Մատչելիության հղումներ

Ռազմական էսկալացիայի լուրջ վտանգ կա. Տիգրան Գրիգորյան


Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը Արցախում էսկալացիայի բավականին լուրջ վտանգ է տեսնում, և դա, ըստ նրա, պարզ է դառնում նաև ոչ պաշտոնական տարբեր հաղորդագրություններին հետևելով։

Նրա հետ զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«Ազատություն». - Ինչո՞ւ արդյունք չտվեցին Բաքու-Ստեփանակերտ շփումները, այլ հակառակը՝ կարծես հենց դրանից հետո ավելի լարվեց իրավիճակը:

Տիգրան Գրիգորյան. - Իրականում Ադրբեջանն այդ շփումներն օգտագործում է քարոզչական նպատակներով, որ իբր Ղարաբաղում տեղի է ունենում ինչ-որ ինտեգրացիայի գործընթաց, և որ Ղարաբաղի իշխանությունները համաձայնել են գնալ այդ գործընթացին, երկրորդը՝ Ադրբեջանը փորձում է այդ շփումները ներկայացնել որպես այն միջազգային մեխանիզմը, որի մասին խոսում են կողմերը վերջին ամիսների ընթացքում, և պարզ է, որ այստեղ ինչ-որ բովանդակային բանակցությունների մասին խոսքը դժվար է լինում գնալ: Եթե նույնիսկ նայենք, թե ում են նշանակել բանագնաց այդ բանակցություններում, պարզ է, որ որևէ լուրջ նպատակներ չէին հետապնդում, այլ պարզապես օգտագործում էին այդ բանակցությունները ինչ-որ ավելի լուրջ նպատակների հասնելու համար, որոնք ուժային տիրույթում են այս փուլում:

«Ազատություն». - Իսկ ինչո՞ւ է, որ սա այն երկխոսությունը չէ, որի մասին ինքը ասում էր Մյունխենում, որ կա նաև միջազգային համաձայնություն դրա շուրջ:

Տիգրան Գրիգորյան. - Այս շփումները տեղի էին ունենում նաև նախկինում, ինչպես գիտենք, տարբեր հարցերի շուրջ՝ ոչ քաղաքական: Այստեղ տեսնում ենք, որ մեծ հաշվով քաղաքական կոմպոնենտ չկա այս բանակցություններում, կողմերը հանդիպել էին՝ քննարկելու Լաչինի միջանցքի ապաշրջափակումը, գազի, էլեկտրաէներգիայի վերականգնումը: Բացի այդ, հայկական կողմի դիքորոշումն այն է, որ այդ մեխանիզմում, որը պետք է ստեղծվի, պետք է լինի նաև միջազգային կոմպոնենտ, առանց միջազգային կոմպոնենտի հենց բանակցությունները ստանալու են այն տեսքը, որը ցանկանում է Բաքուն, այսինքն՝ ինչ-որ ինտեգրացիոն գործընթացի տեսք են ստանալու: Այդ իսկ պատճառով Բաքուն, իհարկե, փորձում է ներկայացնել այս գործընթացը որպես հենց այդ մեխանիզմ, բայց այդ առումով պարզ է, որ հայկական կողմերը չեն ընդունելու և պահանջելու են, որ լիարժեք ինստիտուցիոնալ միջազգային մեխանիզմ ստեղծվի, որը կապահովի բանակցությունների շարունակականությունը, եթե օրինակ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի:

«Ազատություն». - Պարոն Գրիգորյան, ռուսների ներկայությունը այդ սրահում այդ մեխանիզմը չէ՞:

Տիգրան Գրիգորյան. - Չէ, իհարկե, և Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը շեշտեց, որ ինքը լիազորված չէ մեկնաբանել Ռուսաստանի միջնորդությամբ տեղի ունեցող բանակցությունները, եթե հաշվի առնենք, որ այս ուղիղ բանակցային մեխանիզմի գաղափարը սեղանին է դրվել հենց ամերիկացիների կողմից, սա նշանակում է, որ ԱՄՆ-ն ևս չի ընդունում ռուսների մասնակցությունը որպես ինչ-որ միջազգային կոմպոնենտ:

«Ազատություն». - Դուք տեսնո՞ւմ եք, որ անցակետ տեղադրելու հարցում կա իսկապես միջազգային ըմբռնում, ինչպես Ալիևը պնդում էր Մյունխենում, և նա փաստորեն պաշտոնական առաջարկ էլ է արել Երևանին՝ տեղադրել անցակետ:

Տիգրան Գրիգորյան. - Կարծում եմ՝ կա միջազգային կոնսենսուս, որ անցակետեր չպետք է լինեն Լաչինի միջանցքում: Տեսանք, որ արտգործնախարար Լավրովը ևս Բաքվում նմանատիպ հայտարարություն արեց: Կարծում եմ՝ ամերիկացիները և եվրոպացիները ևս մեծ հաշվով դեմ են այդ գաղափարին: Այլ հարց է, որ կարող են ինչ-որ չափով փոփոխվել կարգավորումները Լաչինի միջանցքում: Խոսքը հենց այդ սկանեռների տեղադրման մասին է: Սա միգուցե միջնորդները դիտարկում են որպես ինչ-որ փոխզիջումային տարբերակ՝ այս իրավիճակը հանգուցալուծելու համար:

«Ազատություն». - Այդպես չէ՞:

Տիգրան Գրիգորյան. - Միգուցե այդպես է: Ամեն ինչ կախված է բանակցություններից, բայց տեսնում ենք, որ նույնիսկ բանակցություններն այս վերջին սադրանքից հետո կանգ են առել:

«Ազատություն». - Ի դեպ, Դուք այդ շփումների հեռանկար տեսնո՞ւմ եք՝ հաշվի առնելով Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որ փաստորեն վերջնագիր է եղել Բաքվից:

Տիգրան Գրիգորյան. - Բաքուն եթե շարունակի քաղաքականացնել այդ շփումները, անհեռանկարային են այդ շփումները, այսինքն՝ եթե պետք է ամեն անգամ հանդիպեն, ինչ-որ բան քննարկեն, հետո նկար հրապարակվի և նշվի, թե ինտեգրացիոն պրոցես է գնում, պարզ է, որ արցախյան կողմը դժվար թե համաձայնի երկար շարունակել այս ձևաչափում: Այո, Ալիևը Մյունխենում նշեց, որ պատրաստ է բանակցել, եթե Ռուբեն Վարդանյանը հեռանա, բայց տեսանք, որ այս բանակցություններին զուգահեռ փաստացիորեն տեղի է ունենում նաև ռազմական նոր էսկալացիա:

«Ազատություն». - Դուք այդ էսկալացիայի մեծացման վտանգ տեսնո՞ւմ եք՝ հաշվի առնելով էլի Բաքվի ուղարկած հաղորդագրությունը Ստեփանակերտին, որ կոշտ միջոցներ են լինելու, և նաև վարչապետի այսօրվա հայտարարությունը:

Տիգրան Գրիգորյան. - Այո, կարծում եմ՝ բավականին լուրջ վտանգ կա, և դա պարզ է նույնիսկ, եթե հետևում ենք ոչ պաշտոնական տարբեր հաղորդագրություններին, տարբեր գրառումներին Ադրբեջանից եկող՝ նույն փորձագիտական դաշտի ներկայացուցիչների, ինչ նարատիվներ են այս փուլում շրջանառության մեջ դրել: Հերթական անգամ Պաշտպանության բանակի, այսպես կոչված, զինաթափման թեման են դրել սեղանին, մի շարք այլ խնդիրներ, և մեծ հաշվով ինֆորմացիոն, կարծես, հող են նախապատրաստում նոր էսկալացիայի համար:

«Ազատություն». - Արցախո՞ւմ:

Տիգրան Գրիգորյան. - Կարծում եմ՝ այս պահին վտանգն ավելի մեծ է Արցախում:

XS
SM
MD
LG