Մատչելիության հղումներ

Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևաններից և ոչ մեկի նկատմամբ. Ալեն Սիմոնյան


Մինչ Բաքուն շարունակում է խոսել արցախահայերի՝ «Ադրբեջանի կազմում սպասվող ապագայի», տարածքային ամբողջականության մասին, Հայաստանը կրկին հայտարարում է, որ տարածքային պահանջներ չունի իր հարևաններից և ոչ մեկի նկատմամբ։ Բահրեյնում ընթացող Միջխորհրդարանական միության վեհաժողովին այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հայաստանի միջազգային քաղաքականության անկյունաքարը, խորհրդարանի խոսնակի պնդմամբ, բոլոր երկրների հետ խաղաղ հարաբերությունների պահպանումն է, սակայն չնայած դրան երկիրը բախվում է բազմաթիվ սպառնալիքների։

«Հարավային Կովկասում լարվածությունը շարունակվում է», - նշել է Ալեն Սիմոնյանը՝ նախ հիշեցնելով, որ արդեն գրեթե երկու տարի է, ինչ Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ օկուպացնելով մոտ 150 քառակուսի կիլոմետր տարածք:

ԱԺ նախագահը խոսել է նաև Լաչինի միջանցքի շրջափակման մասին, որը Հայաստանն ու աշխարհը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհն է։

«Շրջափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է», - ասել է նա:

Հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանական Հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը երկու ուղղություններով՝ Լաչինի միջանցքով»:

«Այդ ճանապարհը քաղաքացիական այլ տրանսպորտային միջոցների համար անհասանելի է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից և արգելափակված է տասնյակ ադրբեջանցի գործակալների կողմից, որոնք քողարկվում են «բնապահպանական ակտիվիստներ» անվան տակ», - շեշտել է Սիմոնյանը, նաև հերքել ադրբեջանական կողմի պնդումը, թե Հայաստանը զենք է մատակարարում Լեռնային Ղարաբաղին:

Հիշեցնելով, որ 8 օր առաջ Արցախի ոստիկանության երեք աշխատակից սպանվեց, ևս մեկը վիրավորվեց Ադրբեջանի հարձակման հետևանքով, Ալեն Սիմոնյանը հարցրել է. - «Հարգելի՛ գործընկերներ, ես հարցնում եմ՝ մի՞թե սրանք էթնիկ զտումներ չեն: Մարդկանց դեմ ուղղված ռասայական ու կրոնական հողի վրա իրականացվող անհանդուրժողականությունը, բռնությունը չպետք է արդարացվեն»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շրջափակման հարցում միջոցներ է կիրառել Ադրբեջանի դեմ, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը շտապ կոչ է արել վերացնել այն: Փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշում կայացրեց, որ Ադրբեջանը պետք է ապահովի «անարգել տեղաշարժը» Լաչինի միջանցքով: Առանձին վճռով դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի այն պնդումը, թե Հայաստանն ականներ է տեղադրել:

Ադրբեջանի իշխանությունները, սակայն, պնդում են, որ Լաչինի միջանցքն ապաշրջափակված է, Ալեն Սիմոնյանը շեշտել է. -«Դաժան իրականությունն այլ բան է ասում»:

Խաղաղության և անվտանգության հարցերին նվիրված Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների հետ, նրանց ներկայացրել հետպատերազմյան իրավիճակն ու առկա հումանիտար խնդիրները, հայտնում են ԱԺ-ից։

XS
SM
MD
LG