Մատչելիության հղումներ

Միջազգային իրավունքի մասնագետը հայ գերիների մեղադրանքի մեղմացումը պայմանավորվում է միջազգային ճնշմամբ


Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյան
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյան

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում երեկ և այսօր հերթական դատավճիռներն են կայացվել 26 հայ ռազմագերիների գործերով։ Նրանք բոլորը դատապարտվել են 6-ական տարվա ազատազրկման։

Ռազմագերիների այս խումբը ևս շիրակցի պահեստազորայիններն են, որոնք գերեվարվել էին պատերազմից հետո, այն ժամանակ դեռ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Խծաբերդի հատվածից։ Ըստ մեղադրանքի, նրանք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել այնտեղ։

Բաքվի դատարանը Հադրութի շրջանում գերի ընկած անձանց մեղավոր է ճանաչել սահմանը հատելու և զենքի ապօրինի շրջանառության համար։ Ադրբեջանի դատախազությունը միջնորդել էր չեղարկել հայ ռազմագերիներին նախապես ներկայացված ահաբեկչության և անօրինական զինված կազմավորում ստեղծելու մեղադրանքները։

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն մեղադրանքների մեղմացումը պայմանավորվում է միջազգային ճնշմամբ. - «Քանի որ քաղաքական ճնշումները Ադրբեջանի վրա մեծանում են միջազգային հանրության կողմից, շատ դժվար է նման պայմաններում տարիներ շարունակ բանտարկյալ պահել։ Որովհետև ամեն ամիս, ամեն շաբաթ պետք է դիմագրավել միջազգային հանրության կոշտ քաղաքական գնահատականներին։ Եվ դրա համար Ադրբեջանը ըստ էության հրաժարվում է տասը, տասներկու, տասնչորս տարվա մեղադրանքներից, մեղմացնում է, որպեսզի կարճ ժամանակ հետո որոշի ազատվել այդ բանտարկյալներից՝ ասենք արտահանձնման եղանակով»։

Հադրութի 13 գերիների մասով, որոնց դատավճիռը կայացվել էր երեկ, դատախազը մեղադրյալներից յուրաքանչյուրի համար պահանջել էր 7 տարվա ազատազրկում և արտաքսում պատիժը կրելուց անմիջապես հետո: Հայ մեղադրյալների շահերը պաշտպանող փաստաբանները պահանջել էին արդարացնող դատավճիռ, իսկ հենց իրենք՝ հայ զինծառայողները վերջին խոսքի իրենց իրավունքի ժամանակ ևս դատարանից խնդրել են արդարացնել իրենց։

Մյուս 13 գերիների մասով, որոնց վճիռը այսօր է հրապարակվել, պաշտպանները հայտարարել էին, որ ամբաստանյալները չգիտեին, որ իրենց բերում են Հադրութ և խնդրել են արդարացնել իրենց պաշտպանյալներին և արտահանձնել հայրենիք:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայ ռազմագերիները պատիժը կկրեն ընդհանուր ռեժիմի գաղութում, իսկ պատժի կրումից հետո բոլորը կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից։

Այս ամսվա սկզբին նույն Խծաբերդից գերեվարված մյուս պահեստազորայինների դատավարությունն անակնկալ ընթացք էր ստացել, նրանց կրկին ծանր ռազմական հանցագործությունների մեղադրանք էր ներկայացվել, սակայն վերջին պահին վեց ամսվա ազատազրկման էին դատապարտվել, որն արդեն կրել էին գերության մեջ, ու հայրենադարձվել։ 15 հոգանոց այս խմբի դատավճռից ժամեր անց պարզվեց, որ Երևանը Բաքվին է հանձնել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։

Հայաստանցի միջազգային իրավունքի մասնագետներն ասում են, որ սա համընկնում է միջազգային իրավունքի՝ պատանդառության հանցակազմի հետ։

Արա Ղազարյանի կարծիքով՝ Ադրբեջանի նման պահվածքը կարող է միջազգային ատյաններում հօգուտ Հայաստանի աշխատել։ Փաստաբանը նաև հիշեցնում է ՄԻԵԴ-ի երեկվա վճիռը, որով միջազգային դատական ատյանը պարտավորեցրեց 2009-ին հայ-ադրբեջանական սահմանին ձերբակալված և 22 ամիս անազատության մեջ պահված Հայաստանի քաղաքացուն 30 հազար եվրո փոխհատուցում վճարել՝ նրա ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը խախտելու և խոշտանգումների համար։

Այսպիսի վճիռներ դեռ շատ կլինեն՝ կարծում է Արա Ղազարյանը. - «Նման գործերով ժամանակը Ադրբեջանի օգտին չի աշխատում։ Որքան ժամանակը ձգվում է, այնքան մեր փաստարկները ավելի հիմնավոր են դառնում։ Նույն հայելանման իրավիճակ է, եթե մենք տեղափոխվենք թեկուզ մեկ տարի առաջ, երբ որ մենք էինք ստատուս քվոն պահում, և ժամանակի ձգձգումը իրավական փաստարկների տեսանկյունից աշխատում էր ի օգուտ Ադրբեջանի և ի վնաս Հայաստանի։ Հիմա ստատուս քվոն Ադրբեջանն է ձգձգում, կոնկրետ իրավական դաշտում։ Թեկուզ ելնելով նրանից, որ Եվրոպական դատարանի հրահանգները որոշ դեպքերում չի կատարում՝ փաստաթղթերի տրամադրում, տվյալների տրամադրում և այլն։ Եվ որքան ժամանակը ձգվում է, այնքան ի օգուտ մեր փաստարկների, ավելի հավաստի են դառնում մեր փաստարկները»։

Որ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդումը ապօրինի է, հայկական կողմը շեշտել է հենց սկզբից՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է Ժնևի կոնվենցիան, որում հստակ սահմանվում է, որ ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ռազմական գործողությունների ավարտից հետո։ Ռազմագերիների փոխանակման մասին կետ կա նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությունում։

Ադրբեջանը շարունակում է պնդել, որ ինքը կատարել է պայմանավորվածությունը, իսկ այն մարդիկ, ովքեր չեն արտահանձնվել Հայաստան, ոչ թե գերի են, այլ լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցումից հետո գերեվարված դիվերսանտներ:

«Պարզ է, որ քաղաքական նպատակներով է, քաղաքական ճնշումների, քաղաքական դիվիդենտներ ստանալու, բանակցություններում առավելություն ունենալու նպատակով է պահում այս բանտարկյալներին, որովհետև նրանք իրականում հանցագործություն չեն կատարել», - այս կապակցությամբ ասաց Արա Ղազարյանը։

Ադրբեջանում գտնվող գերիները, Կարմիր խաչի միջնորդությամբ պարբերաբար տեսահաղորդագրության, զանգերի միջոցով կապ են հաստատում հարազատների հետ, տեղեկացնում իրենց որպիսության մասին։ «Ազատության» հետ զրույցներում գերիների հարազատները չձայնագրվելու պայմանով փոխանցեցին՝ տղաներն իրենց ասում են, որ լավ են և տեսքից էլ ընկճված չեն երևում։

Այս ամիսների ընթացքում 103 գերի է վերադարձել հայրենիք, նաև Բեյրութ է վերադարձել լիբանանահայ Մարալ Նաջարյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG