Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը կարևորում է Ժնևի քաղաքային խորհրդի որոշումը


Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կարևորել է Ժնևի քաղաքային խորհրդի «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» բանաձևը, հայտնում է Ilur.am-ը:

«Ս.թ. հոկտեմբերի 7-ին Ժնևի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, արցախահայության ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին:

Առաջին հայացքից կարող է հարց առաջանալ, թե նմանատիպ բազմաթիվ որոշումների շարքում ինչ կարևորություն կարող է ունենալ ինչ-որ մի քաղաքային խորհրդի որոշումը: Սակայն սա միայն առաջին հայացքից: Ժնևի քաղաքային խորհրդի որոշումը պարունակում է մի ձևակերպում, որն աննախադեպ է նման հայտարարությունների շարքում: Խոսքը վերաբերում է հետևյալ կետին. «Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն», - նշել է Տեր-Պետրոսյանը:

Ըստ նրա` «անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն» ձևակերպումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ղարաբաղյան կարգավորման մեթոդաբանության մեջ «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառման անհրաժեշտության առաջին արձանագրում: «Այդ դոկտրինի էությունը հետևյալն է. երբ որևէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական և այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլևս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից», - շեշտել է առաջին նախագահը։

Նա ընդգծել է` այս դոկտրինի կիրառման պահանջը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենահեռանկարային հնարավորությունն է, որից հայկական դիվանագիտությունն իրավունք չունի չօգտվել:

Ժնևի քաղաքային խորհուրդը նախօրեին ընդունել է բանաձև, որով դատապարտում է Բաքվի ռազմական ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի։ Փաստաթուղթը կոչ է անում ճանաչել Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը, շվեյցարական քաղաքի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները պահանջել են նաև սառեցնել Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG