օժանդակելու իր հանձնառությանը», -նշված է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։
Այսօր Հայաստանը ստիպված է բախվել լուրջ մարտահրավերների. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղված շնորհավորական ուղերձում այսօր ևս անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին՝ հիշատակելով նաև եռակողմ` հայ-ռուս-ադրբեջանական հայտարարությունները։
«Այսօր Հայաստանը ստիպված է բախվել լուրջ մարտահրավերների: Ելնում ենք նրանից, որ նոյեմբերյան և հունվարյան եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը ամենաբարձր մակարդակով կապահովի Ձեր երկրի և ողջ Անդրկովկասյան տարածաշրջանի խաղաղ, բարեկեցիկ զարգացումը», - նշված է Ռուսաստանի նախագահի շնորհավորական ուղերձում, որի ամբողջական տեքստը տարածել է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Կրեմլի պաշտոնական կայքում փոխարենը՝ Ռուսաստանի ղեկավարի Հայաստանի նախագահին և վարչապետին ուղղված շնորհավորական հեռագրերից միայն կարճ մեջբերումներ են արված։
Պուտինը, մասնավորապես, նշում է. «Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա։ Դրանց հետագա զարգացումը դաշնակցային ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների առանցքային շահերին»:
Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ երկու երկրները սերտորեն համագործակցում են այնպիսի կառույցների շրջանակներում, ինչպիսին են Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը և ԱՊՀ-ն։
Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել. Մակրոն
«Պարոն Նախագահ, սիրելի Արմեն», Հայաստանի նախագահին իր շնորհավորական ուղերձն այսպես է սկսել Ֆրանսիայի ղեկավար Էմանյուել Մակրոնը։
«Գնահատում եմ այն նշանակալի ուղին, որ ուղիղ 30 տարի առաջ անկախության ձեռքբերումից ի վեր, ժամանակակից և ժողովրդավարական պետություն կերտելու համար, անցել է հայ ժողովուրդը», - նշում է Մակրոնը՝ հավելելով. «Ֆրանսիան և Հայաստանը կապված են պատմության մեջ խորապես արմատացած առանձնաշնորհյալ հարաբերություններով»։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը` Մակրոնը նկատում է. «Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել, և այդ ոգով է, որ Հայաստանի կողքին է՝ օգնելու նրան հաղթահարել Լեռնային Ղարաբաղի արյունալի պատերազմից մեկ տարի անց իր առջև ծառացած մարտահրավերները: Այս առումով, Ֆրանսիան մասնավորապես ձեռնամուխ կլինի տարածաշրջանի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը, որն արտացոլում է Հարավային Կովկասի առանձնահատկությունն ու հարստությունը։
Մենք ջանք չենք խնայելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում գտնելու հակամարտության տևական լուծում և հանգելու Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման՝ ի նպաստ տարածաշրջանի զարգացման և բարգավաճման: Դա ենթադրում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսում՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ֆրանսիան` որպես համանախագահող երկիր, պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել այդ հարցում», -նշված է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի շնորհավորական ուղերձում, որի տեքստը այսօր զետեղվել է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքում։
Շնորհավորել է Իրանի նախագահը
Անկախության 30-ամյակի առթիվ Հայաստանի ղեկավարներին շնորհավորական ուղերձ է հղել նաև Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին:
«Երկու երկրներում առկա հնարավորությունների բազմազանությունը, ինչպես նաև տարածաշրջանում և միջազգային ասպարեզում առկա նոր իրողություններն անհրաժեշտ են դարձրել կապերի խորացումը, նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչումն ու գործակցության նոր ոլորտների բացահայտումը», - Իրանի նախագահի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։