Մատչելիության հղումներ

Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ և անվերապահ հայրենադարձումն անհրաժեշտություն է․ Միրզոյանը՝ ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին


Ադրբեջանից գերիների վերադարձը Հայաստան
Ադրբեջանից գերիների վերադարձը Հայաստան

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ և անվերապահ հայրենադարձումն անհրաժեշտություն է, շեշտել է Արարատ Միրզոյանն՝ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։

Ընդգծելով, որ Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ իր մոտ պատանդառության մեջ գտնվելու փաստը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ այն լուրջ հիմքեր է ստեղծում Ադրբեջանի կողմից գերիների հանդեպ իրականացված ծանր հանցագործությունների, ներառյալ՝ բռնի անհետացումների կասկածի վերաբերյալ։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ Միրզոյանը նաև շեշտել է՝ Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծվեն և հարցը չպետք է քաղաքականացվի։

Թիերի Ռիբոյին և Արարատ Միրզոյանը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և ԿՄԽԿ միջև Արցախի հումանիտար խնդիրների հարցով համագործակցության և կազմակերպության աշխատանքների շուրջ։

Պատերազմից հետո մինչ այժմ Ադրբեջանը 108 գերի է վերադարձրել։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։

Հայաստանը Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում գործ է հարուցել Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ։ Պաշտոնական Երևանը պնդել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանը շարունակել է հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց սպանությունները, խոշտանգումներն ու մյուս նվաստացումները:

Ադրբեջանը Հայաստանի դեմ հակընդդեմ հայց է ներկայացրել։

XS
SM
MD
LG