Ադրբեջանում դատապարտված կամ վճռի սպասող շիրակցի գերիների ծնողները այսօր առավոտից Երևանում էին. նախ ուզում էին շնորհակալություն հայտնել արդեն արված աշխատանքի համար և ևս մեկ անգամ խնդրել, որ գերիներին վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները ավելի ակտիվացվեն։ Առաջին կանգառը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն էր:
«Հիմա փստաթղթերի փաթեթ կփոխանցենք պարոն դեսպանին, որի մեջ նշված է, թե Ադրբեջանի Հանրապետությունը ինչ վայրագություններ է կատարել մեր ռազմագերիների նկատմամբ», - ասաց հավաքվածներից մեկը:
Նոյեմբերի 9-ին, եռակողմ հայտարարության ստորագրումից հետո այդ ժամանակ դեռ հայկական վերահսկողության տակ գտնվող Հադրութի շրջանի Խծաբերդի և Հին թաղերի տարածքներից նախ շրջափակման մեջ հայտնված, այնուհետև գերեվարված շիրակցի 64 զինծառայողների նկատմամբ Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել՝ լրտեսության, ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու և պատերազմական հանցագործությունների մեղադրանքներով։ Մեծ մասի դատավճիռներն արդեն կայացվել են, պատժի ամենափոքր ժամկետը եղել է 6 ամիսը, որոշները դատապարտվել են 6 կամ 15 տարվա ազատազրկման, ամենաերկարը՝ 20 տարին է, որի վճիռը այսօր է կայացվել։
Գերեվարումից գրեթե 8 ամիս է անցել, այս ընթացքում Կարմիր խաչի միջնորդությմաբ ծնողները կարողացել են հեռախոսով ու տեսահաղորդագրությունների միջոցով տեղեկություն ստանալ իրենց որդիներից։
«Գլուխը կախ խոսում էր տեսանյութով, զանգով էլ ասում է՝ պապա ջան, մի օր կգանք, բայց մի օրը մենք չենք իմանում երբ է», - ասաց հավաքվածներից մեկը:
Գերիների հարազատների հետ հանդիպեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը։ Լսեց նրանց խնդրանքն ու հավատացրեց, որ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է՝ ամենաբարձր մակարդակով և հայ-ֆրանսիական կառավարությունների բոլոր հանդիպումների ժամանակ գերիների հարցը քննարկվում է։
«Ուղղակի խնդրում եմ, մենք էլ ուրիշ ճար չունենք, 8 ամսի է սպասում ենք, շատ դժվար է, խնդրում ենք ինչքան հնարավոր է օգնեք՝ մեր տղաները օր առաջ վերադառնան քանի շունչ կա բերանները, մենք հազար սուգ ենք տեսել, էլ չենք դիմանում», - ասաց ծնողներից մեկը։
«Այն բոլոր խնդիրների մեջ, որ առաջացել են պատերազմի հետևանքով, մենք լիովին գիտակցում ենք, որ գերիների հարցը ամենահրատապն է։ Նրանց ազատումը պարտադիր է նաև միջազգային իրավունքի հիմքով։ Գերիները չպետք է օգտագործվեն Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, իսկ Ֆրանսիան պահպանում է իր կարողությունները երկու կողմերի հետ խոսելու։ Ինչ վերաբերում է վտանգներին, ապա նրանք եթե իդենտիֆիկացված են որպես գերի, ինչ-որ առումով արդեն պաշտպանված են», - ասաց Լաքոթը։
Ֆրանսիայի դեսպանատան մոտից գերիների հարազատները դեպի Ռուսաստանի դեսպանատուն գնացին, այնտեղ կարճատև կանգառից հետո շարժվեցին դեպի Ազգային ժողով։ Բոլոր տեղերում խնդրանքը մեկն էր՝ շուտափույթ քայլեր ձեռնարկել և հետ վերադարձնել գերիներին։ Հարազատների շարքերում էր նաև Գևորգ Ասատրյանը, ով ևս գերեվարվել էր Խծաբերդից և դատապարտվել 6 ամսվա ազատազրկման ու հետ էր վերադարձվել՝ հուլիսի 3-ին՝ գերիների 15 հոգանոց խմբի հետ։ Գերիների այդ խմբի դիմաց Հայաստանը տրամադրել էր Աղդամի ականապատման քարտեզները։
«Բոլորս իրար հետ ենք եղել՝ առանձին խցերում: Մեր խնդրանքը մեկն է, որ մեր ղեկավարությունը ամեն ինչ անի, որ մեր տղաները վայրկյան շուտ վերադառնան մեզ», - ասաց Ասատրյանը:
Մինչ Հայաստանում հուսահատ ծնողները փորձում են հնարավոր բոլոր միջոցներով իրենց երեխաների վերադարձի հարցը արագացնել, Ադրբեջանը շարունակում է նոր՝ ավելի խիստ վճիռներ կայացնել։ Այսօր 20 տարվա ազատազրկման են դատապարտվել ևս երկու հայ ռազմագերիներ՝ Ալյոշա Խոսրովյանը և Լյուդվիգ Մկրտչյանը, ովքեր մեղադրվում են արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցիներին իբրև թե «խոշտանգելու, դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ»:
Նրանք առաջին տասը տարին կանցկացնեն բանտում, մյուս հատվածը` խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք փորձագետներ պնդում են, թե գործը շինծու է, դատավարությունն էլ ընթացել է բազմաթիվ խախտումներով։ Արդյոք դատապարտված գերիները ստիպված կլինեն ողջ պատիժը կրել Ադրբեջանո՞ւմ, թե՞ վերադարձնելու հույս կա, այս հարցին պատասխանեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
«Կա դատապարտյալների հանձնման վերաբերյալ եվրոպական կոնվենցիան, որով խրախուսվում է, որ անձը շարունակի պատիժը կրել իր հայերնիքումմ նույն մեխանիզմն է, որով Սաֆարովը վերադարձվեց Ադրբեջան, բայց դա սովորաբար արվում է երաշխիքով, որ չեն ազատվի», - ասաց Ղազարյանը:
Ադրբեջանը միայն 45 գերեվարված անձանց մասին է տեղեկություններ տալիս, մինչդեռ հայկական կողմը 280 գերեվարված անձի մասին տեղեկություններ է ուղարկել Եվրոպական դատարան։ Այս ամիսների ընթացքում 103 գերի է վերադարձել հայրենիք, նաև Բեյրութ է վերադարձել լիբանանահայ Մարալ Նաջարյանը։