Մատչելիության հղումներ

Երևանն ու Անկարան համաձայնել են սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ հոգալ ենթակառուցվածքների մասին


Հայաստանի արտգործնախարարն Անկարայում իր թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո վերահաստատեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի պատրաստակամությունը։

«Այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը և ձգտումը», - նշեց Արարատ Միրզոյանը:

Արարատ Միրզոյանն ասաց՝ կարգավորման դետալներ են քննարկել, ունեն համաձայնություն՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ հոգալ ենթակառուցվածքների մասին։ Արդյոք խոսքը սահմանային անցակետերը վերանորոգելու մասին էր, չհստակեցրեց:

«Ունենք համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ», - նկատեց նա:

Միրզոյանն իր խոսքը սկսեց Թուրքիայի ժողովրդին ու կառավարությանն ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակցելով. «Շատ ուրախ եմ, որ մեր փրկարարներին իրենց գործընկերների հետ համագործակցությամբ հաջողվել է փրկել, անել ամենակարևորն այս իրավիճակում»:

«Հայաստանը որպես եղբայր իրեն պահեց՝ օգնության ձեռք մեկնելով մեզ այս դժվարին ժամանակներում», -Մևլյութ Չավուշօղլուն այսպես գնահատեց ավերիչ երկրաշարժից տուժած Թուրքիա մարդասիրական օգնություն ու փրկարարներ ուղարկելու Երևանի քայլը: Թուրքիան էլ, հիշեցրեց, 88-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ հումանիտար օգնություն ուղարկեց։

«Հայաստանը փրկարարների 28 հոգանոց խումբ ուղարկեց, նրանք առաջին օրից շատ քրտնաջան աշխատել են, նրանք փլատակներից փրկել են մի աղջնակի ու կնոջ։ Ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել իրենց անձնուրաց աշխատանքի համար։ Հայաստանը նաև 100 տոննա հումանիտար օգնություն ուղարկեց, այսօր ևս հավելյալ օգնություն ուղարկեց: Միշտ հարցնում են՝ արդյոք մենք հավելյալ օգնության կարիք ունենք», - նշեց նա։

Երկու նախարարների՝ մամուլի համար արած հայտարարություններին նախորդել էին Չավուշօղլու-Միրզոյան առանձնազրույցը, ապա՝ ընդլայնված կազմերով բանակցությունները։ Չավուշօղլուն ասաց՝ կարգավորման գործընթացն են քննարկել։ Բայց Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հայ-թուրքական հաշտեցման գործընթացից չզատեց հայ-ադրբեջանական կարգավորումը։

«Մարդասիրական այս քայլը կաջակցի նաև Ադրբեջանի, Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ցանկացած առաջընթաց, որ մենք կարձանագրենք այստեղ, կօգնի մեր երկու երկրներին։ Մենք տեղեկություններ ենք ստանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր քննարկումների, բանակցությունների մասին։ Եթե երեք երկրները անկեղծ քայլեր ձեռնարկեն, կկարողանանք վերականգնել տևական խաղաղությունը Հարավային Կովկասում», - հայտարարեց նա։

Պարբերաբար «Զանգեզուրի միջանցքի» բացումից խոսող Թուրքիայի արտգործնախարարն օգտագործեց միջանցք տերմինը, բայց խիստ անորոշ, ասաց՝ էական է Մետաքսի ճանապարհի պատմական կամրջի վերականգնումը: Այդ ուղղությամբ Հայաստանի հետ պատրաստվում են աշխատել, նշեց նա. - «Հարավային Կովկասի տևական կայունության համար շատ կարևոր է նաև տարածաշրջանի տնտեսական զարգացումը։ Այս միջանցքը ավելի ու ավելի կարևոր է դառնում։ Խոսեցինք այն քայլերի մասին, որ կարող ենք ձեռնարկել։ Առաջինը պատմական Մետաքսի ճանապարհի վերականգնումն է։ Եվ ապագային նայելով՝ մենք, օրինակ, ուսումնասիրում ենք սահմանային անցակետերը, կամուրջները, ինչ վերաբերում է ճանապարհներին, կան քայլեր, որոնք կարող ենք ձեռնարկել։ Եվ մենք համաձայնել ենք արագացնել այս քայլերը։ Մետաքսի ճանապարհի պատմական կամրջի վերականգնումը շատ էական է»։

Արարատ Միրզոյանը, որ Չավուշօղլուից հետո խոսեց, միջանցքի մասին թուրք պաշտոնակցի հայտարարությանը չարձագանքեց, միայն խոսեց Անիի կամրջից։

Ի դեպ, դեռ 2010-ին՝ ֆուտբոլային դիվանագիտության ամենածաղկուն շրջանում, երբ Սերժ Սարգսյանի կառավարությունն էր փորձում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, նախնական պայմանավորվածություն կար Հայաստանի Խարկով և Թուրքիայի Անի սահմանային բնակավայրերն իրար կապող գլխավոր կամուրջը վերականգնելու մասին: Բայց այն այդպես էլ մնաց բարի ցանկություն։

«Արմենպրեսսի» հետ զրույցում էլ թուրք բանագնաց Սերդար Քըլըչն ասել է՝ Հայաստանն ու Թուրքիան համաձայնել են նոր թափ հաղորդել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու աշխատանքներին, մի պայմանավորվածություն, որ ամիսներ առաջ էին ձեռք բերել, որը, սակայն, դեռ չի իրականացվել։

Տասնամյակներով դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանն ու Թուրքիան կարգավորման նոր փուլի շրջանակներում անցած տարի վերականգեցին ուղիղ ավիափոխադրումները։ Թուրք դիվանագետը նաև երկու նախարարների ձեռք բերած պայամանավորվածությունից է խոսել՝ կարճ ժամանակահատվածում վերագործարկել Մարգարայի կամուրջը՝ Հայաստանը Թուրքիային կապող ամենակարճ ցամաքային ճանապարհը։

Հայաստանի արտգործնախարարն Անկարա ժամանեց օդանավով: Նրան այս այցի ընթացքում ուղեկցում է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Հայկական պատվիրակությանը դիմավորեց Թուրքիայի բանագնացը:

Միրզոյանն Անկարայից մեկնել է երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք ու հանդիպել հայ փրկարարներին։

Նախքան արտգործնախարարի Անկարա ժամանելը Հայաստանը երեկ երեկոյան դարձյալ շուրջ 30 տարի փակ Մարգարայի կամրջով մարդասիրական օգնության նոր խմբաքանակ ուղարկեց աղետի գոտի։

Այցը պատմական է որակել Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ հույս հայտնելով, որ սա հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների նախերգանքն է։

Հայաստանը նաև 2000-ականներին կարգավորման փորձ արեց։ Ֆուտբոլային դիվանագիտությունը ձախողվեց, այսպես կոչված, «աղետի դիվանագիտությունը» կհաջողի՞։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասում է՝ այս այցը առաջին հերթին մարդասիրական համատեքստում պետք է դիտարկել. «Պետք է այցի արդյունքները գնահատելով ասել՝ հնարավոր է արդյոք սա որակել որպես նոր դիվանագիտության սկիզբ, թե ոչ, երկրաշարժի ավերիչ հետևանքների բխելով է, որ այս այցը տեղի է ունենում, և առաջին հերթին հումանիտար նպատակ ունի, Հայաստանի արտգործնախարարը և Թուրքիայի հետ բանակցություններում հատուկ ներկայացուցիչը մեկնում են Թուրքիա՝ առաջին հերթին Հայաստանի ցավակցությունները փոխանցելու»:

Ընդդիմադիր «Դաշնակցությունից» Գեղամ Մանուկյանը կարծում է՝ հարաբերություններում որևէ էական փոփոխություն չի լինելու՝ Թուրքիան շարունակում է խոսել նախապայմանների լեզվով. «Բրիֆինգն էլ պարզ դարձրեց, որ թեկուզ հումանիտար օգնություն, թեկուզ փրկարարներ, Թուրքիայի սիրտը դրանով չեն շահում, և որևէ էական փոփոխություն չի լինելու, Թուրքիան շարունակում է խոսել նախապայմանների լեզվով, շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների հարցի ապագան փոխկապակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցություններով»:

Ի դեպ, հստակ չէ՝ նախարար Միրզոյանը պատրաստվո՞ւմ է աղետից տուժած մյուս երկիր՝ Սիրիա մեկնել։ ԱԳՆ-ից միայն ասացին՝ նախարարի այցերի ու հանդիպումների մասին նախապես տեղեկացնում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG