Մատչելիության հղումներ

Ռազմական դրության սահմանափակումներն ավելի խստացվեցին


Ռազմական դրության սահմանափակումներն ավելի խստացվեցին։ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց այդ փոփոխությունները հստակեցնող օրենսդրական նախագիծը։ Սահմանափակումները խախտողները կպատժվեն տուգանքով կամ ազատազրկմամբ։ Տարբեր սահմանափակումների խախտման համար տարբեր պատժաչափեր են նշվել։ Այս փոփոխությունների նպատակը որոշ ուժերի հակապետական գործունեությունը կանխելն է, ,եկնաբանեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Այս նախագծերի իմաստը որևէ կերպ հանրության համերաշխությունը խաթարելը չէ, այլ ընդհակառակը` այդ համերաշխության դեմ ոտնձգող որոշ ուժերի, գործիչների կամ անհատների կեղծ տեղեկությունների տարածումը, խուճապ առաջացնող տեղեկությունների տարածումը և ընդհանրական ձևակերպելով` հակապետական գործունեությունը կանխարգելելն է»:

Փոփոխություններով Հայաստանում և Արցախում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ տեղեկությունների հրապարակային տարածումը այսուհետ կատարվելու է բացառապես պաշտոնական տեղեկատվության հղումով` առանց խմբագրման: Այս սահմանափակումները վերաբերում են բոլորին՝ լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերում գրառում անող քաղաքացիներին։

«Բոլորս կհամաձայնենք, որ չի կարող օրինակ` իրավիճակ լինել, երբ այնպիսի կեղծ տեղեկություն, օրինակ եմ ասում, տարածեն, որի հետևանքով որևէ բնակավայրի անվտանգությունը կխաթարվի, կամ որևէ զինծառայողի անվտանգությունը կխաթարվի, խուճապ կառաջացնի, դրա համար շատ կարևոր է ռազմական դրության ընթացքում կարգապահության պահպանումը, բացառապես պաշտոնական տեղեկատվական աղբյուրներից օգտվելը, որովհետև թշնամին էլ քնած չի և բնականաբար, ամեն ինչ անում է, և դուք բոլորդ տեսնում եք սոցիալական ցանցերում` այդ խուճապային տրամադրություններն առաջացնելու համար: Եվ ես կարծում եմ` մենք չպետք է թողնենք, որ առանձին անհատներ ձեր նշած միասնականությունը խաթարեն ու միասնականության ոգին», - ասաց նախարարը:

Արգելվում է անգամ հրապարակել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները, այդ թվում` ելույթները, հրապարակումները քննադատող, հերքող, դրանք կասկածի տակ դնող հրապարակումները:

Եթե տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնը լրատվամիջոցներն են խախտում, ապա տուգանվում են 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Իսկ եթե տեղեկությունների հրապարակման, կարծիքի ազատության սահմանափակման կանոնները խախտում են քաղաքացիները, տուգանվում են 300-700 հազարի չափով։ Եթե այդ արարքը վնաս է պատճառել պետության անվտանգության շահերին, պատժվում է 2-ից 3 միլիոն դրամ տուգանքով կամ մինչև երկու տարվա ազատազրկմամբ։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, մասնավորապես, մտահոգված էր կարծիքի ազատության սահմանափակմամբ։

«Այստեղ հարց է առաջանում` այսինքն, երբ որ մենք մարդկանց մտածելու դեմ ենք արդեն գործում, մտածելու ազատությունն ենք ուզում սահմանափակել, սրանով ի՞նչ ենք ուզում ցույց տալ: Օրինակ` եթե ակնհայտ մեկը տեսնում է, որ մի պետական պաշտոնատար անձ տեղական ինքնակառավարման մակարդակում կամ պետական կառավարման մակարդակում ինչ-որ բան է անում, որն ակնհայտ խնդրահարույց է, ինքն էլ հասկանում է, որ դա խնդրահարույց է, չպետք է քննադատի հա՞, ու դա հետագայում պոստ ֆակտում պրոբլեմ առաջացնի, պոստ ֆակտում խոսա դրա մասին, հա՞», - նկատեց Մարուքյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այս սահմանափակումները կարող են խուճապ առաջացնել հանրության շրջանում։ Մինչ այս պահը հանրությունը անվերապահորեն հավատում էր պաշտոնական տեղեկատվությանը, իսկ սրանից հետո կասկածի տակ կարող է դրվել պաշտոնական տեղեկատվության հավաստիությունը. - «Ուրիշ ինքը լուծում չունի: Արգելելով այս հարցերը մենք չենք լուծելու»:

Արդարադատության նախարարը հակադարձեց, թե այս արգելքներով կառավարության գործելաոճը չի փոխվում։ Նպատակը սոցիալական ցանցերում տարածվող կեղծ, սադրիչ տեղեկությունների կանխելն է։

«Կառավարությունը չի պատրասվում իր գործելաոճը որևէ կերպ փոխել: Վերջին շրջանում բոլորս հետևում ենք սոցցանցերում առկա տեղեկատվությանը, այդ թվում` կեղծ տեղեկություններին, այդ թվում` ականատես ենք եղել, որ ակնհայտ սադրիչ տեղեկություններ են տարածվել, որոնք, այո, հերքվել են, բայց այդտեղ Ձեզ հետ համաձայն չեմ, որովհետև մինչև հերքումը դրանք լայնորեն տարածվել են», - արձագանքեց նախարար Բադասյանը:

«Լուսավոր Հայաստանից» պատգամավոր Գևորգ Գորգիսյանը տարակուսած էր այն սահմանափակումից, որ պատասխանատվության են ենթարկվում քաղաքապետի կամ համայնքապետերին քննադատելու համար, որոնց անգործությունը վտանգավոր է պատերազմական վիճակում, ըստ պատգամավորի. - «Հիմա դուրս է գալիս, որ օրինակ` մենք գիտենք` ԱԻՆ-ն արդեն երկար ժամանակ հայտարարում է, որ տագնապի դեպքում պետք է գնալ թաքստոցներ, բայց քաղաքապետարանը որևէ բան չի անում թաքստոցների տեղը մարդկանց ցուցադրելու, իրազեկելու համար: Հիմա եթե ես քննադատում եմ քաղաքապետի ինչ-որ բան չանելը, ես պիտի ենթարկվեմ պատասխանատվության: Կամ եթե այստեղ գրված է` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից մեկը հայտարարում է, որ օրինակ` զորքը չունի զրահաբաճկոն, ենթադրենք, ես ասում եմ` չի կարելի այդպես բան հրապարակել, էլի ես պիտի ենթարկվեմ պատասխանատվության: Չի կարելի, պարոն Քոչարյան, չի կարելի»:

Իշխանական պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց Գևորգ Գորգիսյանի քննադատությանը։ Ըստ նրա՝ ամեն ինչ չէ, որ պետք է ասել պատերազմի ժամանակ, եթե նույնիսկ ճիշտ է. - «Վերջին հաշվով պատերազմի ժամանակ հակառակորդն օգտագործում է բոլոր հնարքները: Ներքին թշնամիներ գտնում են, որովհետև հասարակությունն այդքան բարոյական ամբողջական մի բանի մեջ չի: Գործակալ կոչվածը հիվանդ մարդ է, և իրենք էլ ունեն իրենց գործակալները: Եվ այսօր ես չեմ ուզում բոլորին նայել գործակալների այսպիսի տրամաբանության մեջ, բայց կան մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներից ելնելով, հնչեցնում են տեսակետներ, որոնք վնասում են այսօրվա մեր հաղթանակների վերջնական կերտման գործին»:

XS
SM
MD
LG