Մատչելիության հղումներ

Ջաբրայիլի անկումը. Պատերազմի երկրորդ շաբաթը


Խոցված տանկ Ջաբրայիլում, 16-ը հոկտեմբերի, 2020թ.
Խոցված տանկ Ջաբրայիլում, 16-ը հոկտեմբերի, 2020թ.

«Ազատությունն» ամփոփել է 44-օրյա պատերազմն ըստ 6 շաբաթների։ Առաջին մասում ներկայացվել է պատերազմի մեկնարկը, Մատաղիսի անկման շուրջ հակասական մեկնաբանություններն ու թուրքական գործոնի ընդգծումը։ Երկրորդ մասում «Ազատությունը» պատմում է Ջաբրայիլի անկման, դրա վերաբերյալ տրվող տեղեկատվության, հրադադարի առաջին փորձի, Հադրութում գործողությունների մասին:

44-օրյա պատերազմի երկրորդ շաբաթը մեկնարկեց փոխադարձ հրթիռային հարվածներով։ Հոկտեմբերի 4-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքում գրեց. «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց»։

Գանջա քաղաքը, ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության լուսանկարի, հոկտեմբերի 4-ին
Գանջա քաղաքը, ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության լուսանկարի, հոկտեմբերի 4-ին

Քաղաքի հրթիռակոծությունը ադրբեջանական կողմը արագորեն հաստատեց՝ պնդելով, սակայն, որ հայկական բանակի թիրախում ռազմական օբյեկտներ չեն եղել։

Գյանջայի հրթիռակոծությունից մի քանի ժամ անց Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքը հրթիռակոծել են իր հրամանով. «Ամեն վայրկյան Ստեփանակերտի գլխին պտտվում են տարբեր անօդաչու սարքեր, չեն դադարում հրթիռակոծել Ստեփանակերտը։ Եվ այսօր առաջին անգամ իմ հրամանով Արցախի ԶՈւ հրթիռային ստորաբաժանումները համազարկ են տվել (նշել էի ժամանակին, հուշել էի ժամանակին, զգուշացրել էի ժամանակին) Գանձակ քաղաքին»։

Ադրբեջանը ևս ընդլայնում էր հրթիռակոծությունների աշխարհագրությունը։ Հոկտեմբերի 4-ին «Սմերչ» կայանքներից հրթիռակոծվեց Շուշիի մշակույթի տունը։

Պաշտոնական քարոզչությունը, սակայն, լռում էր այն մասին, որ հարվածի պահին մշակույթի տան դահլիճում հարյուրավոր հայաստանցի ոստիկաններ են գտնվել։ Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով 27 ոստիկան զոհվել էր, տասնյակ իրավապահներ վիրավորվել էին՝ չհասցնելով անգամ հասնել առաջնագիծ։

Հոկտեմբերի 4-ին` օրվա երկրորդ կեսին, հրթիռակոծությունների մասին տեղեկություններին փոխարինելու եկան Արաքսի հովտում նոր առաջխաղացման մասին Բաքվից ստացվող պնդումները։ Պատերազմի ութերորդ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Twitter-ում տեղեկացրեց ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակի կողմից գրավված առաջին քաղաքի մասին։ «Այսօր Ադրբեջանի բանակն ազատագրել է Ջաբրայիլ քաղաքը և շրջանի մի շարք գյուղեր», - գրել էր Իլհամ Ալիևը։

Ռազմական գործողությունները շարունակվում էին, Լեռնային Ղարաբաղ
Ռազմական գործողությունները շարունակվում էին, Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունից հաշված րոպեներ անց հարյուրավոր մարդիկ արդեն Բաքվի փողոցներում էին՝ տոնելով պատերազմական առաջին հաջողությունները։ Նման էյֆորիկ տրամադրությունների պատճառը հասկանալի էր՝ ադրբեջանական բանակն առաջին անգամ գրեթե 30 տարվա դադարից հետո կարողացել էր խոշոր բնակավայր՝ շրջկենտրոն գրավել։ Վերջին անգամ Ադրբեջանի զինված ուժերին նման բան հաջողվել էր 1992-ի ամռանը՝ Մարտակերտում։ Իսկ պաշտոնական Երևանը, ինչպես և նախօրեին Մատաղիսի պարագայում, այժմ էլ կտրականապես հերքում էր Ջաբրայիլի կորստի մասին տեղեկությունները։

«Մենք տեսանք, թե ինչպես երեկ իրենք իրենց շնորհավորում էին Մատաղիսի գրավելու կապակցությամբ, թվարկում էին մյուս փոքր բնակավայրերը, որոնք Մատաղիսին հարակից են։ Այսօր էլ [շարունակվեց] նույն ապատեղեկատվությունը` կապված Ջաբրայիլի գրավման հետ, ինչը ևս ապատեղեկատվություն է», - հայտարարում էր ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Երևանից հնչող լավատեսական այս հայտարարություններին զուգահեռ, սակայն, իրադրությունը վատթարացման ակնհայտ նշաններ էր ցույց տալիս։ Հոկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը տեղեկացրեց ռազմաճակատի մի շարք հատվածներում «հայկական կողմի ձեռնարկած մարտավարական նահանջի մասին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հանդես է գալիս կոչով, 5-ը հոկտեմբերի, 2020թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հանդես է գալիս կոչով, 5-ը հոկտեմբերի, 2020թ.

Իրավիճակի եթե ոչ օրհասական, ապա գոնե շատ ծանր լինելու ևս մեկ անուղղակի վկայությունը Նիկոլ Փաշինյանի այդ օրերին հնչող հայտարարություններն էին։ Հոկտեմբերի 5-ին Հայաստանի վարչապետը հանդես եկավ հերթական ֆեյսբուքյան լայվով, որը, սակայն, իր բնորոշմամբ` մարտակոչ էր։

«Ես այս ուղերձով ուզում եմ դիմել վերջին մեկ տարվա ընթացքում ժամկետային զինծառայությունն ավարտած, զորացրված և քաղաքացիական կյանքում գտնվող մեր զինվորներին։ Խնդիրն այն է, որ վերջին տարում զորացրված մեր տղաները գործնականում մեր ամենամարտունակ մոբիլիզացիոն ռեսուրսն են։ Խնդիրն այն է, որ այսօր հայրենիքն ունի այդ մարդկանց կարիքը: Տղե՛րք, հայրենիքն այսօր ունի ձեր կարիքը։ Ով ունի պատահաբար սաղավարտ, զրահաբաճկոն, որովհետև ասում եմ` սա մոբ ռեսուրսի մեջ չի մտնում և ընդհանրապես նախատեսված էլ չի, կամ եթե ուրիշ մարդիկ ունեն տաք բուշլատներ, եթե կան սաղավարտներ ու զրահաբաճկոններ, իրենք էլ ուղղակի տանեն, թողնեն դրանք Կենտրոնական հավաքակայանում», - հայտարարում էր Փաշինյանը։

Վարչապետն Նիկոլ Փաշինյանը, Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը Արցախում, 6-ը հոկտեմբերի, 2020թ.
Վարչապետն Նիկոլ Փաշինյանը, Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը Արցախում, 6-ը հոկտեմբերի, 2020թ.

Իրավիճակի լրջության ևս մեկ ապացույցը դարձավ հոկտեմբերի 6-ին տարածված տեղեկատվությունը, որի համաձայն` Փաշինյանն առաջին անգամ պատերազմի մեկնարկից ի վեր մեկնել էր Լեռնային Ղարաբաղ։ Կառավարության կայքում տեղադրված կարճ տեսանյութից պարզ էր դառնում, որ Փաշինյանն այցելել էր հրամանատարական կետ՝ զինվորականների հետ խորհրդակցություն անցկացնելով։

Պատերազմական երկրորդ շաբաթվա շրջադարձային օրը, սակայն, դարձավ հոկտեմբերի 7-ը։ Պատերազմի մեկնարկից 11 օր անց իր երկրի սահմանների անմիջական հարևանությամբ ծավալված ռազմական գործողությունների մասին առաջին անգամ խոսեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Սա ողբերգություն է, մենք շատ անհանգստացած ենք, որովհետև թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, թե՛ Լեռնային Ղարաբաղը տարածքներ են, որտեղ ապրում են մեզ համար ոչ օտար մարդիկ: Կորուստները երկու կողմից էլ շատ մեծ են, և մենք հուսով ենք, որ հակամարտությունը ամենամոտ ապագայում կդադարեցվի։ [Հարկավոր է], որ կոնֆլիկտը վերջնականապես հանգուցալուծվի, բայց դատելով ամենից` մենք դրանից դեռ հեռու ենք։ Ամեն դեպքում, մենք կոչ ենք անում դադարեցնել կրակը», - նշում էր Ռուսաստանի նախագահը։

Ռուսաստանի ղեկավարի այս հարցազրույցին զուգահեռ հոկտեմբերի 7-ին Հայաստանում սկսեցին լուրեր շրջանառվել, թե արդեն առաջիկա ժամերին Բաքուն և Երևանը հանդես են գալու հրադադարի մասին հայտարարությամբ։ Պաշտոնական քարոզչությանն անվերապահորեն հավատացող հայ հանրության մեծամասնության, նաև քաղաքական գործիչների մի զգալի մասի համար ենթադրյալ այդ հրադադարը հավասարազոր էր հաղթանակի։ Մատաղիսի, Թալիշի և Ջաբրայիլի կորստի մասին այդպես էլ որևէ պաշտոնական լուր չստացած հայաստանցիները վստահ էին՝ սեպտեմբերի 27-ից ի վեր շփման գիծը գրեթե որևէ փոփոխության չի ենթարկվել։

«Ամեն օր հայտարարում են, որ Հայաստանի զինամթերքը հեսա կպրծնի, Հայաստանը էդ քիչ զինամթերքով, իր հրետանիով կարողանում է դրանց պահել սահմանային գծի, շփման գծի վրա, չի թողնում մի մետր առաջ գան։ Մենք ռազմական արվեստին տիրապետող բացառիկ ժողովուրդ ենք։ Էս նոր բան է, նոր հատնություն է, ես գիտեի, թե մենք շինարար ենք, չէ, մենք նաև պատերազմի աստված ենք, մենք էսպիսի ժողովուրդ ենք, մեր զինվորը չի պարտվում, չի կարող պարտվել», - «Ազատության» հետ զրույցում հայտարարում էր Արամ Սարգսյանը։

Թիկունքում նկատվող այս ոգևորությունը գագաթնակետին հասավ հոկտեմբերի 7-ի երեկոյան, երբ ռուսական РБК հեռուստաալիքը հեռարձակեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցը։ Դրանում Փաշինյանը ռազմական ժամանակաշրջանին ոչ բնորոշ թափանցիկությամբ և անկեղծությամբ սկսեց պատմել հարավային ուղղությամբ այդ րոպեներին ծավալվող մարտերի մասին։

«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որ ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվում է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք թողնելով և այնտեղ ծուղակի մեջ գցելով Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը», - հայտարարում էր Փաշինյանը։

«Հաղթելու ենք» կարգախոսով մեծ էկրանը տեղադրված էր Երևանի կենտրոնում` Հանրապետության հրապարակում, 9-ը հոկտեմբերի, 2020թ.
«Հաղթելու ենք» կարգախոսով մեծ էկրանը տեղադրված էր Երևանի կենտրոնում` Հանրապետության հրապարակում, 9-ը հոկտեմբերի, 2020թ.

Փաշինյանի պնդմամբ` Պաշտպանության բանակի հրամանատարությունը մի ծրագիր է մշակել, որի համաձայն հայկական ուժերը հետ են քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ` այնտեղ ադրբեջանական բանակի մեծ ուժեր ներքաշելով. «Երեկ երեկոյան ադրբեջանցիները շատ մեծ ուժերով մտել են [Ջաբրայիլ], և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում», - հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը` անգամ դրական պատասխանելով ռուս լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ռազմական գործողությունների տեղափոխումը բուն Ադրբեջանի տարածք։

«Եթե այսօրվա գործողությունն ավարտվի այնպես, ինչպես մեկնարկել է, ապա [ռազմական գործողությունների տեղափոխումը Ադրբեջանի տարածք] շատ հավանական կլինի։ Ղարաբաղի բանակը նման հաջողությունից հետո չի կարող նստել ու սպասել ադրբեջանցիների վերախմբավորմանը», - պնդում էր Հայաստանի վարչապետը։

«Ջաբրայիլի գործողությունը չէր կարող հաջողվել: Չէր կարող, որովհետև օդը բաց էր», - պատերազմի ավարտից մոտ կես տարի անց կգրի ռազմական գործողությունների ընթացքում առաջնագիծ հասած եզակի հայաստանցի լրագրողներից մեկը՝ «Հետք» պարբերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։ Նրա խոսքով` չհաջողված այդ հակահարձակման ընթացքում հայկական կողմը 600-ից ավելի զոհ և հարյուրավոր վիրավորներ էր տվել։

«Միայն Ջաբրայիլում թշնամին 17 տանկ է խոցել անօդաչուներով և հրթիռներով: Տանկերի մի մասի անձնակազմերը ստիպված լքել են տանկերը, որպեսզի չմոխրանան», - պնդում էր «Հետք»-ի խմբագիրը։

Մոսկվայում գործող «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» փորձագետները «Փոթորիկ Կովկասում» վերնագրված զեկույցում ամիսներ անց ևս կպնդեն, որ երկու բրիգադների ներգրավմամբ այդ հակահարձակումը տապալվել էր դեռ չմեկնարկած՝ նախ և առաջ ադրբեջանական կողմի օդում ունեցած գերակայության և «իրավիճակին ավելի լավ տիրապետելու պատճառով»։

Պատերազմը շարունակվում էր, լուսանկարը` Հայաստանի ՊՆ-ի տեսանյութից
Պատերազմը շարունակվում էր, լուսանկարը` Հայաստանի ՊՆ-ի տեսանյութից

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, սակայն, հետագայում կհերքի ջաբրայիլյան աղետի մասին պնդումները` հայտարարելով, թե հայկական կողմը հոկտեմբերի 6-ին և 7-ին այդ ուղղությամբ աննշան կորուստներ է կրել։

Վարչապետ Փաշինյանն իր հերթին կհերքի հայաստանցի ընդդիմադիրների այն մեղադրանքները, թե Ջաբրայիլի ուղղությամբ անհաջող հակահարձակումն իրականացվել է իր անմիջական հրամանով՝ Ղարաբաղում հրամանատարական կետ կատարած այցելության ժամանակ։

«Այո, այդ քննարկման խոսակցությունների մի հատվածին ես ներկա եմ եղել։ Ես մոդերացիա եմ արել խոսակցությունը և սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել՝ դա լավ տարբերակ է, թե վատ։ Ես հարցրել եմ՝ դու ի՞նչ կարծիքի ես, դու ի՞նչ կարծիքի ես, դու ի՞նչ կարծիքի ես», - 2021-ի ապրիլի 14-ին Ազգային ժողովում հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Այս ամենը, սակայն, հայտնի կդառնա ամիսներ անց։ Հոկտեմբերի 8-ին Ջաբրայիլի մոտ ծավալվող արյունալի դեպքերի մասին պաշտոնական որևէ տեղեկություն Երևանը չէր հաղորդում։ Հիմնական խոսակցությունները Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում այդ օրը տեղի ունեցած հրթիռակոծության մասին էին։ Ի տարբերություն Երևանի` Ջաբրայիլում տեղի ունեցած իրադարձությունների մասին Բաքուն չէր լռում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 8-ին մեկը մյուսի հետևից տեսանյութեր էր հրապարակում։ Անօդաչու սարքից արված առաջին տեսագրության մեջ հստակ երևում էր, թե ինչպես է խոցվում մոտ մեկ տասնյակ միավոր զրահատեխնիկայից բաղկացած շարասյունը։ Մեկ այլ տեսանյութում էլ պատկերված էին ադրբեջանցիների կողմից Հորադիզ գյուղի մերձակայքում որպես ռազմավար վերցված տանկերը՝ Պաշտպանության բանակի պարզորոշ երևացող տարբերանշաններով։

Բացի այդ, հոկտեմբերի առաջին օրերից սոցցանցերը լի էին ժամկետային զինծառայողների հարազատների գրառումներով, որոնցում անհանգստացած ծնողները տեղեկացնում էին, թե արդեն մի քանի օր է, ինչ որևէ լուր չունեն որդիներից՝ ո՛չ նրանց, ո՛չ նրանց ծառայակիցների կամ սպաների հեռախոսներն այլևս չեն պատասխանում։ Պաշտպանության նախարարությունն այդ օրերին ևս որևէ հստակ տեղեկություն չէր հրապարակում այս զինծառայողների մասին՝ նշելով միայն զորքերի ակտիվ տեղաշարժի մասին։

«Այս պահին շատ ծանր ու դժվար է հստակ ասել՝ այսքան մարդը անհետ կորած է։ Կարող ենք նրանց անհետ կորած համարել, բայց երկու խումբ դուրս եկավ շրջափակումից, չէ՞։ Հիմա կարող են էդպիսիք էլի լինել։ Ես հասկանում եմ մարդկային ճակատագրերի նկատմամբ ձեր ուշադրությունը», - 2020-ի հոկտեմբերի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր Արծրուն Հովհաննիսյանը։

«Պատերազմ հարավային դարպասների մոտ». ռազմաճակատում տիրող իրական վիճակի մասին հայաստանցիներից շատերն առաջին անգամ տեղեկացան ռուսական «Նովայա գազետա»-ում 2020 թվականի հոկտեմբերի 7-ին լույս տեսած հենց այս հոդվածից։ Այս պարբերականը դարձավ առաջին անկախ աղբյուրը, որ տեղեկացրեց Շուշիում տասնյակ ոստիկանների զոհվելու, ինչպես նաև Ջաբրայիլում հայերի կրած ծանր պարտության մասին։ Հոդվածի հրապարակումից մի քանի ժամ անց Հայաստանի արտգործնախարարությունը դրա հեղինակին՝ մոսկվացի լրագրող Իլյա Ազարին զրկեց հավատարմագրից` պնդելով, թե նա խախտել է Լեռնային Ղարաբաղում ռազմական դրության պայմաններում լրատվամիջոցների աշխատանքի համար սահմանված կանոնները։

Ռուսաստանցի լրագրողի հետ տեղի ունեցած դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ Հայաստանի պաշտոնական քարոզչության, դրա ազդեցության տակ ձևավորված հանրային տրամադրությունների և ռազմաճակատում տիրող իրական կացության միջև հակադրությունը օրեցօր խորանում է։ Դա էր թերևս պատճառը, որ հոկտեմբերի 9-ին` պատերազմի 13-րդ օրը, Հայաստանի Ազգային ժողովը որոշեց խստացնել ռազմական դրության պայմաններում գործող սահմանափակումները։ Նոր կարգավորումներով արգելվում էր անգամ հրապարակել «պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմին առնչվող գործողությունները, այդ թվում` ելույթները քննադատող, հերքող, դրանք կասկածի տակ դնող հրապարակումները»:

Իշխող մեծամասնության որոշ ներկայացուցիչներ այդ օրը ավելի քան անկեղծ էին՝ նշելով, թե այս իրավիճակում նույնիսկ արդարացված քննադատությունը տեղին չէ։

«Ամեն մի ճիշտ բան չէ, որ [հարկ է] ռազմական, պատերազմական պայմաններում հնչեցնելը, դա ինչ ուզում է` լինի, այն, ինչ որ վերաբերում է բանակին», - մասնավորապես ասում էր Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Եվ մինչ Հայաստանի խորհրդարանը խստացնում էր ռազմական դրության ռեժիմը, Բաքվում հայտարարում էին ռազմական նոր հաջողությունների մասին։ 26 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին բուն Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող և հայերով բնակեցված շրջանների գրավման մասին։

2020-ի հոկտեմբերի 9-ին` օրվա երկրորդ կեսին Իլհամ Ալիևը հայտարարեց ադրբեջանական բանակի նոր առաջխաղացման մասին` գրավված բնակավայրերի թվում նշելով նաև Հադրութը։

Երևանում, սակայն, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն` ադրբեջանական զորքերի առաջխաղացման մասին Բաքվի հայտարարությունները հերքում էին։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը տեսանյութ հրապարակեց` գրելով, թե այն Հադրութից է, լուսանկարն` այդ տեսանյութից, 9-ը հոկտեմբերի, 2020թ.
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը տեսանյութ հրապարակեց` գրելով, թե այն Հադրութից է, լուսանկարն` այդ տեսանյութից, 9-ը հոկտեմբերի, 2020թ.

«Այսօր ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները և պաշտոնական շրջանակները հայտարարեցին, ընդ որում արդեն որերորդ անգամ չգիտեմ, որ գրավել են Ջաբրայիլը և նույնիսկ Հադրութն ու հարակից գյուղերը։ Դա, մեղմ ասած, ծիծաղելի է, որովհետև հենց այդ ժամանակ ես գտնվում էի քաղաք Հադրութում, և որևէ նման բան չկար», - հոկտեմբերի 9-ին հայտարարում էր Արծրուն Հովհաննիսյանը։

Հոկտեմբերի 9-ին կարևորագույն իրադարձությունները, սակայն, ծավալվում էին ոչ միայն Արաքսի հովտում և Հադրութի լեռներում, այլև դրանցից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա՝ Մոսկվայում։ Ռուսաստանի իշխանություններին պատերազմի մեկնարկից երկու շաբաթ անց հաջողվեց Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններ կազմակերպել։ Ավելի քան տասը ժամ տևած դռնփակ բանակցությունների ընթացքում որպես միջնորդ էր հանդես գալիս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Եվ հենց Լավրովն էր, որ կեսգիշերն անց ներկայացրեց Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հայտարարվում է մարդասիրական՝ ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման նպատակով հրադադարի մասին», - հայտարարում էր Լավրովը՝ ընդգծելով, որ Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում Մնացականյանն ու Բայրամովը նաև պայմանավորվել են «Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և կարգավորման հիմնարար սկզբունքների վրա հիմնվելով առարկայական բանակցություններ սկսել՝ ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ լուծման նպատակով»։

Հոկտեմբերի 10-ին` ուղիղ երկու շաբաթ շարունակված կատաղի մարտերից հետո, ռազմական գործողությունների դադարի աղոտ հույս էր նշմարվում՝ հույս, որն այդպես էլ չարդարացավ։ Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարը պահպանվեց ընդամենը մի քանի ժամ, այն էլ ռազմաճակատի ոչ բոլոր հատվածներում։ Երևանն ու Բաքուն միմյանց էին մեղադրում հրադադարը խախտելու մեջ, սակայն մեկ բան ակնհայտ էր՝ ռազմի դաշտում արձանագրված առաջին հաջողություններից հետո Ադրբեջանը կանգ առնելու մտադրություն չուներ։ Առջևում պատերազմի երրորդ շաբաթն էր, որի գլխավոր իրադարձությունը կդառնա Հադրութի վերջնական կորուստը։

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG