Մատչելիության հղումներ

Ուզեն-չուզեն պիտի արտագնա աշխատանքի գնան, որ կարողանան վարկերը փակեն. սահմանամերձ գյուղի վարչական ղեկավար


Գետքի տղամարդիկ հավաքվում են գյուղի հուշարձանի մոտ ու թուղթ խաղում։ Դեռ պարապ են. հող մշակելուն ժամանակ կա, իսկ խոպան մեկնողները սպասում են, որ գործատուները կանչեն Ռուսաստան։

Կարոն, որ արտագնա աշխատանքի 18 տարվա փորձ ունի, այս տարի էլ է մտադիր բռնել Ռուսաստանի ճամփան՝ անկախ ռուբլու արժեզրկումից, միգրացիոն օրենքների խստացումից ու ռուս-ուկրաինական պատերազմից. - «Ամեն ինչից էլ տեղյակ ենք... Աշխատանք որ էղնի, չենք էրթա, բայց որ չկա, ի՞նչ էնինք»։

Կարոն հող ունի, բայց ասում է, թե այդ եկամուտով տուն պահել չի լինում, դրա համար էլ տարվա մեծ մասը դրսում է աշխատում։

67-ամյա Գառնիկ Հովհաննիսյանը ևս չի հրաժարվել խոպան գնալու մտքից։ Մնամ, ի՞նչ անեմ, հարցնում է. - «Ստեղ ի՞նչ կա, որ մնամ։ Գեղացիք ջուր չունին, ջուր չկա հողերը մշակենք...»

Գետքում տեղյակ էին, որ Ռուսաստանը խստացրել է միգրացիոն օրենքները, բարձրացրել հարկերը։ Ըստ նոր օրենքի, միգրանտը հաշվառման համար 30 օր ժամանակ ունի, պետք է հասցնի բուժզննում անցնել ու մատնահետք հանձնել։ Եթե այդ ժամկետը բաց թողնի, հաշվառումից կհանեն, Ռուսաստանի տարածքում մնալը կհամարվի անօրինական։ Նաև պետք է սոցիալական վճարներ մուծեն, որոնցից նախկինում ազատված էին։

Գառնիկ Հովհաննիսյանը դժգոհում է՝ դաշնակից համարվող երկիրը փոխանակ պայմանները հեշտացնի, դեռ մի բան էլ դժվարացնում է. - «Եթե դաշնակից պետություններ ենք, պըտի լուծեն հարցը, որ հեշտ էղնի ժողովրդին։ Ժողովուրդը ինչ որ աշխատում է, կեսն էլ ընդեղ է տալիս...»

Հայ-թուրքական սահմանին գտնվող Գետքից այս տարի ավելի շատ խոպան մեկնողներ կլինեն, մտահոգված է վարչական ղեկավար Հովիկ Մխիթարյանը։ Անցած գյուղատնտեսական տարին նպաստավոր չէր իրենց համար. - «Ու էս տարի հնարավոր է, որ էդ քանակը որոշակի ավելանա։ Որովհետև բանջարաբոստանային մշակաբույսեր անցած տարվա ցանող բնակիչները, որոնք մեծ վնասներ են կրել, բանկերի հետ խնդիրներ ունեն, ուզեն-չուզեն պիտի արտագնա աշխատանքի գնան, որպեսզի կարողանան էդ բանկերի վարկերը փակեն»։

Գետքում փակ դռներ էլ կան. ընդամենը 600 բնակիչ ունեցող գուղում փաստացի 400 մարդ է մնացել։ Արտագա աշխատանքի սեզոնին մարդկանց թիվը է'լ ավելի պակասում. - «Մի 200-ը արդեն իսկ արտագնա աշխատանքի են։ Մի մասը Ռուսաստանից հետ չի էկել, մի մասը մշտապես է տեղափոխվել։ Յուրաքանչյուր տարի 110-120 բնակիչ մեկնում է արտագնա աշխատանքի»։

Թեև Գետքում տղամարդիկ ասում էին, որ այս տարի էլ են մտադիր խոպան մեկնել, ՌԴ միգրացիոն ծառայության վիճակագրությունը փաստում է, որ գոնե անցած տարի Ռուսաստան մեկնող հայաստանցի աշխատանքային միգրանտների թիվը 2021-ի համեմատ նվազել է 15 տոկոսով։

Պակասել է նաև ՌԴ քաղաքացիություն ստացածների թիվը։ Եթե 2021-ին մոտ 47 հազար հայաստանցի է ստացել ՌԴ քաղաքացիություն, ապա անցած տարի՝ մոտ 45 հազարը։ Փորձագետները միգրանտների ու քաղաքացիություն ստացածների թվի նվազումը պայմանավորում են մեկ տարուց ավելի ձգվող ռուս-ուկրաինական պատերազմով։ Նաև զգուշացնում են՝ հարևանի դեմ պատերազմող երկրում շատ ավելի մեծ է հավանականությունը, որ կխախտվեն միգրանտների իրավունքները, չեն բացառում նաև սեփական կամքին հակառակ ռազմաճակատում հայտնվելու հնարավորությունը։

Գետքում այս մասին նախընտրում էին չխոսել։

XS
SM
MD
LG