Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Չնայած նրան, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ էր արձանագրել, որ կիրակի առաջինը կրակ է բացել ադրբեջանական կողմը, Զախարովան երկու կողմերին է զսպվածության կոչ արել։
Մեկնաբանելով լրագրողներից մեկի հարցը ադրբեջանական կողմից Արցախին ուղղված սպառնալիքների վերաբերյալ, ինչի մասին հայտարարել էր Արցախի նախագահը, արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչն ասել է, թե «ցանկացած կողմի ռազմատենչ հռետորաբանությունն անարդյունավետ է, այն չի օգնում խաղաղության օրակարգն առաջ մղելուն»:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նկատել է, որ մարտի 5-ին տեղի ունեցած զինված միջադեպը հանգեցրել է զոհերի թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից՝ կոչ անելով Երևանին և Բաքվին քայլեր ձեռնարկել իրավիճակը դեէսկալացնելու համար։ Նա ընդգծել է, որ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում անվտանգության և կյանքի ապահովման հետ կապված հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ կողմերի միջև շփման միջոցով։
Մոսկվան վստահ է, որ պաշտոնական Երևանի ակտիվ մասնակցությունը Բաքվի հետ հակամարտության կարգավորման բանակցություններին կարող է նպաստել կողմերի միջև «ներկայիս լարվածության» թուլացմանը, հավելել է Զախարովան։
«Մենք կարծում ենք, որ պաշտոնական Երևանի ակտիվ մասնակցությունը փոխընդունելի լուծումների որոնմանը կնպաստի ներկայիս լարվածության թուլացմանը»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է արդեն երեք ամիս «էկոակտիվիստներ» ներկայացող ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակ լինելուն, Զախարովան կրկնել է, թե շարունակվում է Լաչինի և ընդհանուր Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը՝ որպես գործիք նշելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ շփումները։