Մատչելիության հղումներ

Որևէ մեկը վստահություն չունի, թե Բաքուն կարող է ապահովել Արցախի հայերի իրավունքներն ու անվտանգությունը. Ռիչարդ Կիրակոսյան


Բաքուն դարձյալ մերժում է միջազգային մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկը: Մինչ այդ, սակայն, Հայաստանում շարունակում են հույս հայտնել, որ Արցախում հայերի իրավունքներն ու անվտանգությունը քննարկելու համար միջազգային մեխանիզմ կգործի։

«Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը քննարկելու միջազգային որևէ մեխանիզմ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող, մենք երբեք սրան չենք համաձայնել։ Այս հարցում Հայաստանի հայտարարություններում տրամաբանություն չկա, և նպատակ կա արհեստական լարվածություն ստեղծելու», - Report.az-ին տված հարցազրույցում երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևն իր հարցազրույցում արձագանքել է նախորդ ուրբաթ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի «Ազատությանը» տված հարցազրույցին, որի ընթացքում Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ արցախահայերին Ադրբեջանի կազմում ինտեգրելու հարց Երևանը Բաքվի հետ չի քննարկել, մի պահանջ, որ ըստ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ առաջ է քաշել Բաքուն Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև վերջին շաբաթներում տեղի ունեցած շփումներից հետո։

«Մենք այդպիսի հարց չենք քննարկել: Բոլորն էլ հրապարակային խոսել են, որ այդ քննարկումները իրավունքների և անվտանգության մասին են, և միջազգային պայմանավորվածությունները հենց սրանք էին, և հենց այս պայմանավորվածությունները պետք է ի կատար ածվեն: Երևանի դիրքորոշումն է, որ քննարկվի այն, ինչ պայմանավորվել ենք, այսինքն՝ իրավունքներ և անվտանգություն», - ընդգծել էր ԱԽ քարտուղարը:

Գրիգորյանին արձագանքած Հաջիևը շրջանցել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը, որ ինտեգրացիայի հարց Երևանը Բաքվի հետ երբեք չի քննարկել, բայց կրկին պնդել է, որ «Ղարաբաղում բնակվող հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը բացառապես Ադրբեջանի ներքին գործն է», ինչը չեն պատրաստվում քննարկել երրորդ կողմի, այդ թվում՝ Հայաստանի հետ։

Հազարավոր մարդկանց անվտանգությունը այլևս ներքին խնդիր չեն համարվում. Մարուքյան

Ադրբեջանցի պաշտոնյային այսօր Թվիթերում արձագանքել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ գրելով. «Կրկին պետք է հիշեցնեմ. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հազարավոր մարդկանց անվտանգությունը այլևս ներքին խնդիր չեն համարվում»:

«Ադրբեջանը ոտնահարում է իր սեփական երկրի քաղաքացիների մարդու իրավունքները»

Մինչ այդ, քաղաքական մեկնաբան Ռիչարդ Կիրակոսյանը հավելում է, որ որևէ մեկը վստահություն չունի, թե Բաքուն կարող է ապահովել Արցախում ապրող հայերի իավունքներն ու անվտանգությունը։

«Իրականում միջազգային իրավունքի ու հարաբերությունների տեսանկյունից ամեն պետություն պատասխանատու է իր ստանձնած միջազգային պարտավորությունների առջև, այլ կերպ ասած՝ Արցախի հարցը պետք է միջազգանացվի, Ադրբեջանը այլ հնարավորություն չունի, որովհետև խոսքը հայերի հիմնական ազատությունների, անվտանգության ու մարդու իրավունքների մասին է, Ադրբեջանը ոտնահարում է իր սեփական երկրի քաղաքացիների մարդու իրավունքները։ Հարցն այն է, որ որևէ մեկը չի վստահում Ադրբեջանին, թե կարող են պաշտպանել հայերի իրավունքները», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Մյուս կողմից՝ Կիրակոսյանն ավելացնում է, որ չի տեսնում քայլերը, թե ինչպես են Երևանն ու Ստեփանակերտը պատրաստվում միջազգայնացնել Արցախի հարցը, դիվանագիտական ինչ քայլերով ու ինչ ծրագրով. - «Այդտեղ է իմ քննադատությունը. չկա ռազմավարական մոտեցում, չկա պետական նպատակ, այո, այդ քաղաքականությունը կարող է աշխատել, բայց դրա համար պետք են ավելի տրամաբանական, գործնական քայլերի շարք: Ինչ է անհրաժեշտ, ինչ է Հայաստանն ակնկալում միջազգային հանրությունից, դա միջազգային համայնքի հարցը չէ, դա Հայաստանի պահանջն է»։

Ադրբեջանի նախագահի օգնականը նաև Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի հետ մինչև 2022-ի ավարտը խաղաղության համաձայնագիր չստորագրելու համար: Ըստ նրա՝ «Հայաստանը ոչ կառուցողական դիրքորոշում է ունեցել և ի սկզբանե փորձել է Ղարաբաղի հարցը ներառել խաղաղության համաձայնագրում, սակայն այդ մոտեցումն անընդունելի է Ադրբեջանի համար»։

Հայաստանը, մինչդեռ, մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ պատրաստ է խաղաղության պայմանագրի գործընթացը առանձնացնել Ղարաբաղի հարցից, վերջերս էլ Հայաստանի վարչապետը Բեռլինում նորից ասաց, որ հայկական կողմը համաձայնել է տարանջատել Արցախի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից, մանրամասնելով, որ նպատակն այն է, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև ձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։ Այնուամենայնիվ, երեք օր առաջ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ խաղաղության պայմանագիր հնարավոր չէ կնքել առանց Ղարաբաղի հարցում լուծումների։

«Խաղաղության հարցը հնարավոր է վերջնականացնել, եթե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ առաջընթաց ունենք, երաշխիքներ կան անվտանգության և իրավունքների ապահովման մասով, և Հայաստանը վստահ է, որ էթնիկ զտում Լեռնային Ղարաբաղում տեղի չի ունենա, անվտանգությունն ապահովված է, և նոր ճգնաժամեր չեն ստեղծվի, և սա է մեր մոտեցումը, սրա շուրջ ենք մենք բանակցությունները վարում», - ասել էր Արմեն Գրիգորյանը:

Բաքուն ազնիվ չէ իր հայտարարություններում. Ռիչարդ Կիրակոսյան

Բաքուն ազնիվ չէ իր հայտարարություններում, թե խաղաղության պայմանագիրը տապալվել է Երևանի պատճառով, քանի որ անցյալ տարի նախ պայմանագիրը պարզապես պատրաստ չէր, ասում է Ռիչարդ Կիրակոսյանը։

«Արցախի շուրջ իրավիճակը ամեն առումով կապված է խաղաղության պայմանագրի հետ, միևնույն ժամանակ հենց վերջնական մարտահրավերն է։ Դա է պատճառը, որ Ադբեջանը, ոչ թե Հայաստանն է ամբողջովին կասեցրել սահմանազատման գործընթացի ու ապաշրջափակման շուրջ խոսակցությունները։ Բացի այդ, Ադբեջանի զինվորականներն են գտնվում Հայաստանի ինքնիշխան տարածքում, Ադրբեջանի ստեղծած ևս մի պատճառ խաղաղության պայմանագրի չստորագրման համար», - նշեց Կիրակոսյանը։

Ադբեջանցի պաշտոնյան իր հարցազրույցում նաև պնդել է, թե Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը Ղարաբաղ հայերի իրավունքների և անվտանգության հարցերով պայմաանվորելը նախկին «ինքնորոշման» և «անկախության հեքիաթների» շարունակությունն են այլ անվան տակ, ինչը Բաքուն չի ընդունելու:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG