Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստանի տնտեսությունը բում է ապրում․ Փաշինյան


Այսօր Հայաստանի տնտեսությունը բում է ապրում, խորհրդարանում հայտարարեց վարչապետը՝ ներկայացնելով 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ միայն այս տարվա առաջին կիսամյակում տնտեսական ակտվիության ցուցանիշը կազմել է 14,1 տոկոս, ինչը չափազանց կարևոր ցուցանիշ է ետպատերազմական ու ետքովիդյան ծանր շրջանը հաղթահարելու տեսանկյունից։

«Շատ լավ է, որ մենք այս տարին վստահաբար երկնիշ տնտեսական աճով ենք ամփոփելու և հաղթահարելու ենք, ըստ էության, այն բարձր աճի բացը, որը մենք ունեցել ենք 2020 թվականին, բայց սա պատմության միայն մի մասն է, որովհետև մենք նպատակադրում ունենք նաև 2023 թվականին առնվազն 7 տոկոս տնտեսական աճ ապահովել», - ասաց նա:

Փորձելով բացատրել, թե ինչ կապ ունի իր կառավարությունը տնտեսական այս հաջողության հետ՝ Փաշինյանն ասաց, թե քաղում են մենաշնորհի և համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի իրենց քաղաքականության պտուղները։

«Քաղում ենք պտուղներն՝ օլիգարխիայի վերացման մեր քաղաքականության, օրենքի առաջ բոլորի հավասարությունը ապահովելուն ուղղված մեր քաղաքականության և համակարգային կոռուպցիայի հաղթահարման», - ասաց վարչապետը։

Փաշինյանը հիշեցրեց, որ դեռևս 2018-ի հեղափոխության ժամանակ խոստացել էր 1-2 տարվա ընթացքում ավելացնել բյուջեի եկամուտները 35-40 տոկոսով, այդ խոստումը, ըստ նրա, կատարվել է։ Միայն 2022-ի արդյունքներով սպասում են, որ բյուջեի եկամտային մասը 1.6 միլիարդ դոլարով կգերազանցի 2018-ի ցուցանիշը, այս տարվա բյուջեն կգերակատարվի 80 միլիարդ դրամով։ Ավելին, 2023-ի բյուջեի պլանավորումը հաշվի առնելով՝ Փաշինյանը խոստացավ հեղափոխությունից 4 տարի անց բյուջեի եկամուտները ավելացնել 75 տոկոսով։

«Մենք մեր գործունեության ընթացքում արդեն 2022 թվականին 52 տոկոսով բյուջեի եկամտային մասն ավելացրել ենք՝ 2018-ի համեմատ, իսկ 2023 թվականին հարկային եկամուտները պլանավորված են 2 տրլն 203,7 մլրդ դրամ, որը 2018 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի է 946 մլրդ դրամով կամ 75,1 տոկոսով։ Այսինքն՝ մենք արձանագրենք, որ հեղափոխությունից 4 տարի հետո բյուջեի եկամուտներն ավելացնելու ենք 75 տոկոսով», - ասաց գործադիրի ղեկավարը։

Ընդդիմությունը մանիպուլյացիա է որակում

Մինչդեռ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հանձնաժողովի անդամ Թադևոս Ավետիսյանը Փաշինյանի այս լավատեսական պնդումները մանիպուլյացիա է որակում՝ պնդելով, որ իրականում մարդկանց կենսամակարդակը չի լավացել, ավելին՝ սոցիալապես անապահով խավը ավելի վատ վիճակում է հայտնվել։ Ըստ նրա՝ դա է փաստում նաև Համաշխարհային բանկի զեկույցը, ըստ որի, այս տարվա սկզբին ավելացել է թերսնված մարդկանց, այդ թվում՝ թերսնված երեխաների թիվը։

«Համաշխարհային բանկը, օրինակ, իր զեկույցներից մեկում գնահատել է, որ այս տարվա առաջին երեք ամիսներին թերսնված մարդկանց թիվն աճել է 81 հազարով, այդ թվում՝ թերսնված երեխաների», - ասաց նա:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, եթե բյուջեի եկամուտները կայուն աճում են, ապա պետք է ավելացվեին սոցիալական ծախսերը, մինչդեռ 2023 -ի բյուջեի նախագծում սոցիալական ոլորտի համար միայն 10 տոկոս ավելացում են նախատեսել։

Աղքատության նպաստները չեն ավելանալու, թոշակները միայն 6-7 տոկոսով են ավելանալու, այն դեպքում, երբ սեպտեմբերին արձանագրված 12-ամսյա գնաճը արդեն գրեթե 10 տոկոս է կազմում։

«Ակնհայտ է չէ՞, որ ամենամեծ հարվածը ստացել են սոցիալապես անապահով խավերը, օրինակ՝ միայնակ կենսաթոշակառուները, աղքատ ընտանիքները, աշխատող աղքատները: Այս իրավիճակում ինչքան էլ իրենք ինքնագովերգով զբաղվեն, պարզ է, որ 2023-ի այդ ռիսկերն իրենք շատ լավ գիտակցում են», - ասաց Ավետիսյանը:

Իսկ 14.1 տոկոս տնտեսական ակտվիությունն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանից եկած ֆինանսական ներհոսքով, ինչի մասին չգիտես՝ ինչու Փաշինյանը չի խոսում և ամեն ինչ վերագրում է իր կառավարության գործունեությանը։

Ի տարբերություն վարչապետի լավատեսական հայտարարությունների՝ «Ազատությանը» հանդիպած քաղաքացիները նշում էին, որ իրենց վրա տնեսական աճի ցուցանիշները չեն զգացել։

«Տնտեսական աճ էդքան նկատելի չի, եթե նկատելի լիներ, կանդրադառնար ամեն մեկիս վրա, ընտանիքներում էլ: Եթե տնտեսական աճ է, բա թանկացումներն ինչի՞ հետ է կապված», - ասում է մեկը, մյուսը՝ հավելում. «Տնտեսական աճը ենթադրում է նաև կյանքի որակի բարձրացում, չկա այդ ամեն ինչը: Մենք հասկանում ենք, որ պետության համար հիմա դժվար է, բայց թող ասեն՝ դժվար է, թող չասեն՝ աճ կա, աթոռը պահելու համար չի էլի մենակ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG