Մատչելիության հղումներ

Գազի խողովակաշարը կրկին արգելափակելը ճգնաժամի խորացմանն ուղղված հերթական քայլն է. Արայիկ Հարությունյան


Մարտի 10-ին Հայաստանից մատակարարվող գազի խողովակաշարի հերթական արգելափակումն Արցախում հումանիտար ճգնաժամի խորացմանն ուղղված հերթական քայլն է, Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Շրջափակման հետևանքով մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ, ասել է նա՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Արցախի ժողովրդի 91-օրյա շրջափակման վրա:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Արցախը փորձում է վերացնել 2020թ.-ի պատերազմի ծանր հետևանքները, սակայն այժմ առերեսվել է շրջափակմամբ և ուժի կիրառման սպառնալիքով պայմանավորված նոր ծանր մարտահրավերների, հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նիստի ընթացքում քննարկվել են ստեղծված ճգնաժամային իրավիճակը և առկա մարտահրավերները, ասված է հաղորդագրության մեջ։

«Էկոակտիվիստներ» ներկայացող ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Լաչինի միջանցքը, Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարի վերականգնումը ևսս արգելում է ադրբեջանական կողմը։ Արցախում առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքներ սպառողներին շարունակվում են տրամադրվել կտրոնային համակարգով։ Ավելին՝ վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումներ են գրանցվել, իսկ մեկ շաբաթ առաջ՝ հարձակում, որի հետևանքով երեք հոգի զոհվեց։

Դրանից հետո Արցախի նախագահը խոսեց ադրբեջանական պահանջների մասին՝ «կամ ընդունում են ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են ավելի կոշտ քայլեր»։ Մյուս իսկ օրը Բաքուն բացեիբաց սպառնաց՝ կամ հայկական զորքերը Ղարաբաղից ամբողջությամբ դուրս են բերվում, կամ հարկադրված են զինաթափելու և չեզոքացնելու «անօրինական զինված կազմավորումները»։

XS
SM
MD
LG