Մատչելիության հղումներ

«Նորից զրոյից սկսելու եմ». Մարալ Նաջարյանը վերադարձել է Հայաստան


Բեյրութ -Երևան չվերթի ուղևորներից մեկը ուշանում էր, քույրը՝ Անին անհանգիստ էր՝ ինչ եղավ, հետո պարզվում է՝ «Զվարթնոց»-ի անձնագրայինի աշխատակիցներին տարօրինակ է թվացել ուղևորի ժամանակավոր անձնագիրը, ըստ որի նա երկրորդ անգամ է Հայաստան գալիս, բայց նախորդ անգամը չի հեռացել: Ադրբեջանական գերության մեջ 4 ամիս անցկացրած Մարալ Նաջարյանն է:

Մարալն ասում է՝ պարզաբանումները չձգձգվեցին՝ հենց իջեցրեց բժշկական դիմակը. «Ասացին՝ ուր է քո անձնագիրը, ասացի՝ Ադրբեջան մնաց, ասացի, որովհետև ես գերեվարված էի, ասաց՝ դիմակդ իջեցրու, և ճանաչեց ինձ»:

«Նորից եմ զրոյից սկսելու», - ծիծաղում է Մարալը: Նախորդ տարվա օգոստոսի վերջին էր Հայաստան եկել՝ այստեղ հաստատվելու ու նոր կյանք սկսելու համար: Ադրբեջանական երեք բանտերով անցնելուց հետո փորձելու է նորից. «Այս անգամ ավելի սիրահոժար եմ եկել, քանի որ անցած անգամները մի քիչ կմկմալու բան կար՝ ուզել և չուզելու, բայց այս անգամ հարյուր առ հարյուր ուզելով եկա»:​

Պատերազմից ընդամենը օրեր առաջ էր Մարալը վերաբնակեցման ծրագրով հաստատվել Բերձորում՝ վարսահարդար է, մատնահարդար, համով ճաշեր է եփում՝ այդ ժամանակ ոչինչ անել չհասցրեց, հիմա դեռ օդանավակայանի ճանապարհից է գործ փնտրում:

«Կուզեմ իմ գործով աշխատել՝ վարսավիր, մատնահարդար, բայց տեսնենք ով ինձ կառաջարկի՝ մոտը կգնամ աշխատեմ», - ասաց Նաջարյանը:​

6 ամիս Լիբանանում էր՝ նրա հետ հոգեբույժ ու հոգեբան է աշխատել, Մարալն ասում է, Բաքվի բանտերում անցկացրած 4 ամսիները դժվարից ավելի դժվար էին, մի խնդիր ունի, որ չի հաղթահարվում. «Առանձնությունը, հիմա առանձնություն չեմ սիրում, ուզում եմ շուրջս մարդ լինի»:​

«Տեղ հասա՞ր», - Բեյրութից անհանգստանում է Մարալի մայրը՝ տիկին Էլմաստը:

«Լավ բաներ խոսիր», - լավ բաների հույսով հորդորում է մորը, Մարալի քույրը Խարբերդում տուն է վարձակալել, այգի կա: Բերձոր գնալուց առաջ դարձյալ Խարբերդում էին տուն վարձել:

Մարալը գերեվարվել է եռակողմ հայտարարությունից հետո՝ նոյեմբերի 10-ին, լիբանանահայ Վիգեն էուլջեքյանի հետ ճանապարհվել էին իրերը բերելու, իսկ Վիգենի իրերը Շուշիի հյուրանոցում էին: Չգիտեին, որ Շուշին անցել է Ադրբեջանի հսկողության տակ, - ասում է Մարալը. «Ամեն օր լսում էինք՝ իրենք մի տեղ են գրավել, մերոնք ասում էին՝ չհավատաք, մենք էլ չհավատացինք»:​

Շուշի չհասած նրանց կանգնեցրել են ադրբեջանցի զինվորները, Մարալն ասում է՝ կարծում էին պիտի անձնագրերը ստուգեն ու վերջ. «Երբ որ սկսեցին Վիգենին ծեծել, այնտեղ զգացի, որ մենք շատ վատ վիճակի մեջ ենք»:​

Հետո նրանց շղթայված ու փակ աչքերով տեղափոխել են երկար ու լեռնային ճանապարհներով՝ սկզբում ինչ-որ զորամաս, ապա ծանր հանցագործների համար նախատեսված Գոբուստանի, հետո մեկ այլ բանտ. «Այնտեղ երբ մեքենայից մյուսը տարան, այնտեղ շատ վախեցանք, որովհետև բենզիններ կային այդ մեքենայի մեջ, վախեցա, որ մեզ այրեն»​:

Մարալն ասում է՝ ադրբեջանցի զինվորների ագրեսիան մեծացավ, երբ նրանք Վիգենի հեռախոսի լուսանկարների մեջ տեսան նրան զինվորական համազգեստով, առաջնագծում. «Իրենք ավելի ներվայնացան, որ Վիգենը կամավոր էր գնացել զինվոր, և երկրորդ՝ իրենք Վիգենին ստիպել էին, որ ասեր՝ փողով էր կռվել»:

Վիգեն էուլջեքյանն ընդամենը մեկ շաբաթով էր պատերազմի օրերին առաջնագիծ մեկնել, բայց պաշտոնական Բաքուն նրան ներկայացրեց որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան, դատապարտեց 20 տարվա ազատազրկման: Մարալն ասում է՝ Վիգենին ստիպել էին ցուցմունք տալ՝ թե փողով կռվել է, իրեն այդ տեսագրությունը ցույց տվին ու պարտադրեցին նույնը կրկնել:

«Ինձ էլ ստիպեցին, որ իրենց ուզած ձևով ես խոսեմ, ուզես-չուզես իրենց իշխանության տակ ես, ինչ որ ասեն պիտի անես, գերի ես», - պատմեց նա:​

Վիգենը Մարալի նշանածն էր, 4-5 տարի միասին էին: Մարալն ասում է՝ գերության 4 ամիսներին Վիգենին չեմ տեսել, բայց գիտեի՝ նույն բանտում ենք. «Երրորդ տեղը իր ձայնը լսեցի, իմացա, որ նորից հետս է, բայց չտեսա»:​

Մարալը հույս ուներ՝ միասին բանտից դուրս կգային, բայց Վիգենի մի քանի լուսանկարներն առաջնագծից հիմք դարձան, որ Ադրբեջանը մի մեծ մեղադրանք կառուցի. «Միայն աղոթում եմ իր համար, որպեսզի ինքն էլ ազատվի»::

Արդեն կապ չունի՝ երբևէ միասին կլինեն, թե ոչ։

Մարալը Բաքվում հայ գերիների չի տեսել, ասում է՝ ադրբեջանցի զինվորականների խոսքերից էր հասկանում, որ ավելի անխնա են վերաբերվում գերեվարված կամավորներին, պահեստազորայիններին և նույնիսկ տարեց մարդկանց, որոնք հնարավոր է՝ արցախյան առաջին պատերազմին են մասնակցել: Իրեն խնայել են, ենթադրում է, որպես զինծառայությունից, Արցախի բոլոր պատերազմներից հեռու մի կնոջ:

«Դաժան, գեշ բաներ չարին իմ հանդեպ, ավելի կամավոր կռվողների հետ, պարտադիր կոռվողների հետ էլ, կարծում եմ, այդքան չէին վնասել, քան կամավորներին, որովհետև պարտադիր զինվորը պարտադիր է՝ ուզի-չուզի», - ասաց Մարալ Նաջարյանը:​

Ազատվելու հույս Մարալն ստացել է գերեվարումից 3 ամիս անց, երբ նրան Կարմիր խաչից երկու կանայք են այցելել ու վստահեցրել՝ դուրս կգա խցից, մի ամիս էլ է անցել՝ մինչև բացվել է Մարալի բանտախցի դուռը. «Դռան պստիկ պատուհանը բացեցին և այնտեղից ասացին, որ պատրաստվիր կգնաս, ամիս 10-ն էր»:​

Բաքու-Ստամբուլ -Բեյրութ՝ Մարալն ինքն է ցանկացել Բեյրութ տեղափոխվել՝ ուզում էր առաջինը իր երկու երեխաներին ու մորը գրկել, հետո՝ Հայաստան գալ:
Այժմ էլ Բաքվի բանտերում բազմաթիվ հայ գերիներ կան. Մարալ Նաջարյանը նրանց ընտանքիներին է դիմում՝ չի ուզում, որ որևէ մեկը հույսը կտրի. «Պիտի ելնեն, ուշ կամ շուտ պիտի ելնեն, ամեն ինչ Աստծո վրա է»:​

XS
SM
MD
LG