Բաքվում բացվել է 10-րդ Գլոբալ համաժողովը, որի նշանաբանն է «Աշխարհն այսօր. Մարտահրավերներ և հույսեր»:
Համաժողովին մասնակցում են մի շարք օտարերկրացի գործող և պաշտոնաթող բարձրաստիճան ղեկավարներ, հանրային և քաղաքական հայտնի դերակատարներ, փորձագետներ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամբողջ ղեկավար կազմը, Արաբական պետությունների լիգայի և միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ:
Ինչպես և ենթադրվում էր, նախագահ Իլհամ Ալիևը բացման ուղերձում հիմնականում խոսել է ադրբեջանա-հայկական հակամարտության կարգավորման իր տեսլականի մասին:
Թերևս հաշվի առնելով միջոցառման ներկայացուցչական բարձր աստիճանը՝ նա խուսափել է չափազանց ագրեսիվ ավանդական բառապաշարից ու Հայաստանի հասցեին սպառնալիքներից և ավելի շատ փորձել է ներկայանալ որպես խաղաղության գաղափարի ջատագով:
Նա ասել է, թե հակամարտություները հնարավոր է լուծել երկու եղանակով՝ բանակցելով կամ ուժով: Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանն ի սկզբանե խաղաղ կարգավորման կողմնակից է եղել, բայց, Ալիևի որակմամբ, Հայաստանը դա չի գնահատել և մերժել է խաղաղության հնարավորությունը: Ալիևը հերթական անգամ քննադատել է Մինսկի խմբի գործունեությունը:
«1992-ին, հենց ծագել է կոնֆլիկտը, ԵԱՀԿ-ն Մինսկի խումբն է ստեղծել, բայց այն 28 տարվա ընթացքում ոչ մի արդյունք չի ահապովել, և մենք համոզվել ենք, որ խումբը ցանկանում է առհավետ սառեցնել այդ հակամարտությունը»,- ասել է Ալիևը:
Նրա փոխանցմամբ, Ադրբեջանը չէր կարող մերվել նման իրավիճակի հետ և ստիպված էր ուժով լուծել հակամարտությունը:
«Մենք արել ենք այն, ինչ ճիշտ ենք համարել, դիմել ենք ինքնապաշտպանության՝ գործադրելով ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ դրույթը և ազատագրել ենք մեր տարածքները»,- ասել է Ալիևը:
Ապա Ադրբեջամնի ղեկավարը խոսել է խաղաղության հեռանկարի մասին, նշելով, որ Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու խոչընդոտներ չկան:
Բաքուն ներկայացրել է հինգ սկզբունքները և հուսով է, որ միջազգային դերակատարները կփորձեն համոզել Երևանին չվատնել այս հնարավորությունը:
«Հայաստանը բաց է թողել հիրավի անկախ պետություն դառնալու շանսը և վերածվել է մի երկրի, հիմա գուցե արդեն մի քանի երկրների գաղութի»,- ասել է Ալիևը, նշելով, որ գուցե այս անգամ Հայաստանն, այնուամենայնիվ, կփորձի օգտվել խաղաղություն հաստատելու հնարավորությունից և «կսկսի գործել իբրև հարևան»:
Իլհամ Ալիևը նաև «լուսավոր ապագա» է խոստացել Ադրբեջանի կողմից երեք ամիս շրջապատման մեջ գտնվող հայերին, ասելով, որ նրանք, իբր, լավ կապրեն:
«Ես համոզված եմ, որ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերի կյանքը շատ ավելի լավը կլինի, քան օկուպացիայի տարիներին»,- ասել է Իլհամ Ալիևը: