Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն քննարկել են Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց ու անհետ կորածներին առնչվող հարցեր:
Ըստ ԱԺ լրատվականի` նրանք անդրադարձել են 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին:
Թիերի Ռիբոն նշել է, որ կառույցի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են զոհվածների, անհետ կորածների և ազատազրկված անձանց ընտանիքների հետ, պարբերական այցերի միջոցով հետևում Ադրբեջանում գտնվող հայերի պահման պայմաններին: Ըստ նրա` այդ աշխատանքի նպատակներից է նաև կանխել գերեվարվածների անհետացումը և օգնել նրանց պահել կապը հարազատների հետ:
Վերջին անգամ Բաքվից Երևան հոկտեմբերի 6-ին է մեկ գերի վերադարձվել:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իրականացնում է մարդասիրական և ապաքաղաքական գործունեություն հակամարտության առնչությամբ` աշխատելով տարածաշրջանում 1992 թվականից Երևանում, Բաքվում ու Լեռնային Ղարաբաղում իր գրասենյակների միջոցով: