Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի այսօր Մոսկվայում մեկնարկած հերթական նիստը, որը կշարունակվի նաև վաղը, անցնում է Բաքվից արդեն երկրորդ օրը հնչող հայտարարությունների ֆոնին, թե Երևանից դրական ազդակներ են ստացել։
Դրական ազդակների մասին այսօր նորից խոսել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Խորվաթիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին, հավելելով, թե Բաքուն Երևանից արդեն գործուն քայլեր է ակնկալում․ «Բաքուն հույս ունի, որ Հայաստանի կառավարությունից եկող վերջին դրական մեսիջները ոչ միայն խոսքով, այլև գործնականում դրական արդյունքներ կտան»։
Երեկ էլ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի կառավարությունում իրենց աղբյուրին, գրել էին, թե վերջին շրջանում պաշտոնական Բաքուն դրական է գնահատում Երևանի բարյացակամ դիրքորոշումը։ Եվ հինգ հայ գերիների վերադարձը բարի կամքի ակտ է Ադրբեջանի կողմից՝ ի պատասխան Հայաստանից եկող դրական ազդակների։ Թե հատկապես ինչ դրական ազդակների մասին է խոսքը և կազդեն արդյոք դրանք եռակողմ աշխատանքային խմբի նիստի արդյունքների վրա, հայտնի չէ։
Նիստն անցնում է փակ դռների հետևում։ Հայտնի չէ՝ նիստի ավարտից հետո կլինի հայտարարություն, թե՝ ոչ։
«Ազատության» աղբյուրի համաձայն՝ կողմերը դեռ համաձայնության չեն եկել առանցքային հարցերի շուրջ։ Քննարկումներն այս պահին հիմնականում ընթանում են տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակման դեպքում առաջ եկող իրավական հարցերի շուրջ։
Երեկ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, որ աշխատանքային խումբն ունի որոշակի պատկերացումներ երկաթուղու մասով, նույնիսկ նախնական պայմանավորվածություններ առ այն, որ կարգավորումներն ապաշրջափակման հետ կապված իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում։
Կազմակերպությունում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը «Ազատության» հարցմանն ի պատասխան պարզաբանեց, որ ԱՊՀ շրջանակներում գործում է երկաթգծային հաղորդակցության միջպետական խորհուրդ, որի շրջանակում ընդունվել է շուրջ 300 փաստաթուղթ՝ կառույցի անդամների միջև երկաթուղային կապերին, բեռնափոխադրումներին վերաբերող հարցերը կարգավորելու համար։ Այլ մանրամասներ հայկական կողը դեռ չի հայտնում։
Այսօրվա նիստի նախօրեին Հայաստանի փոխվարչապետն ասել էր, թե եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկում են խորհրդային տարիներին գործող բոլոր երկաթգծերի վերականգնումը՝ չհստակեցնելով, թե դրանցից որ մեկի վերագործարկումն է առաջնային այսօրվա օրակարգում։
Խորհրդային տարիներին Հայաստանը Ադրբեջանի հետ երկաթուղով ու ավտոճանապարհով կապվում էր երկու ուղղություններով՝ Երևան-Նախիջևան-Մեղրի, այնտեղից էլ դեպի Բաքու, և Երևան-Իջևան-Ղազախ՝ այնտեղից էլ դեպի Բաքու կամ Թբիլիսի։
Ադրբեջանը և Թուրքիան, սակայն, խոսում են Երևան-Նախիջևան-Մեղրի երկաթգծի մասին, ավելի ճիշտ «Զանգեզուրի միջանցքի» մասին, թեև հայաստանյան իշխանություններն, այդ թվում՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պնդում են, թե միջանցքի հարց ընդհանրապես չի քննարկվում։
Եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին այս տարվա հունվարին։ Թե տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից բացի ուրիշ ինչ հարցեր են քննարկում երեք երկրների փոխվարչապետերը, հայտնի չէ։ Երեկ Մհեր Գրիգորյանը խոսել էր նաև սահմանազատման մասին՝ հավելելով, թե այս աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ է նախ ուսումնասիրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերաբերող բոլոր երկկողմ և միջազգային փաստաթղթերը։