Մատչելիության հղումներ

ՀՀ կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը․ վարչապետ (լրացված)


2022-թվականի արդյունքներով՝ Հայաստանի կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2021-26թթ․ ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքն ու արդյունքները։

Փաշինյանը նշեց, որ հատկապես աշխարհաքաղաքական խորացող անկայությունն ու միջազգային անվտանգության ոլորտներում ակնհայտ դարձող անորոշություններն ու լարվածություններն ավելի են սրում Հայաստանի արտաքին անվտանգության սպառնալիքները։

2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ագրեսիան, տարածքների օկուպացիան, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորված չլինելը, ադրբեջանական զինուժի ներխուժումները Լեռնային Ղարաբաղում ՌԴ պաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը, Լեռնային Ղարաբաղում բնական գազի և էլեկտրաներգիայի մատակարարումների դադարեցումները և դրանց հետևանքով ծայր առած հումանիտար, էներգետիկ, բնապահպանական ճգնաժամերը Հայաստանի կառավարությանը թույլ չեն տվել լիարժեք կենտրոնանալ զարգացման օրակարգերի իրագործման վրա, հայտարարեց գործադիրի ղեկավարը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ 2022-ը Հայաստանն ամփոփել է վերջին 15 տարիների համար աննախադեպ՝ 12, 6 տոկոս տնտեսական աճով։

«Ադրբեջանը պատասխանել է հայկական կողմի առաջարկին»

Հիշեցնելով, որ փետրվարի կեսերին Երևանը խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ առաջարկ էր փոխանցել Բաքվին՝ Փաշինյանն այսօր ադրբեջանական կողմի արձագանքից որոշ մանրամասներ հաղորդեց՝ նշելով՝ «որոշակի առաջընթաց տեսնում են», սակայն, «որքան առաջ ենք գնում, այնքան ֆունդամենտալ պրոբլեմներ են ի հայտ գալիս»։

«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքային պահանջներ ձևակերպել կամ նկրտումներ ձևակերպել, ինչը կարմիր գիծ է մեզ համար։ Մեր ընկալմամբ, այդ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռքբերել, այդ թվում՝ ՀՀ ստորագրությամբ։ Դա, բնականաբար, նույնպես կարմիր գիծ է մեզ համար։ Մենք տեսնում ենք նաև Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ մենք, ըստ էության, ստորագրված պայմանգրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը նույնպես կարմիր գիծ է մեզ համար», - հայտարարեց վարչապետը՝ հիշեցնելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը, Փաշինյանի խոսքով, չի կատարվում և Ադրբեջանն արդեն երեք ամիս փակ է պահում Լաչինի միջանցքը։

«Որևէ փաստաթուղթ, որը կստորագրվի, պետք է ունենա իրականացման երաշխիքներ, ցանկալի է՝ միջազգային երաշխիքներ, որը բացակայում է», - հայտարարեց վարչապետը։

ԼՂ ժողովրդի և իրավունքների անվտանգության հարց

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը Երևանի համար չափազանց կարևոր է, վերահաստատեց վարչապետը՝ ճիշտ համարելով, որ այդ հարցի առաջնային մանդատառուն լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։

«Կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ։ Մենք կարծում ենք, որ այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա, կամ հիմնական խոսակցությունը պետք է տեղի ունենա Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Այստեղ էլ առանց միջազգային մեխանիզմների և երաշխիքների առաջ գնալ չի լինի», - հայտարարեց Փաշինյանը։

«Հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը»

Ընդգծելով, որ աճել է Ադրբեջանի ագրեսիվ հռետորիկան և քաղաքականությունը՝ գործադիրի ղեկավարի կարծիքով՝ հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը՝ թե՛ Հայաստանի սահմանի երկայնքով, թե՛ Լեռնային Ղարաբաղում։

«Իմ եզրակացությունն Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ հռետորաբանությունն է և, իհարկե, կան որոշակի այլ տվյալներ», - հայտարարեց վարչապետը՝ չմանրամասնելով, թե ինչ տվյալների մասին է խոսքը։

Միևնույն ժամանակ Փաշինյանը պատեհ համարեց, որ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկվի։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու մասին

ՀԱՊԿ-ից պարբերաբար դժգոհելուց հետո Երևանն օրերս հայտարարեց ռազմաքաղաքական դաշինքում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից հրաժարվելու մասին։ Այսօր անդրադառնալով այս հարցին՝ Փաշինյանը նկատեց՝ Երևանը հաճույքով կստանձի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձմամբ չստացվի, որ ժողովրդին սխալ ուղերձ է հղում, եթե դա նշանակի Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը ևս մի գործոն ավելացնել։

«Եթե դա դա չի նշանակելու, մենք նման քայլ անելու իմաստ չենք տեսնում՝ առնվազն մեր ժողովրդի հետ ազնիվ լինելու տրամաբանությունից», - ասաց Փաշինյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանից և «դա մեզ անհանգստացնում է»։

Եթե պարզվի, որ կա ստորագրելու պատրաստ փաստաթուղթ, «դա լավ լուր կլինի»

«Եթե պարզվի, որ մենք ունենք փաստաթուղթ, որ պատրաստ ենք ստորագրել, դա վատ լուր չէ, դա լավ լուր է», - ասաց վարչապետը՝ նկատելով՝ դա կնշանակի, որ կա որոշակի առաջընթաց, որը կարող է բերել երկարատև խաղաղություն և կայունություն։

«Որ գնան Բաքու, հետ կգա՞ն, թե՞ չէ, էդ հարցի պատասխանն ո՞վ է տալու»

Ադրբեջանի իշխանությունները երեկ հայտարարեցին, որ Արցախի ներկայացուցիչներին հրավիրում են Բաքու՝ «վերաինտեգրման շուրջ հերթական քննարկման»:

«Ազատության» հարցին, թե Երևանը կո՞ղմ է, որ Ստեփանակերտի ներկայացուցիչները գնան Բաքու, Փաշինյանը պատասխանեց․ - «Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը մի ամսվա ընթացքում դարձան ինտեգրացիայի մասին խոսույթ։ Մեր խնդիրն այն է, որ պետք է տեղի ունենա քննարկում, և՛ ժամանակը, և՛ նաև Ձեր նշած դինամիկան ոչ դրական, ավելի համոզիչ են դարձնում, որ պետք է միջազգային մեխանիզմ՝ էդտեղ էլ երաշխիքի խնդիր կա, որ գնան Բաքու, հետ կգա՞ն, թե՞ չէ, էդ հարցի պատասխանն ո՞վ է տալու։ Սա քմահաճույթ չի»։

Ճշտող հարցին, թե ի՞նչ ասել է տեսանելի միջազգային մեխանիզմ, Փաշինյանը մանրամասնեց․ - «Մեր ընկալումն այն է, որ լինի մեխանիզմ, որը երաշխավորի էդ խոսակցության շարունակականությունը, որովհետև Ադրբեջանն է, երկու անգամ խոսեց, ասեց՝ «լավ, հոգնեցի, էլ չեմ խոսում», կամ անվտանգությունը և իրավունքները հանկարծ դարձան ինտեգրացիա, ինտեգրացիայից հետո դարձան մի ուրիշ բան։ Ի վերջո, ի՞նչ է լինելու։ Մենք չենք պատրաստվում որևէ կերպ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու, կամ ցեղասպանություն իրականացնելու մանդատ տալ»։

Երկու-երեք այդպիսի մեխանիզմ առաջարկել են և այդ ուղղությամբ շարունակում են աշխատել, տեղեկացրեց գործադիրի ղեկավարը։

«Այս պահին հանդիպում նախատեսված չէ»

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում այս պահին նախատեսված չէ, ասուլիսին ասաց գործադիրի ղեկավարը՝ շեշտելով՝ ինքը երբեք չի խուսափել հանդիպումից։

«Բայց մեր հանդիպումների փորձը ցույց է տալիս, որ պետք է լինեն երաշխիքներ պայմանավորվածությունների կատարման մասին, կամ պարտավորությունների կատարման մասին։ Պարզ օրինակ՝ Մյունխենում ասվեց, որ պետք է քննարկենք անվտանգությունը և երաշխիքները, երկու հանդիպումից հետո դարձավ ինտեգրացիա։ Էս բառամթերքի մեջ կիլոմետրերի տարբերություն կա», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով՝ բանակցությունները պետք է կայունության երաշխիք դառնան։

«Ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել պատասխանատվություն ստորագրելու փաստաթղթեր, որոնք երազանքի փաստաթուղթ չեն լինի, բայց մյուս կողմից հայացք փախցնելու առիթ չեն տա», - ասաց վարչապետը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG