Մատչելիության հղումներ

Անկարան հայկական օդանավերի համար տարածքը փակել է «Նեմեսիս»-ի բացման պատճառով. Փաշինյանն արձագանքել է


Խորհդարանում այսօր պատգամավորներ-կառավարության անդամներ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայկական օդանավերի դիմաց Թուրքիայի օդային տարածքը փակելու Անկարայի որոշմանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ որոշումն ընդունվել է Երևանում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշարձանը տեղադրելու պատճառով։

Փաշինյանն ասել է՝ այնպես չէ, որ արձանների տեղադրումն ազդեցություն չի թողնում. - «Մի դեպքում ասում ենք՝ շատ նեղ է տեղը, չենք կարողանում ապրանքներ արտահանել, և այդ անցակետերը բացվում են, փակվում են և այլն, և այնպես չէ, որ տարբեր ուղղություններով մեր գնալ-գալու վրա արձանները չեն ազդում, օրինակ՝ հարց՝ մենք առերեսվո՞ւմ ենք, թե այդ հարաբերությունների վրա, օրինակ, ժամանակին Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը ինչ ազդեցություն է ունեցել։ Ես ուզում եմ հիշեցնել կամ տեղեկացնել, որ այդտեղ մենք լուրջ պրոբլեմներ ունեցել ենք և շարունակում ենք ունենալու, և այնպես չէ, որ միայն արևմտյան ուղղություննից ենք մենք արձանների հետ կապված հարցեր ստանում»։

Այսօր ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուչօղլուն ասել էր, որ Թուրքիան հայկական օդանավերի համար փակել է իր օդային տարածքը «Նեմեսիս» արձանը Երևանում տեղադրելու պատճառով։

«Մենք չենք ընդունի նման սադրանքները, ի պատասխան ահաբեկիչների հուշարձանի բացման՝ Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի օդանավերի դիմաց։ Հայկական ավիաընկերությունները վերջին շրջանում աշխարհի տարբեր կետեր էին թռչում Թուրքիայի օդային տարածքով, հիմա մենք փակել ենք երկինքը։ Արգելքը վերաբերում է նաև բարձրաստիճան պաշտոնյաների օդանավերի թռիչքներին։ Բացառության կարգով մենք թույլատրել ենք Հայաստանի խորհրդարանի նախագահի այցը Թուրքիա միջազգային միջոցառմանը մասնակցելու համար։ Նման գործողությունները շարունակվելու դեպքում կհետևեն նոր քայլեր», - ասել է նա։

Չավուշօղլուի խոսքով՝ Երևանում տեղադրված է «ահաբեկիչների» արձան, որոնք 1920-ականներին Ադրբեջանում «սպանել են Թուրքիայի եղբայրներին, նաև Թուրքիայի քաղաքացիներին»։ Թուրքիայի ԱԳՆ-ն ուժային կառույցներից հետո ամենաշատ կորուստներ կրած գերատեսչությունն է, ասել է նա, ընդգծել. - «Որպես ԱԳՆ ղեկավար՝ ես չեմ կարող ընդունել Երևանում կատարվածը»։

Մևլյութ Չավուշօղլուն ավելացրել է, որ հայկական կողմի պարզաբանումները, թե հուշարձանը տեղադրվել է մունիցիպալ կառույցների, այլ ոչ թե իշխանությունների կողմից, հեռու է անկեղծությունից և սխալ է։

Նա նշել է, որ սկսելով հարաբերությունների նորմալացման գործընթացը՝ Անկարան և Երևանը նախապայմաններ չեն դրել Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչելու կամ ժխտելու հարցով, բայց իրենք չեն ընդունում այդ հուշարձանի տեղադրումը։

«Ղարաբաղյան պատերազմից հետո մենք Ադրբեջանի հետ անկեղծ ցանկացել ենք նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի առաջարկներ է ներկայացրել։ Դա կոնկրետ քայլ է, բայց Հայաստանը չի դադարում սրել իրավիճակը», - ասել է Չավուշօղլուն։

Անցած շաբաթ երեկոյան Flyone Armenia ընկերությունը հայտնեց, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները առանց նախապես զգուշացնելու չեղարկել են Թուրքիայի տարածքով Եվրոպա թռչելու թույլտվությունը։ Դրա հետևանքով Փարիզ-Երևան թռիչքն իրականացնող հայկական ավիաընկերության օդանավը ստիպված վայրէջք էր կատարել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի նախագահի այցին, ապա նրա մամուլի խոսնակն «Ազատությանն» ասել էր, որ Ալեն Սիմոնյանն Անկարայում ելույթ է ունենալու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում, ինչպես նաև նախատեսված է երկկողմ հանդիպում Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ։

Թուրքիայի ԱԳ նախարարը մասնակցել և ելույթ է ունեցել նաև Անվտանգության հարցերով Ստամբուլի ֆորումին։ Այստեղ նա հայտարարել է, որ թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը հաջողությամբ օգտագործվել են Սիրիայում, Լիբիայում և Ղարաբաղում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG