Մատչելիության հղումներ

Լուիս Բոնոն այսօր ժամանում է Երևան


Բաքվում ունեցած հանդիպումներից հետո այսօր Երևան է ժամանում Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ամերիկացի պաշտոնյան հայտարարել էր՝ Վաշինգտոնի վերջնական նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է։

Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն նշանակվեց մեկ ամիս առաջ։ Այս պաշտոնում սա նրա առաջին այցն է տարածաշրջան։

«Լուիս Բոնոյի այցն իր մեջ պարունակելու է այն բովանդակությունը, որ քննարկվում է ամերիկյան դիվանագիտական միջնորդական էս նախաձեռնության շրջանակում արդեն տևական ժամանակ և քննարկվել է, օրինակ, Մյունխենում», - ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Անցած ամիս Բոնոն ներկա էր պետքարուղար Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մյունխենյան հանդիպմանը, ամերիկացի դիվանագետն առանձին հանդիպում ունեցավ նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Միրզոյան-Բոնո հանդիպում Մյւոնխենում, 18-ը փետրվարի, 2023թ․
Միրզոյան-Բոնո հանդիպում Մյւոնխենում, 18-ը փետրվարի, 2023թ․

Լաչինի միջանցքը փակ է արդեն շուրջ երեք ամիս, օրերս էլ Արցախում ադրբեջանական կրակոցներից երեք հայ ոստիկան զոհվեց։ Այս լարվածության պայմաններում ի՞նչ կարող է տալ ամերիկացի պաշտոնյայի այցը։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ ամեն ինչ կախված է հանդիպումների բովանդակությունից։

«Ինքնին այցերը, բնականաբար, չեն կարող լինել լիցքաթափող, և ամեն ինչ կախված է դրանց բովանդակությունից», - ասաց Բադալյանը։

Նորանշանակ բանագնացը երեկ Ալիևի հետ հանդիպմանը կարևորել է Երևանի և Բաքվի միջև ուղիղ շփումները՝ շեշտելով, որ իր այցի նպատակը երկխոսության ծավալումն է, ինչպես նաև նոր հանդիպման անցկացման քաջալերումը։ Ալիևն էլ իր հերթին գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև փետրվարի 18-ին Մյունխենում կայացած հանդիպման արդյունքների առթիվ։

Եռակողմ հանդիպում Մյունխենում, 18-ը փետրվարի, 2023թ․
Եռակողմ հանդիպում Մյունխենում, 18-ը փետրվարի, 2023թ․

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ընդգծում է՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումներն ինքնին ոչինչ չեն տալիս, հարցն այն է, թե դրանց ընթացքում ինչ է քննարկվում։

«Որովհետև մենք, օրինակ, ունենք նախադեպ, երբ երկկողմ շփումներից մեկ-երկու շաբաթ հետո տեղի է ունեցել սեպտեմբերյան ագրեսիան Հայաստանի դեմ։ Հիշենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ին եղավ հանդիպում Բրյուսելում, կամ օգոստոսի 31-ին, երկու շաբաթ անց՝ եղավ հարձակում Հայաստանի վրա։ Այսինքն՝ էդ երկկողմ հանդիպումներն իրենք ինքնին չեն նպաստում ո՛չ խաղաղության, ո՛չ պատերազմին։ Առանցքային այնն է, թե ինչպիսին է բովանդակությունը դրանցում քննարկվող», - ասաց Բադալյանը։

Իր առաջին տարածաշրջանային այցը Լուիս Բոնոն կավարտի Թբիլիսիում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG