«Արդեն 3 ամիս Լաչինի միջանցքի Ադրբեջանի կողմից փակ լինելու պայմաններում իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում», - այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 5-ին Արցախում տեղի ունեցածն ահաբեկչական ակտ որակելով։
Վարչապետը շեշտեց՝ նախորդ կիրակի Ադրբեջանի զինված ուժերի մի ստորաբաժանում դարանակալել և հարձակվել է Ստեփանակերտից «ՈՒԱԶ» մակնիշի մարդատար ավտոմեքենայով ծառայողական նպատակներով Հին Շեն և Մեծ Շեն գյուղեր ուղևորվող ոստիկանների վրա, ոստիկաններից 3-ը զոհվել են, 1-ը վիրավորվել։
Փաշինյանը հիշեցրեց Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե «գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի, իրենք պետք է Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջիններիս իրավունքների և անվտանգության հարցը»։ Վարչապետը հիշեցրեց նաև Ալիևի հաջորդ հայտարարություն, թե այդ «քննարկումները Բաքուն պատրաստվում է ունենալ Լեռնային Ղարաբաղում ծնված և ապրած մարդկանց հետ»՝ շեշտելով՝ մարտի 5-ի ահաբեկչական ակտին զոհ գնացին Լեռնային Ղարաբաղում ծնված, Լեռնային Ղարաբաղում ընտանիքներ կազմած երեք քաղաքացիներ։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում․ - « Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցում ու նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոնի ստեղծում։ Ստեղծել կեղծ ապացույցներ, թե Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ զենք-զինամթերք է տեղափոխվում։ Արյունոտ ահաբեկչությամբ ձևավորել նոր խոսույթներ, տեղեկատվական նորանոր հոսքեր, որոնք կծածկեն կարևորագույն մի փաստ՝ այն, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ»։
Հաագայի դատարանը Հայաստանի դիմումն Ադրբեջանի դեմ բավարարեց փետրվարի 22-ին՝ պարտավորեցնելով բացել Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Թեև որոշումը ենթակա է պարտադիր կատարման, սակայն որոշումից ավելի քան 2 շաբաթ անց էլ միջանցքը շարունակում է փակ մնալ։
Ընդգծելով, որ Ադրբեջանը գնում է նորանոր սադրանքների իրադրությունը Լեռնային Ղարաբաղում էլ ավելի սրելու համար՝ Փաշինյանը հայտարարեց՝ «հրատապ խնդիր է դառնում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը կանխելու նոր ագրեսիայի սանձազերծումը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները»։
Վարչապետը վերահաստատեց Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու ձգտումը և հավատարմությունը խաղաղության օրակարգին։