Մատչելիության հղումներ

Բաքուն ու Անկարան Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամություն են հայտնում` կրկին հիշատակելով «Զանգեզուրի միջանցքը»


Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր կրկին հայտարարել են, թե պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Ընդ որում, Ադրբեջանի արտգործնախարարն այս մասին խոսելիս նորից հիշատակել է «Զանգեզուրի միջանցքը» բացելու անհրաժեշտությունը, Թուրքիայի արտգործնախարարն էլ` ընդգծել, որ Անկարան իր քայլերը համակարգում է Բաքվի հետ։ Հայտարարությունները հնչել են Տաշքենդում, որտեղ եռակողմ հանդիպում էր՝ Ուզբեկստանի արտգործնախարարի մասնակցությամբ։

«Ադրբեջանն առաջարկել է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ասել է Բայրամովը, ում խոսքով` դա է Հարավային Կովկասում անվտանգության, կայունության ու բարգավաճման հասնելու բանալին:

Ադրբեջանի արտգործնախարարը, սակայն, չի խոսել այս հարցով Հայաստանի ներկայացրած առաջարկների, մասնավորապես, Ղարաբաղի կարգավիճակն ու այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու մասին։ Փոխարենը ծավալուն անդրադարձ է արել տարածաշրջանային ճանապարհների բացման հեռանկարին։

«Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացումը, ներառյալ «Զանգեզուրյան միջանցքը», կծառայեն միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնմանը` այդ կերպ օժանդակելով տարածաշրջանում խաղաղության և զարգացման հետագա ամրապնդմանը», - հավելել է նա:

Թուրքիայի արտգործնախարարն էլ իր ելույթում պնդել է, թե 44-օրյա պատերազմում տարած հաղթանակով Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական հավասարակշռություն է ի հայտ եկել։ Ընդ որում, Չավուշօղլուն ընդգծել է, որ այս իրավիճակից կշահեն այն երկրները, որոնք կողմ կլինեն «կայունությանն ու համագործակցությանը»։

«Կոչ ենք անում բոլորին օգտագործել այս հնարավորությունը: Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության, սահմանազատման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին: Մենք էլ ենք հարաբերությունների կարգավորման համար քայլեր ձեռնարկում, հատուկ ներկայացուցիչների հանդիպումների միջոցով և Ադրբեջանի հետ խորհրդակցելով առաջ ենք շարժվում», - շեշտել է նա:

Չավուշօղլուն նաև ասել է, թե Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերությունները դաշնակցային մակարդակի են բարձրացել Շուշիի հռչակագրով, որը երկու երկրների առաջնորդները ստորագրեցին ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Այսօր էլ Բաքուն և Անկարան հռչակագիր են ստորագրել Ուզբեկստանի հետ, որի նպատակն է ստեղծել եռակողմ համագործակցության հարթակ։

Տաշքենդյան այդ հռչակագրի տեքստը դեռ չի հրապարակվել, սակայն ադրբեջանական աղբյուրները պնդում են, թե փաստաթղթի 11-րդ կետով կողմերն ընդգծում են Արևելյան Զանգեզուրը և Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը միացնող «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնման համար։

Ինչ վերաբերում է եռակողմ համագորկացությանը և եռակողմ այս նոր ձևաչափին, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի խոսքով` այն կբարձրացնի թյուրքական աշխարհի բարեկեցությունը և կամրապնդի թյուրքալեզու պետությունների հարաբերությունները:

Թուրքիան, Ադրբեջանը և Ուզբեկստանը՝ ընդհանուր 130 միլիոն բնակչությամբ, Թյուրքական պետությունների կազմակերպության անդամներ են։

Կազմակերպությունում առանցքային դեր է միշտ ունեցել Թուրքիան, իսկ 44-օրյա պատերազմից հետո բարձրացել է նաև Ադրբեջանի դերն ու հեղինակությունը այս կազմակերպությունում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG