Մատչելիության հղումներ

Ադրբեջանից երեկ ուշ երեկոյան Հայաստան է վերադարձել երկու հայ գերի


Ադրբեջանից Հայաստան է վերադարձել երկու հայ գերի․ վարորդ Արամայիս Տոռոզյանը և զինծառայող Արթուր Նալբանդյանը գրեթե երկու ամիս առաջ էին կորել Սյունիքում՝ Սև լճից ձախ, Իշխանասարի տարածքում։ Նրանք մարտական հերթապահություն իրականացնողներին սնունդ տանելիս մոլորվել էին։ Պաշտպանության նախարարության տեղեկության համաձայն, մառախուղն էր պատճառը եղել։

Պաշտոնական գերատեսչությունները որևէ տեղեկություն չէին հայտնում նրանց կարգավիճակի կամ գտնվելու վայրի մասին։

Գյումրեցի Նալբանդյանն ու գորիսեցի Տոռոզյանը Երևան վերադարձան երեկ ուշ երեկոյան։ Հայ գերիներին Երևան վերադարձնելու համար Բաքու էր մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի իր առաքելությունն ավարտող Ռուստամ Մուրադովը։

Երևանն էլ Բաքվին է փոխանցել երկու շաբաթ առաջ Արցախում՝ Մարտակերտի բնակարաններից մեկում հայտնված ու ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին։ Այս տեղեկությունն Ազգային անվտանգության ծառայությունն «Արմենպրես»-ին էր հայտնել։

Օգոստոսի 22-ին նույն Սև լճի մոտակայքում էր մոլորվել նաև զինծառայող Արթուր Դավիդյանը։ Ավագ լեյտենանտը, ըստ Պաշտպանության նախարարության, առանց հրամանատարի թույլտվության դուրս էր եկել մշտական տեղակայման վայրից, հետո նրա հետ կապը կորել է։ Նրա մասին էլ ոչ մի տեղեկություն շաբաթներ շարունակ չի հաղորդվում։

Պատերազմից հետո մինչ այժմ Ադրբեջանը 106 գերի է վերադարձրել։ Վերջին երկու խմբի վերադարձը տեղի էր ունեցել Բաքվին ականապատ որոշ դաշտերի քարտեզները փոխանցելուց հետո։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզչության ընթացքում հայտարարել էր, որ հայկական կողմը պատրաստ է Ադրբեջանին տալ բոլոր ականապատ դաշտերի քարտեզները, բայց ոչ միակողմանի։

Ավելի ուշ՝ քարոզարշավի ընթացքում, Փաշինյանը հայտնել էր, որ Ադրբեջանում պահվող հաստատված գերիների թիվը 60 է, վարկած կա ևս 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ։

XS
SM
MD
LG