Եթե Երևանը նույն կերպ շարունակի, հայ-թուրքական կարգավորման գործընթացը կընդհատվի, երեկ նախազգուշացրել է Թուրքիայի արտգործնախարարը՝ պատասխանելով Երևանում «Նեմեսիս» արձանի տեղադրման մասին թուրք լրագրողի հարցին։
Մևլյութ Չավուշօղլուն արդեն երկրորդ անգամ է խստորեն դատապարտում Հայաստանի իշխանություններին, ավելի վաղ էլ պարզաբանել էր՝ Թուրքիայի օդային տարածքը փակել են Հայաստանի համար հենց այդ արձանի պատճառով։
Արտաքին գերատեսչության ղեկավարը թուրքական հեռուստալիքին տված հարցազրույցում նաև ընդգծել է՝ Թուրքիայի օդը փակ է եղել նաև օրերս Չեխիա մեկնած վարչապետ Փաշինյանի ինքնաթիռի համար։
«Հույժ կարևոր ինքնաթիռների համար էլ փակեցինք: Կներեք, բայց թող ոչ ոք չնեղանա: Փաշինյանի ինքնաթիռի համար էլ ենք փակել օդային տարածքը։ Միայն Ազգային ժողովի նախագահի համար, որ գալիս էր Սևծովյան տնտեսական կազմակերպության ժողովին, քանի որ հյուրընկալող կողմը մենք էինք, բնականաբար, նրա համար չէինք կարող փակել: Եթե շարունակեն այսպես գործել, կարգավորման գործընթացը կընդհատվի: Եթե դու արձան ես կանգնեցնում ահաբեկիչների հիշատակին, ես դա չեմ կարող ընդունել», - ասել է Չավուշօղլուն։
Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման նոր փուլ սկսեցին 44-օրյա պատերազմից հետո, ու թեև պաշտոպանես հայտարարվում է, թե գործընթացն ընթանում է առանց նախապայմանների՝ Անկարան հաճախ հաշտեցումը կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների ու ղարաբաղյան հարցի հետ։
Թուրքիայի արտգործնախարարը երեկ պնդել է՝ պաշտոնական Երևանի գործողություններում մեծ անհամապատասխանություն կա։ Կրկնել է նաև պաշտոնական Բաքվի մեղադրանքները, թե Հայաստանը զինվորական ներկայություն ունի Արցախում, մի բան, որ Երևանը բազմիցս է հերքել։ Չավուշօղլուն հիշատակել է նաև Հայաստանի կողմից մերժվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։
«Մի կողմից շարունակ ասում եք՝ Ղարաբաղը Ադրբեջանինն է, մյուս կողմից տարբեր ճանապարհներով, ոչ հիմնական ճանապարհով, այլ կողմնակի, զինված մարդկանց եք ուղարկում: Ինչի՞ համար եք ուղարկում: Եթե խաղաղություն եք ուզում, ինչո՞ւ եք ուղարկում: Համաձայնագիր եք ստորագրել, բայց դեռևս Զանգեզուրի անցման հետ կապված քայլ չեք արել: Ռուսներն էլ են դրանից անհանգստանում, բոլորն էլ տեսնում են իրականությունը: Ամերիկացիներն էլ են տեսնում իրականությունը», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Չավուշօղլուի գնահատմամբ, իրենք հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ հայկական կողմի անկեղծությունը չեն տեսնում՝ շարունակելով, թե Հայաստանն այս կարգավորման կարիքն ավելի շատ ունի։
«Թեև սա հասկանում են, բայց անազնիվ քայլ են անում: Մենք ասացինք՝ լավ, երկրաշարժին եկան, օգնեցին, արտգործնախարարը եկավ, շնորհակալություն հայտնեցինք, սրանք մարդկային բաներ են, քաղաքականությունից դուրս, բայց դուք հիմա իմ դիվանագետներին նահատակ դարձրած ահաբեկիչների արձանը որ դնում եք, ես դա չեմ կարող ընդունել», - ասել է Չավուշօղլուն։
Երևանի Օղակաձև զբոսայգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված արձանը բացվել է ապրիլի 25-ին։ Այն, ըստ նախաձեռնության հեղինակների, հավերժացնում է Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:
Հայաստանի իշխանությունների արձագանքը Թուրքիայի կոշտ հռետորաբանությանը, ըստ էության, հետևյալն է՝ արձանը տեղադրելու որոշումը Երևանի քաղաքապետարանն է կայացրել, ոչ կառավարությունը, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացնողը հենց գործադիրն է։
Սևծովյան տնտեսական կազմակերպության ժողովին մասնակցած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարայում ասել էր, թե չէր ցանկանա, որ արձանի տեղադրումը Թուրքիայում ընկալվի որպես Հայաստանի արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ-բարիդրացիական քայլ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ, «Ազատությանը» տված հարցազրույցում, արձանի տեղադրումը սխալ համարեց՝ պատճառաբանելով, թե սա կառավարության որոշումը չէ։ Այնինչ քաղաքապետարանում որոշումներ հենց իր ղեկավարած քաղաքական թիմի անդամներն են ընդունում։
«Ես համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ, և ես հիմա, որբ որ ուզում եմ խորանալ և հասկանալ, թե ոնց է դա հնարավոր դարձել, տեսնում եմ, որ դա տեղի է ունեցել մի էմոցիոնալ ֆոնի վրա և մի իրավիճակում, երբ Հայաստանում շատերը շատերին դավաճան էին համարում և շատերը շատերին սպառնում էին դավաճանության համար գնդակահարել պատերի տակ», - ասաց Փաշինյանը։
Ակնկալվում էր, որ ամռանը երրորդ երկրների քաղաքացիների համար պետք է բացվի հայ-թուրքական ցամաքային սահմանը։ Թե ինչ ճակատագրի կարժանանա այս գործընթացը, առայժմ պարզ չէ։
Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների առաջիկա հանդիպման մասին գոնե հրապարակային չի հայտարարվում։
Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն ասում է՝ թուրքական մամուլում հիմնականում Անկարայի դիրքորոշման մասին են գրում, և արձանի տեղադրման առնչությամբ հանրային արձագանքը հենց Թուրքիայի արտգործնախարարության հայտարարություններն է արտացոլում։
«Հասարակական շրջանակաները, լրատվամիջոցները, ըստ էության, Թուրքիայի արտգործնախարարությունից վերահասու դարձած են։ Մենք պետք է հաշվի առնենք, որ Անկարայի կողմից չափազանց զգայուն է ընկալվել Երևանում տեղադրված հուշարձանը», - ասաց Գոչունյանը։
Այդուհանդերձ, նրա խոսքով, արձագանքը շատ լայն չէ, Թուրքիան այժմ պատրաստվում է մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին, երկրի գլխավոր թեման հենց սա է։