Մատչելիության հղումներ

Թուրքիային սահմանակից Ջանֆիդայի բնակիչները անցագրային ռեժիմի խստացման պատճառով այգիների մշակման խնդրի առաջ են


Արմավիրի մարզի Ջանֆիդան Թուրքիային սահմանակից գյուղ է։ Արդեն երկու ամիս է՝ գյուղացիները չեն կարողանում աշխատողներ մտցնել սահմանում գտնվող իրենց այգիները մշակելու համար։

Բնակիչները մոտ 500 հեկտար մրգատու այգիներ ունեն հենց սահմանին, որտեղ հասնելու համար պետք է անցակետ հատել։ Գյուղատնտեսական ակտիվ սեզոնն է սկսվում, կանգնել են խնդրի առջև. խստացվել է պահպանվող տարածքներ մուտք գործելու անցագրային ռեժիմը, մասնավորապես, օրավարձով աշխատողների համար։

«Անցաթուղթն էլ ահագին երկարաժամկետ գործողություն է, մեր գործ էլ գյուղատնտեսական աշխատանք է, հաստատ չի համբերի, էսօրվա գործը վաղը չի լինի», - ասում է Վահե Զաքարյանը։

Նա ուղեկալից այն կողմ 4 հեկտար այգի ունի, 15 տարի մշակել է, մինչև 40 տոննա բերք է ստանում ամեն տարի։ Ասում է՝ համայնքի ղեկավարի միջոցով միշտ դիմում են ներկայացրել և մինչև 1 տարի ժամկետով անցաթղթեր ստացել։ Ինքը հիմա էլ անցաթուղթ ունի, բայց միայնակ չի կարող այդքան ծառ մշակել. - «Ընտանիքս էլ ես ու կինս, 17 տարեկան տղուս նույնիսկ չեն թողնում, որ մտնի այնտեղ, պիտի պարտադիր ծնողի հետ լինի»։

Սահմանային ուղեկալներից ներս մարդկանց մուտքը կանոնակարգվում է կառավարության հատուկ որոշմամբ։ Գյուղացիները պատմում էին՝ տարիներ շարունակ հենց տեղում ստուգել ու անցաթուղթ են տվել աշխատողներին։ Բայց, ըստ կարգի՝ պետք է ներկայացնել վարձու աշխատողների ցանկը, անձնագրային տվյալներն ու սպասել անցաթղթերին։ 2 ամիս է արդեն այս կանոնը գործում է ողջ խստությամբ. ջանֆիդացիներն էլ մտագոհ են՝ անցաթուղթը 10-15 օրում է հաստատվում, այս ընթացքում այգիները մնում են անմշակ։

«Աշխատողները դրսից են, դաժե մինչև Լենինականից գալիս են, բերքի առաջ սեզոնին 500 հոգի է գալիս այստեղ աշխատում, բայց ես նրանց պասպորտները ո՞նց հավաքեմ, տանեմ, որ անցաթուղ հավաքեմ։ Իրենք կսպասե՞ն 3-4 օր, որ անցաթուղթ տամ, էդ մարդիկ օրավարձով աշխատող են, ես ֆերմեր չեմ, որ հիմնական աշխատող պահեմ», - ասում է նա։

Գագիկ Վարդանյանի ծիրանի ծառերի մի մասը վերջին օրերին ցրտահարվել է։ Չի հասցրել աշխատողներին մտցնել այգի, հիմա պետք է ապահովագրողը գա, տեղում գնահատի վնասները։ Թե ինչպես, ինքն էլ չգիտի. - «Ինձ չեն թողնում, իրենց ո՞նց կթողնեն, դա ԱՊՊԱ-ի խնդիրն է, պիտի գան, մտնեն, նայեն, 10 օր հետո պիտի գան, բայց ահավոր բարդ է լինելու։ Երեխեք սարի գյուղերից գալիս են բերքահավաք, գալիս են, իրենց 5-7 հազարը առնում են, էգուց գնում են այդ ծախսելու, վաղը ուրիշներն են գալիս»։

Մոտ տասն օր առաջ գյուղացիները բողոքի ցույցի էին դուրս եկել։ Արմավիրի մարզպետն այցելել ու ասել էր՝ կաշխատեն արագացնել անցագրերի տրամադրման գործընթացը, անցագրերը հենց տեղում տալու առաջարկը Էդվարդ Հովհաննիսյանը ռիսկային էր գնահատել։ Լրատվամիջոցներից մեկին օրեր առաջ տված հարցազրույցոււմ պաշտոնյան նաև ասել էր, թե վերջին 1-2 տարիների ընթացքում «մի շարք դեպքեր են արձանագրվել սահմանային ռեժիմի խախտման մասով, հատկապես Ջանֆիդայիում»։ Ի՞նչ խախտումներ, ովքեր են խախտողները՝ մարզպետը չէր հստակեցրել։

Նրա մամուլի խոսնակն էլ այսօր էլ այդ հարցն անպատասխան թողեց՝ «Ազատությանը» փոխանցելով միայն, որ հունվարին մարզպետի գլխավորությամբ խորհրդակցություն է եղել, մասնակցել են նաև ԱԱԾ-ի ու ռուսական սահմանապահ զորամասի ներկայացուցիչները։ Հանդիպումից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունում, սակայն, ռիսկերի, խախտումների մասին որևէ խոսք չկա, փոխարենը կա խոստում՝ բերքահավաքի սեզոնին հնարավորինս արագ անցաթղթեր տրամադրել։

«Երկու ամիս է՝ փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ՝ լավ կլինի, լավ կլինի, բայց ոչ մի բան էլ լավ չի լինում։ Ծառերն էլ են անտեր, մենք անտեր ենք, թող ծառերն էլ մնան անտեր, մեր կառավարությունը տենանք՝ ինչ կմտածի…», - ասում են բնակիչները։

Գյուղացիների պնդմամբ՝ հայ-թուրքական սահմանին ծաղկող ծառերը տարեկան հազարավոր տոննաների բերք են տալիս... Ազգային անվտանգության ծառայությունը չի հստակեցնում՝ սահմանային ի՞նչ խնդիրներ են առաջացել։ Գյուղացիների դարդուցավը՝ ծիրանը, կեռասը, դեղձն ու սալորն են...անտեր-անմշակ են մնում, կփչանան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG