«Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության»
Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս առումով ՀՀ-ն առաջարկում է իրականացնել ռազմագերիների պատանդների, այլ պահվող բոլոր անձանց վերադարձ, ինչպես նաև վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով, և հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը», - հայտարարել է Փաշինյանը` հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող շփումները կողմերին հնարավորություն կտան գտնել ընդհանուր եզրեր և ասպարեզ բացել շատ հարցերի պատասխանները գտնելու համար:
Ադրբեջանի նախագահը, մինչդեռ, երեկ այս նույն ամբիոնից հանդես գալով, կոչ էր արել ՄԱԿ-ի անդամ երկրներին և կազմակերպության քարտուղարությանը չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը: Իլհամ Ալիևը վերստին նշել էր, թե ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է: Պատերազմի ավարտից հետո Ալիևը բազմիցս է հայտարարել, որ ԼՂ հարցը լուծված է:
Վերջերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն էր մի քանի օրերի ընթացքում երկրորդ անգամ շեշտել՝ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չի համարում:
Փաշինյանը խոսել է խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղիների մասին
Հայաստանի ղեկավարը ՄԱԿ-ի ամբիոնից ևս հիշատակել է կառավարության ծրագրի դրույթներից մեկը` խաղաղ զարգացման դարաշրջան բացելը: Այդ նպատակին հասնելու ճանապարհի մասին ուղիներն այսպես է ներկայացրել. «Երկխոսության, մեր տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամության մթնոլորտը քայլ առ քայլ հաղթահարելու միջոցով: Մենք գիտակցում ենք, որ ճանապարհը դժվարին և երկարատև է լինելու: Այսօր էլ ցավոք, գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը, այլև այն առավել համակարգված դարձնելը: Հրադադարի խախտումները, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ արվող ագրեսիվ և վիրավորական հայտարարությունները շարունակաբար լարում են մթնոլորտը»:
Ըստ Փաշինյանի` խաղաղության օրակարգի դեմ ուղղված գործելակերպ է այն, որ ի Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, մինչև օրս գերության մեջ պահել ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիների, նրանցից շատերին էլ շինծու մեղադրանքներով դատապարտելով ազատազրկման: Նաև ընդգծել է, որ կան քաղաքացիներ, որոնց գերեվարված լինելու փաստը Ադրբեջանը մինչև օրս չի հաստատում, չնայած՝ նրանց գերության մեջ լինելու մասին կան հստակ ապացույցներ:
«Սա առավել անընդունելի է դառնում այն ֆոնին, որ 2020 թվականին աշնանը ադրբեջանցի օգտատերերը հրապարակել են կոնկրետ հայ զինվորների գերեվարվելու տեսանյութեր, իսկ ավելի ուշ՝ հայտնաբերվել են այդ զինվորների գլխատված կամ գնդակահարված մարմինները: Մեր գերիների խոշտանգումների ենթարկելու մասին անհերքելի ապացույցներ ունենք», - ասել է նա:
Բաքուն, հիշեցնենք, պնդում է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող տասնյակ հայազգի քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»:
Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին
Հայաստանի վարչապետն անդրադարձել է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, ինչը ևս եռակողմ հայտարարության կետերից է: Ըստ Փաշինյանի` այս խնդրի լուծումը հնարավորություն կստեղծվի տնտեսական կապերի ձևավորման համար, ինչը, ինչպես նշել է, խաղաղ զարգացման կարևոր նախապայմաններից է:
«Տարբերակներ կան, որոնք տարածաշրջանային մեկուսացման և թշնամության մթնոլորտի արձանագրման նպատակ ունեն, բայց կան նաև այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը և թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման միջոց կարող են դառնալ: Մենք հենց այս վերջին տարբերակի կողմնակից ենք:
Եթե բացվի նաև Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա», - հայտարարել է նա:
Կոմունիկացիաների բացման մասին խոսում են երկու կողմերն էլ, ինչպես նաև Թուրքիան: Հայկական կողմը, սակայն, հաղորդակցությունների ուղիների բացման մասին խոսելիս պնդում է, թե միջանցքի հարց չի քննարկվում, կա ապաշրջափակման հարց, մինչդեռ Թուրքիայի ղեկավարը, նախորդ կիրակի հայտնելով Փաշինյանի` իրեն հանդիպելու առաջարկի մասին, հավաստիացրել էր, որ Անկարան պատրաստ է աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, պնդել, թե նման դիրքորոշում ունի նաև Ադրբեջանը, միաժամանակ կրկին խոսել էր Զանգեզուրի միջանցքի մասին։
Սահմանազատման ու սահմանագծման մասին
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցը ևս արծարծվել է կառավարության ղեկավարի ելույթում: Նրա համոզմամբ` այդ գործընթացը հիմա դժվար է նույնիսկ պատկերացնել. գրեթե ամենօրյա պարբերականությամբ սահմանին հնչում են կրակոցներ, և տեղի են ունենում տարաբնույթ սադրանքներ:
«Այն պայմաններում, երբ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 12-ին Սոտք-Խոզնավար հատվածում ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք», - ասել է նա` հիշեցնելով իր ամիսներ առաջ արած առաջարկը` նշված հատվածի երկայնքով տեղակայել միջազգային դիտորդներ, իսկ միջազգային հովանու ներքո մեկնարկել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ:
Մինչ այդ, արդեն երկու շաբաթ է` ադրբեջանցի զինված ծառայողները Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում տեղակայված իրենց հսկիչ կետում կանգնեցնում են իրանական բեռնատարների վարորդներին, ստուգում փաստաթղթերը, գումար պահանջում` հիմնավորելով, որ իրենց երկրի տարածք մուտք գործելու համար հարկ պետք է վճարեն։ Իրանցի երկու վարորդ ձերբակալվել է: Մայրուղու արդեն ադրբեջանական դարձած հատվածով հայկական մեքենաներն անցնում են հայ սահմանապահների ուղեկցությամբ: