Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի պատճառով: Euronews -ին տված հարցրազրույցի ընթացքում երկրի ղեկավարը բարձրաձայնել է ռազմական գործողություններում Թուրքիայի միջոցով ահաբեկիչների ներգրավվածության մասին։ Փաշինյանը հայտաչարել է, որ Ադրբեջանը հակամարտության կարգավորման միայն մեկ լուծում է տեսնում՝ այն է՝ Արցախն առանց հայերի։ Վարչապետը խոսել է ցեղասպանության սպառնալիքի մասին։
«Լեռնային Ղարաբաղի հայությունը հենց այս պահին, հենց հիմա գտնվում է գոյութենական սպառնալիքի ներքո, որովհետև Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը ենթարկվում են անընդհատ հրթիռային հարվածների։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունն այս իրավիճակում պետք է վճռականորեն քայլ անի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը», - ասել է նա:
Հայկական կողմը պատրաստակամ է դադարեցնել կրակը, հայտնել է վարչապետը` միևնույն ժամանակ շեշտելով. - «Հասկանո՞ւմ եք, սա չի նշանակում, որ մենք կանգնենք, գան և մեր ժողովրդին ցեղասպանության ենթարկեն: Մենք ոչ մեկի վրա չենք հարձակվել: Մեր գործողությունները և Ղարաբաղի գործողությունը բացարձակապես ինքնապաշտպանական է», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի վարչապետն Ադրբեջանին մեղադրել է Արցախի դեմ պատերազմ սկսելու, իսկ Թուրքիային՝ դրանում ունեցած մասնակցության համար՝ ընդգծելով՝ հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի հարցում ոչ թե ռազմական, այլ քաղաքական խնդիր ունի լուծելու։
«Ադրբեջանն է տարիներ շարունակ սպառնացել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով կլուծի, իսկ հայկական կողմի համար միշտ խաղաղությունն է եղել գլխավոր նպատակը», - հայտարարել է Փաշինյանը։
«Այդտեղ ոչ մի գաղտնիք չկա: Եկեք հրապարակայնորեն վերլուծենք Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարությունները, եկեք հրապարակայնորեն վերլուծենք՝ իսկ ինչո՞ւ պետք է ահաբեկիչները բերվեին Ադրբեջան, շփման գոտի: Որևէ ուրիշ նպատակով կարո՞ղ են ահաբեկիչները հավաքագրվել որևէ այլ երկրում և բերվել սեփական երկիր, եթե այդ երկիրը ռազմական ագրեսիա չի պատրաստում», - ասել է Հայաստանի վարչապետը։
Euronews-ի եթերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հայկական կողմին է մեղադրել նախահարձակ լինելու ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները տապալելու համար։
Ալիևը կրկին շեշտել է, որ Հայաստանի նախորդ իշխանությունների հետ բանակցությունները կառուցողական են եղել, իսկ 2018-ին իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած բանակցություններին Ալիևն «անիմաստ» որակումն է տալիս, քանի որ, ըստ Ադրեբջանի նախագահի, Հայաստանի վարչապետն իր հետ հանդիպումներին հայտարարել է, որ հայկական կողմը չի պատրաստվում տարածքներ վերադարձնել. - «Մենք պատասխանատվություն չենք կրում այս բռնկման համար։ Ինչպես ասացի, մենք ֆիզիկական հարձակման ենք ենթարկվել հայկական բանակի կողմից, որը տեղակայված է Ադրբեջանի գրավյալ տարածքներում։ Բացի այդ, ներկայիս հայկական ռեժիմը ամեն ինչ արել է՝ փլուզելու համար բանակցային գործընթացը»։
Ալիևը հարցարզույցի ընթացքում ներկայացրել է նաև բանակցային սեղանի շուրջ վերադառնալու՝ ադրբեջանական կողմի նախապայմանը. - «Հայաստանի կառավարությունը պետք է փոխի իր մոտեցումը, պետք է հրաժարվի առավելապաշտական դիրքորոշումից, պետք է դադարի ասել, որ Ղարաբաղը Հայաստան է, որովհետև դա ճիշտ չէ, և դա կործանում է բանակցային գործընթացը։ Եվ այդ դեպքում, իհարկե, մենք կվերադառնանք բանակցային սեղանի շուրջ»:
Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել և չի լինի Ադրբեջանի կազմում։ Այս մասին էլ Հայաստանի վարչապետը հայտարարել է ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցի ընթացքում՝ մասնավորապես մատնանշելով Ստեփանակերտի ու այլ բնակավայրերի ավերման փաստը:
«Եկեք փորձենք հասկանալ Իլհամ Ալիևի մտքերի ընթացքը։ Նա կարծում է, որ կռմբակոծի Ստեփանակերտը, և դրանից հետո ղարաբաղցիները կապրե՞ն Ադրբեջանի կազմում։ Այս մոտեցումը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել և չի լինի Ադրբեջանի կազմում։ Դա արդեն իսկ բացառվում է», - ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող այն պնդումներին, թե ռազմաճակատում ադրբեջանական կողմը հաջողություններ է գրանցել, մասնավորապես՝ շփման գծում մի քանի գյուղեր գրավելով, վարչապետն հայտարարել է՝ իր ունեցած տեղեկություններով՝ այս պահին դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը. - «Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»: