Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնելով՝ այսօր հայ- թուրքական հարաբերություների կարգավորումն ավելի հնարավոր է, քան անցյալում՝ հաշվի առնելով նաև տնտեսական շահերը։
«30 տարի անց, կարելի է ասել, բավականին մոտ ենք: Եթե թուրքական կողմը բավարար կամք և վճռականություն ցուցաբերի, մենք, կարծում եմ, այդ հարցը կլուծենք», - ասաց նա՝ շարունակելով. «Աշխարհի և Ռուսաստանի այս հակամարտության ֆոնին, երբ բավականին մեծ քանակությամբ սահմաններ փակ են, տնտեսական դրդապատճառը կարող է և պետք է, որ իր դրական դերն ունենա այս գործընթացի վրա: Դրա համար մի քիչ ավելի ռեալ եմ համարում, քան անցյալում»:
Ընդդիմությունը, մինչդեռ, պնդում է՝ չկա հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման իրական գործընթաց:
«Խաբում են հասարակությանը, որ Անիի կամրջի շինարարությունը նոր ձեռք բերված համաձայնություն է», - ասում է «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հիշեցնում, որ դեռևս 2017-ին, հետո 2019-ին թուրքական կողմը պարբերաբար խոսել է Անիի պատմական կամրջի վերանորոգման մասին, բայց այդպես էլ որևէ քայլ չի ձեռնարկել։
Անի կամրջի վերանորոգման մասին թուրքական կողմը խոսել է նաև 2010 -ին՝ դեռ 13 տարի առաջ՝ հայտարարելով, որ Հայաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև նախնական պայմանավորվածություն կա Հայաստանի Խարկով և Թուրքիայի Անի սահմանային բնակավայրերն իրար կապող գլխավոր կամուրջը վերականգնելու մասին: Այն ժամանակ նախաձեռնության հեղինակը Թուրքիայի տնտեսական քաղաքականության հիմնադրամն էր։
«Չկար դեռ հայ-թուրքական կարգավորման որևէ գործընթաց, չկար 44-օրյա պատերազմ, որին ակտիվ մասնակցություն է ունեցել Թուրքիան, և իրականում հայ-թուրքական այսօրվա երկխոսության հետ Անիի կամրջի վերանորոգման աշխատանքները որևէ կապ չունեն», - հայտարարեց պատգամավորը:
Ընդդիմադիր պատգամավորը կասկածի տակ է դնում Մարգարայի կամրջի գործարկման շահավետությունը
Գեղամ Մանուկյանը նաև կասկածի տակ է դնում Մարգարայի կամրջի գործարկման նպատակահարմարությունը՝ հարց տալով, որ եթե այն անգամ բացվի երրորդ երկրների քաղաքացիների համար, ո՞վ է դրանից օգտվելու. «Երբ խոսում են երրորդ երկրների համար ճանապարհը բացելու, բոլորի համար զարմանալի էր, թե ինչ է նշանակում, որովհետև այն Մարգարայի կամրջի հարևան հատվածն ընդհանրապես Թուրքիայում շատ զարգացած տուրիստական ռեգիոն չէ, դեռ ավելին՝ շատ ավելի նոսր բնակեցված և ընդհանրապես տուրիզմի առումով հետաքրքիր չէ: Այդ դեպքում ո՞վ պետք է ամբողջ Թուրքիայի տարածքը հատի, Մարգարայի կամրջով իր երրորդ երկրի քաղաքացու անձնագրով հասնի Գյումրի, որ, ենթադրենք, հետո գնա Վրաստան»:
Մանուկյանը կարծում է, որ Թուրքիան ընդամենը փոքրիկ խորհրդանշական ժեստեր է անում, որոնք Հայաստանի համար որևէ գործնական արդյունք չեն ունենալու. «Հայաստանի իշխանությունները փորձում են սեփական հասարակությանը հրամցնել այդ ժեստերը որպես պատմական դեպքեր, բայց ինչպես վկայում է Չավուշօղլու-Միրզոյան նույն մամուլի ասուլիսը, Թուրքիան շարունակում է իր բոլոր հարաբերությունները Հայաստանի հետ պայմանավորել Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններով ու շարունակում է խոսել նույն նախապայմանների լեզվով»:
Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորը կասկածներ ունի, որ հայկական կողմը խաղաղության պայմանագրի լրամշակված տարբերակը Ադրբեջանին է փոխանցել Թուրքիայի միջոցով։ Պատգամավորը կասկածները փարատելու համար հարցում է պատրաստում Արտգործնախարարությանը։
«Հատկանշանական է, որ այն օրը, որ Ադրբեջանին փոխանցվել է հայկական առաջարկը, Արարատ Միրզոյանը Թուրքիայում էր, և նաև փորձագիտական տեսակետներ կան, որ հենց Թուրքիայի միջոցով է փոխանցվել այդ նախագիծը», - ասաց Մանուկյանը:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, մինչդեռ, չի հասկանում ընդդիմության կասկածի էությունը. «Ես տենց բան չգիտեմ, տենց բան չկա՝ իմ ունեցած տեղեկություններով, բայց եթե նույնիսկ, ապա ի՞նչ, ի՞նչն է խնդիրը: Եթե նույնիսկ նման բան է տեղի ունենում, ես չեմ կարծում, որ փոխանցելու առումով միջնորդություն կձևավորվի, որովհետև հաշվի առնելով թուրքական ներկայությունը Ադրբեջանում՝ թուրքերի դերակատարումը հիմա գերագնահատել և դա վերածել ինչ-որ քաղաքական ելևէջի, որ տեսեք՝ սենց փոխանցեցին… Կարևորը խաղաղություն բերենք մեր երկրին, կարևորը մեր սահմաններին անվտանգություն բերենք»:
Հայ-թուրքական երկխոսությունն ակտիվացավ վերջին օրերին, երբ երկրաշարժից հետո Երևանը փրկարարներ ու հումանիտար օգնություն ուղարկեց աղետի գոտի։ Դրանից հետո արտգործնախարարը մեկնեց Անկարա։ Արարատ Միրզոյանին այցի ընթացքում ուղեկցում էր հայ-թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի բանագնացը։ Թուրքական «Անադոլուին» տված հարցազրույցում Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև «մշտական խաղաղություն կլինի»։ Ընդգծելով, որ արտգործնախարար Չավուշօղլուի հետ համաձայնության են հասել որոշ հարցերի շուրջ՝ հայաստանցի պաշտոնյան ընդգծել է՝ հայ-թուրքական կարգավորումը կերաշխավորի տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը, տնտեսական համագործակցությունն ու գործընկերությունը այլ ոլորտներում։