Մատչելիության հղումներ

Որոշում կա արագացնել Թուրքիայի հետ սահմանների բացման գործընթացը. Միրզոյան  


Որոշում կա արագացնել Թուրքիայի հետ սահմանների բացման գործընթացը, այսօր կառավարության նիստում հայտարարեց երեկ Անկարայից վերադարձած արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ մանրամասներ ներկայացնելով Թուրքիայի արտգործնախարարի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից։

«Ձեռք են բերվել կոնկրետ նաև պայմանավորվածություններ. կարող եմ փաստել, որ որոշում կա արագացնել երկխոսության գործընթացը և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացը։ Հայտարարվեց, որ համատեղ աշխատանքներ կիրականացնենք Անիի պատմական կամուրջի վերականգնման ուղղությամբ», - ասաց Միրզոյանը։

Փաշինյանն իր հերթին հավելեց, որ Անիի կամրջի վերականգնման էսքիզային նախագիծը երկար ժամանակ առաջ են պատրաստել։ «Դա, իսկապես, կարող է շատ սիմվոլիկ քայլ դառնալ», - ասաց գործադիրի ղեկավարը։

Ե՛վ Փաշինյանը, և՛ Միրզոյանը շեշտեցին, որ այսօր Թուրքիայից Հայաստան վերադարձող հայ փրկարարները հայ-թուրքական սահմանը հատելու են ցամաքային ճանապարհով, այսինքն՝ Մարգարայի կամրջով, որով և Թուրքիա էին ուղարկվել մարդասիրական բեռները։

Հայաստանը Մարգարայի կամրջով մարդասիրական օգնություն է ուղարկում երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, 11-ը փետրվարի, 2023թ
Հայաստանը Մարգարայի կամրջով մարդասիրական օգնություն է ուղարկում երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, 11-ը փետրվարի, 2023թ

Հայ փրկարարները Թուրքիա էին մեկնել օդանավով և, փաստորեն, Մարգարայի կամուրջն, առայժմ սիմվոլիկ կերպով, ևս մեկ անգամ կբացվի՝ այս անգամ հայ փրկարարների վերադարձի համար։

Արդյոք 30 տարվա դադարից հետո, վերջինի օրերին մի քանի անգամ գործարկված Մարգարայի կամուրջը, կրկին կբացվի, պարզ չէ, Արարատ Միրզոյանն այսօր խոսեց մինչև ամառ 3-րդ երկրների քաղաքացիների համար ստեղծվելիք հնարավորությունների մասին։

«Ըստ էության, մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը, նաև կաշխատենք ավարտին հասցնել 3-րդ երկրների քաղաքացիների համար և մեր 2 երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատումը», - ասաց արտգործնախարարը։

Անդրադառնալով հայ փրկարարների աշխատանքին՝ Միրզոյանը նշեց, որ թուրքական կողմն, իշխանությունների մակարդակով, նաև աղետից տուժած բնակիչները, շնորհակալություն են հայտնել՝ նրանց ծառայության, նաև Հայաստանից ուղարկված հումանիտար օգնության համար։

Վարչապետ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանի քայլերը նախևառաջ հումանիտար շարժառիթ են ունեցել։

«Բացարձակապես անընդունելի եմ համարում այն քննադատությունները, որոնք մեր հասցեին հնչում են, որովհետև ես չեմ կարող պատկերացնել որևէ իրավիճակ, որ ընդամենը դռնից այն կողմ միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունեն էդ բնական աղետի պարագայում և որևէ մեկը կարող է դրան անտարբեր մնալ, դա բացարձակապես անընդունելի է՝ որևէ հիմնավորմամբ և որևէ պատճառաբանությամբ», - ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ շատ է ցավում, որ երկու երկրների հարաբերություններում որոշակի «մթնոլորտային» փոփոխություն է տեղի ունենում աննախադեպ աղետի պայմաններում՝ հույս հայտնելով, որ սա կարող է մի նոր ելակետ դառնալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG